Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում

15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը դատապարտում էին փառատոնը եւ սպառնում փառատոնի կազմակերպիչներին՝ Արեւելյան Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող նման կինոնկար ներկայացնելու համար:

Հայաստանի առաջին արտգործնախարար ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի գործադիր պրոդյուսերությամբ, հանրահայտ Սիմոն Աբգարյանի եւ Անժելա Սարաֆյանի գլխավոր դերակատարությամբ եւ Սերժ Թանկյանի ինքնատիպ երաժշտությամբ ստեղծված այս ֆիլմը տուրք է 1915թ. Հայոց ցեղասպանության  ժառանգությանը: (Ֆիլմը բեռնելու եւ այլ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.1915themovie.com): 

Ներկայացնելով ֆիլմը Վանում, Կարին Հովհաննիսյանն անդրադարձել է Թուրքիայի մեկդարյա մերժմանը եւ ասել Հայոց ցեղասպանության մասին իր հզոր խոսքը՝ միեւնույն ժամանակ ճանաչելով քաջությունն այն մտավորականների ու կազմակերպիչների, ովքեր 100 տարի անց նախաձեռնել են նման քննարկում: Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում «Վան» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանն ասել է. «Սա հայոց թագավորության հոգեւոր եւ խորհրդանշական սիրտն է: Այս հողում մենք մեզ օտարական չենք զգում: Մենք կարծես տուն եկած լինենք»: 

Քրդերն, իրենց հերթին, ներողություն են խնդրել հայերից՝ քուրդ եւ թուրք ժողովուրդների անունից: Նույնիսկ պետական հեռուստատեսությամբ նրանք չեն խուսափել «Ցեղասպանություն» բառից եւ հավելել են. «Հուսով ենք, որ կարող ենք այստեղ ունենալ ընդհանուր կյանք: Կուզենայինք, որ անցյալը գոյություն չունենա»: Ամբողջ մի շաբաթ նման տրամադրություններ էին թեւածում Վանում, որտեղ այդ հողի հետ հայկական կապերը ճանաչելու շարժումը լավ թափ առավ: 

«1915»-ը ստեղծվել է ՌԱՀՀԿ-ի եւ ՌՎՎԶ/IDeA հիմնադրամի հետ համագործակցությամբ:

View the embedded image gallery online at:
http://acnis.am/hy/activity/meetings/334-151215#sigFreeIde00f4a3e19