Երեքշաբթի, Հոկտեմբերի 17, 2017

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության մասին

Կարո՞ղ ենք հայ-ռուսական հարաբերություններն անվանել ռազմավարական: Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել են մի շարք միջազգային պայմանագրեր եւ տարբեր ոլորտներում համաձայնեցված իրավական ակտեր: Ստացվում է, որ իրավաբանորեն, այո, ռազմավարական գործընկերություն է: Իրական կյանքում, սակայն, այդպես չէ: Վերցնենք տնտեսությունը, եւ կտեսնենք, որ Հայաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները ռուսական ընկերությունների ձեռքում են: Պաշտպանությա՞ն ոլորտը... Խնդրեմ՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը դարձյալ տնօրինում է ռուսական կողմը: Թուրքիայի եւ Իրանի միջեւ սահմանը վերահսկում են Ռուսաստանի սահմանապահները: Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմակայանի համար Հայաստանն է վճարում Ռուսաստանին եւ ոչ թե հակառակը, ինչպես ընդունված է միջազգայնորեն:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի ներկայիս պարտքը Ռուսաստանին կազմում է ընդամենը 75.1 մլն դոլար: Սա այսօրվա չափանիշներով փոքր գումար է՝ հաշվի առնելով, որ մեր արտաքին պարտքը $ 6.3 մլրդ է: Այսու՝ ՌԴ բոլոր լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչներն անընդհատ պնդում են, որ առանց Ռուսաստանի մենք կկործանվենք: Իսկ թե ինչպե՞ս՝ չի պարզաբանվում:

Ընդհանուր առմամբ՝ Մոսկվան վերջին 20 տարիների ընթացքում տարբեր երկրների (Անգոլա, Նիկարագուա, Վիետնամ, Եթովպիա, Մոնղոլիա, Լաոս, Իրաք, Սիրիա, Ալժիր, Աֆղանստան, Լիբիա, Հյուսիսային Կորեա, Ղրղզստան, Կուբա) 140 միլիարդ դոլար պարտքերը ներել է: Իսկ հիշո՞ւմ եք Հայաստանի 200 միլիոն դոլարի պարտքը, որի դիմաց ձեռք բերեց մեր 4, թե 5 ձեռնարկություն՝ առանց մեկ ռուբլի ներդնելու: Հենց այնպե՛ս: Ռուսաստանը մեր թշնամի Ադրբեջանին՝ այդ մասին շատ է խոսվել, միլիարդավոր դոլարի զենք է վաճառում եւ հայտարարում, թե սա ընդամենը բիզնես է: Ընդ որում՝ մենք իրավունք ունենք բացառապես ՌԴ-ից զենք գնել, իսկ Ադրբեջանը լայնորեն օգտագործում է Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները, եւ նրան կարելի է, Ռուսաստանը չի առարկում:

Միջազգային հարաբերություններում ժամանակ առ ժամանակ Ռուսաստանն առանձին բանակցություններ է վարում մեր թշնամի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ մենք տեղեկանում ենք բանակցությունների արդյունքների մասին միայն մամուլի բաց հրապարակումներից կամ դեպքերի հետագա զարգացումների արդյունքում (2016 թվականի քառօրյա պատերազմը): ՌԴ-ի համար Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի կարեւոր են, քան մենք՝ իր ռազմավարական գործընկերը: Մեր հաշվին եւ ի վնաս մեր ազգային շահի կարելի է լուծել իր խնդիրներն այս տարածաշրջանում:

Այո, յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի արտաքին քաղաքականության եւ տնտեսական գործունեության բոլոր հարցերում: Սրանում չենք կարող մեղադրել Ռուսաստանին: Բայց կարո՞ղ ենք գոնե համարձակվել մեր հարաբերությունները ռազմավարական չհամարելու: Ի՞նչն է պատճառը, որ Ռուսաստանը Հայաստանին վերաբերում է որպես տիրակալ եւ իր հավատարիմ ծառան, ով չի կարող առարկել, կարող է միայն լուռումունջ կատարել Մոսկվայից իջեցվող հանձնարարականները:

Գուցե մեղավորը մեր ղեկավարնե՞րն են, որոնց միակ գաղափարախոսությունը վախն է: Լռել, ծպտուն չհանել, որպեսզի Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը հանկարծ չզայրանան, կամ աշխարհի ուժեղներից մեկը որեւէ բան չասի: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է լուծվեն:

Ցավոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը մշտապես ուղղված է եղել զուտ ծառայելուն՝ անկախ նրանից, թե ում: Միայն թե մեզ ձեռք չտան: Քառօրյա պատերազմը ցույց տվեց այդ քաղաքականության սնանկ լինելը: Մեզ որերորդ անգամ «ձեռք տվեցին», եւ մենք միայն հարյուրից ավելի զինվորների ու սպաների կյանքի գնով փրկվեցինք լիակատար պարտությունից: Արդյունքում՝ կորցնելով տարածքներ եւ ռազմավարական բարձունքներ, ստիպված եղանք Մոսկվայի հրամանով դադարեցնել ռազմական գործողությունները: Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան մեզ հրամայի, պարոնայք: Իսկ ո՞ւր մնացին մեր ազգային շահերը: Սա անհեթեթություն է: Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր հարցերը՝ մեծ թե փոքր, լուծվում են այլոց կողմից: Մեզ բանի տեղ դնող չկա: Հօգուտ ժողովրդի որևէ հարց հրաժարվում ենք ինքներս լուծել, եթե նույնիսկ ինչ-որ մեկի կողմից շահավետ առաջարկ է արվում: Օրինակները շատ են եւ բոլորին հայտնի:

         Այժմ, երբ աշխարհակարգն ամեն ժամ փոխվում է, մենք չենք կարող ետ մնալ այդ գործընթացներից: Քրդական հանրաքվեն, նաեւ՝ Կատալոնիայում անցկացվածը ցույց են տալիս, որ աշխարհը թեւակոխել է զարգացման նոր փուլ: Յալթայի համաձայնագրերը, Հելսինկյան ակտը այլեւս չեն գործում: ՄԱԿ-ն արդեն արդիական չէ: Հայաստանը դեռ չի արթնացել լեթարգիական քնից: Մենք սպասում ենք, թե երբ մեր ապագայի վերաբերյալ բոլոր հարցերը կլուծվեն ցանկացած վայրում, բայց՝ ոչ Հայաստանում: Եվ այդժամ, ինչպես հարյուր տարի առաջ, մենք բուռն կքննարկենք արդիականացված «Վիլսոնի քարտեզը», որտեղ Հայաստանին տեսականորեն էական դեր հատկացված կլիներ, սակայն գործնականում, ինչպես քսաներորդ դարի սկզբում, Հայաստանը կմնա ձեռնունայն:

Այս ամենի ակունքները, թերեւս, հայ ժողովրդի պատմության մեջ են, որը դարեր շարունակ չի ունեցել պետականություն եւ ապրել է այլ ժողովուրդների ու երկրների հովանու ներքո: Ըստ այդմ՝ անկախ նրանից, թե որտեղ ենք հայերս բնակվում, մեր մեջ մշակվել է կայուն հոգեբանություն՝ չխառնվել, զգաստ նստել ու սպասել, թե աշխարհի զորեղներից որ մեկը մեզ կառնի իր թեւի տակ եւ կապահովի մեր անվտանգությունը: Այսօր մենք ընտրել ենք Ռուսաստանը, վաղը կլինի մեկ այլ ուժ: Շնորհակալություն Արցախի ժողովրդին, ով գործնականում, այլ ոչ թե տեսականորեն ապացուցեց, որ դա այդպես չէ:

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am