Ուրբաթ, Դեկտեմբերի 15, 2017

Ազատ ամբիոն

Հայաստանի անորոշ սահմանները

Մի փոքր խոսենք Հայաստանի Առաջին Հանրապետության շուրջ ծավալվող բանավեճի մասին: Երկխոսության հիմնական հարցադրումը հետեւյալն է. արդյոք 1918թ. մայիսի 28-ին ՀՀ-ն հռչակե՞լ է իր անկախությունը, թե՞ ոչ: Երեւի թե պարզ է, թե հակադիր ինչպիսի տեսակետներ կան եւ, իմ համոզմամբ, չարժի դրանք նորից կրկնել: Միայն նշենք, որ առաջին տեսակետը ուռա-հայրենասիրական է, իսկ երկրորդի մեջ Դաշնակցությանը խարազանելու եւ անկախությունը սոսկ թուրքական պարգեւ ներկայացնելու միտում կա: Փորձենք հարցը դիտարկել երկու ծայրահեղություններից անդին՝ ինչ-որ չեզոք տիրույթում:

Հայաստանը անկախություն ձեռք կբերե՞ր, եթե Թուրքիան դեմ լիներ դրան: Իմ համոզմամբ՝ այո՛, անկախությունն այդ շրջանում այլընտրանք չուներ, նույնիսկ, եթե Թուրքիան սկզբունքորեն դեմ լիներ, միեւնույն է, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը անկախանալու էին: Այլ խնդիր է, որ Թուրքիան կողմ էր այդ անկախությանը, ավելին՝ ինքն էր պնդում, որ երկրներն այդ անկախանան: Այդ դեպքում ինչո՞ւ անկախությունը ներկայացնենք որպես թուրքական պարգեւ, այլ ոչ թե շահերի համընկնում: Իսկապես, դա շահերի ու հանգամանքների համընկնում էր: Իսկ եթե Թուրքիան դեմ լիներ, ապա ի՞նչ պետք է աներ, երկրորդ արշավա՞նք: Չեմ կարծում, ռեսուրսներ այլեւս չկային: Դա հասկանում էին նաեւ թուրքական իշխանությունները եւ անկախանալու գործընթացը խոչընդոտելու որեւէ քայլ չարեցին, բայց հեռահար ծրագիր ուրվագծեցին՝ հարմար առիթի դեպքում վերադառնալ ու գրավել այդ տարածքները: Ինչպես տեսանք, հարմար առիթն այդպես էլ չեկավ, զի Թուրքիան ջախջախվեց աշխարհամարտում, եւ զինադադար կնքեց: Ի՞նչ վատ բան կա այս ամենի մեջ. երբ շահերն ու հանգամանքները համընկնում են, ապա պետք է շնորհակալ լինել նախախնամությանը: Նույնիսկ եթե անկախությունը դիտարկենք որպես թուրքական պարգեւ, ապա պետք է շնորհակալ լինենք թուրքերին, քանի որ նրանց ջատագովությունը այդ պահին եւ հետագայում չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ հայերի համար: Ստորեւ կտեսնենք, թե ինչ նշանակության մասին է խոսքը, իսկ հիմա եւս մեկ անգամ կրկնենք, որ դա պարզապես պարգեւ չէր:

Շատերը նշում են, որ մայիսի 28-ին Հայաստանը չի հռչակել իր անկախությունը: Համանման ձեւակերպումը թյուրընկալումների պատճառ է դառնում: Այո՛, հրապարակված տեքստում «անխախություն» եւ «հռչակել» բառերը չեն հիշատակվում, բայց Հայաստանը փաստացի անկախանում է: Այդ իսկ պատճառով մի կողմը պնդում է, որ հռչակվել է, իսկ մյուս կողմը՝ թե չի հռչակվել: Իմ համոզմամբ՝ սա անլուրջ բանավեճ է. այն իր մեջ տաֆտալոգիայի չափազանց մեծ բաղադրիչ ունի, քանի որ միաժամանակ երկու կողմերն էլ եւ՛ ճիշտ են, եւ՛ սխալ են: Ե՛վ հռչակվել է, եւ՛ չի հռչակվել: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանն անկախացել է, եւ այդ անկախությունը մի փոքր ավելի ուշ իրավական ձեւակերպում է ստացել:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայիսի 28-ի տեքստում իրավականորեն չի ձեւակերպվել: Հարցին կարելի է նայել անձի երկվություն ունեցող մարդու դիտանկյունից: Լրագրող, ասֆալտներին պառկող ու փողոց փակող միջին վիճակագրական Կարպիս Փաշոյանը քննադատաբար է մոտենում այդ փաստին՝ համարելով այն որպես անպատիվ քաղաքական վարքագիծ: Ճիշտ է անում: Իսկ պատմագիտության մեջ մասնագիտանալու փորձ անող Կարպիս Փաշոյանը ենթադրում է, որ ստեղծված քաղաքական խառնակ պայմաններում քաղաքական վերնախավը դրսեւորել է զգուշավորություն եւ փորձել է չշտապել՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ռուսական կայսրության կործանման ցնցակաթվածը եւ թուրքական կործանարար արշավանքների սպառնալիքը դեռեւս հաղթահարված չեն, իսկ մյուս կողմից էլ՝ մոտ չորս տարի տեւող նախադեպը չունեցող պատերազմում դեռեւս պարզ չէ, թե որ ռազմաքաղաքական խմբավորումը պետք է հաղթի, Հարավային Կովկասում էթնոքաղաքական տեսանկյունից իրավիճակը չափազանց սրված է, իսկ իրենք դեռեւս ո՛չ հասկանում են, թե ինչ է կատարվում եւ ո՛չ էլ փորձ ունեն երկիր կառավարելու ու ինստիտուտներ ստեղծելու: Պատմագիտության մեջ մասնագիտացողի կարծիքն էլ կարծես թե սխալ չէ եւ ամենակարեւորը չի մարտնչում ասֆալտի վրա պառկողի կարծիքի հետ, քանի որ, անկախ ամեն ինչից, անկախությունը որպես իրողություն գործարկված փաստ էր:

Եթե անկախություն բառի չհիշատակումը կարող ենք դիտարկել որպես արդարացված զգուշավորություն, ապա հենց այդ նույն տեքստում կա մի կոպտագույն բացթողում, որն արդեն իսկ զգուշավորության հետ կապ չունի, այլ անփորձության ու անպատասխանատվության արդյունք է: «Նկատի ունենալով, որ Վրաստանի եւ Ադրբեջանի անկախության հռչակումով՝ լուծվում է Անդրկովկասյան դաշնակցությունը (սեյմը), Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում կառավարման գործառույթները հայկական գավառների նկատմամբ»: Ի՞նչ է նշանակում հայկական գավառներ: Տեքստի հենց այս անորոշ ձեւակերպումը պետք է խիստ քննադատության ենթարկվի, այլ ոչ թե՝ անկախություն բառի բացակայությունը: Անկախության մասին զգուշավոր տեքստ ասելը ներելի է, բայց երբ վարչական տեսանկյունից հստակ չես ձեւակերպում, թե որտեղ ես անկախանում, ապա քո անկախությունը դարձնում ես խոցելի ու անորոշ:

Հայկական գավառներ ասվածը չափազանց լայն հասկացություն է, դրա տակ կարելի է հասկանալ նաեւ ամբողջ Մեծ Հայքը, ինչու չէ` նաեւ Փոքր Հայքի տարածքը: Անկախության գործընթացն առաջնորդող ուժը պարտավոր էր նշել հենց այն վարչական սահմանները, որոնց տիրույթում նա ի վիճակի կլիներ քաղաքական գործունեություն ծավալել եւ ռազմական ներկայություն ապահովել: Ասվածից չի կարելի ենթադրել, թե այդ դեպքում 12 հազարի փոխարեն հանրապետությունն ավելի մեծ տարածք կզբաղեցներ, միգուցե ոչինչ էլ չփոխվեր, բայց գոնե թղթի վրա կլինեին նոր ձեւավորվող պետության հստակ սահմանները, եւ Առաջին աշխարհամարտի ավարտից ու Թուրքիայի պարտությունից հետո Դաշնակցական կառավարության իշխանությունը կտարածվեր հենց այդ կոնկրետ տարածքի վրա: Բայց, ի հակադրության այս ամենի, Հանրապետությունն իր գոյության ամբողջ ընթացքում հստակ սահմաններ չունեցավ ու առաջնային պլան մղեց Սեւրի պայմանագրի կեղծ օրակարգը եւ Արեւմտյան Հայաստանի վերադարձի փոխարեն, կորցրեց նաեւ Արեւելյան Հայաստանի զգալի մասը:

Հնարավոր է՝ վերոհիշյալ մտորումները հանդիպեն սուր քննադատության, եւ առաջնային հիմնավորումն այն կլինի, թե ինչպես սահմանել կոնկրետ սահմանագիծ, երբ մի կողմից Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար օկուպացնում են Ջավախքն ու Ղարաբաղը, իսկ դրան հաջորդում է թուրքական արշավանքը դեպի արեւելք:

Որքան էլ տարածքները օկուպացվեն, եթե ստեղծման պահին պետությունը հստակ սահմանում է իր տարածքային ամբողջականության շրջանակները, ապա սահմաններն այդ վերածվում են իրավական իրողության: Միայն այդպես հնարավար կլինի օկուպանտին դուրս շպրտել արդեն իսկ տարածքային ամբողջականության անքակտելի մաս կազմող, բայց օկուպացված շրջաններից: Պարզապես պետք է գծված քարտեզը խելամիտ սահմաններում լինի, այլ ոչ թե վերցնել ու անորոշ հայտարարություն անել, որ մենք պետություն ենք հռչակում հայկական բոլոր գավառների վրա:

Հենց այս սխալը պետք է դիտարկվի որպես հիմնական քննադատության թիրախ, քանի որ դա է ամենաէական բացթողումը: Դեպի անկախություն գնացող էթնիկ խումբը պետք է գիտակցական մակարդակում հստակ պատկերացնի, թե որոնք են իր նորաստեղծ պետության սահմանները: Ի դեպ, այս խնդիրն ավելի քանի 600 տարի ուղեկցել է հայ ժողովրդին: Այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկումից եւ վրացական կարճատեւ տիրապետությունից հետո Հայաստանը՝ որպես վարչաքաղաքական համակարգ, ամբողջությամբ կազմաքանդվում եւ տարրալուծվում է ընդհանրական զանգվածի մեջ: Ասվածի վառ ապացույցն է, որ Օսմանյան տիրապետության շրջանում արդեն գործածական են դառնում հայկական կամ էլ հայաբնակ գավառներ հասկացությունները: Հայաստան բառը հազվադեպ է հանդիպում, այն էլ խիստ անորոշ է, թե վարչաքաղաքական իմաստով ի՞նչ է ենթադրում այդ բառը: Գրեթե նույն իրավիճակը առկա էր նաեւ Արեւելյան Հայաստանում, որտեղ վարչաքաղաքական անորոշության հիմնախնդրին գումարվել էր նաեւ ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակը, այն է՝ հայերը աստիճանաբար դառնում էին փոքրամասնություն: Բանն այն է, որ աշխարհիկ իշխանության ամբողջական ոչնչացումից ու ինքնաոչնչացումից հետո Հայաստանի տարածքում տիրապետող դարձավ Էջմիածնի աստվածապետությունը կամ էլ հայկական Վատիկանը, որը Հռոմեական սրբազան կայսրության օրինակով սահմաններ չունեցող անսահմանության մեջ սահմանափակված ինչ-որ միավոր էր: Այս հանգամանքը նույնպես նպաստեց, որ Հայաստան վարչաքաղաքական միավորն անէանա:

Ընդհանրապես՝ վարչաքաղաքական համակարգը նույնիսկ անկախության բացակայության պայմաններում էթնոսի բնականոն գոյության ու զարգացման վճռական նախապայմաններից մեկն է, ինչպես նաեւ այն հիմքը, որի վրա հետագայում պետք է վերստեղծվի անկախությունը: Օրինակ՝ Բյուզանդական տիրապետությունը մշտապես իրականացրել է Հայաստանի վարչաքաղաքական համակարգի ոչնչացման քաղաքականություն: Դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ 7-րդ դարում հայերը սպարապետ Թեոդոր Ռշտունու գլխավորությամբ նախընտրեցին արաբական տիրապետությունը, որը երաշխավորում էր վարչաքաղաքական համակարգի ամբողջականությունը: Իսկ բյուզանդացիները ոչնչացնում էին այդ կառույցը: Հենց քաղաքական ճիշտ ընտրությունն էլ դարձավ այն հիմնայունը, որի վրա 885թ. վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Ի դեպ, նախկինում Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանը դադարեց հայկական լինել, քանի որ վարչական տեսանկյունից այն տարրալուծվել ու ասիմիլյացվել էր: Ի դեպ, Բյուզանդիան այդ նույն քաղաքականությունը շարունակեց նաեւ Բագրատունյաց թագավորության նկատմամբ, ինչը, ինչպես նկարագրեցինք վերեւում, կործանարար նշանակություն ունեցավ: Այսինքն՝ հողի վրա ու մարդկանց գիտակցության մեջ հստակ ամրագրված չէր, թե ինչ է նշանակում Հայաստան:

Իրավիճակը մի փոքր շտկվեց Ռուսական տիրապետության պայմաններում: Թուրքմենչայի պայմանագրից հետո ստեղծված Հայկական մարզը կարեւոր նշանակություն ունեցավ, որպեսզի գոնե մոտավոր ճշգրտվի հայերի վարչաքաղաքական համակարգը: Չնայած ռուսներն էլ պարբերաբար փորձել են տարրալուծման քաղաքականություն իրականացնել, բայց այդ փորձերը ոչ միշտ են հաջողության հասել: Հայկական մարզի վերացումը ասվածի վառ ապացույցն է: Անշուշտ, Հայկական մարզը, այնուամենայնիվ, դարձավ վարչաքաղաքական այն սյունը, որի հիմքի վրա ստեղծվեց Առաջին Հանրապետությունը: Բայց այդ հիմքային իրողությունը չձեւակերպվեց որպես հստակ իրավական ձեւակերպում եւ արդյունքում ՀՀ-ն իր գոյության ամբողջ ընթացքում գոնե իր համար այդպես էլ չհստակեցրեց, թե որոնք են պետության սահմանները: Դրանք ուրվագծվեցին ինքնաբերաբար եւ հստակեցվեցին արդեն Հանրապետության անկումից հետո:

Վարչաքաղաքական համակարգի պահպանման տեսանկյունից չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ Խորհրդային տիրապետությունը: Այս դեպքում հայերը պետք է շնորհակալություն հայտնեն Վ. Lենինին, որը խիստ քննադատության ենթարկեց Ի. Ստալինի առաջ քաշած մոդելը եւ պաշտպանեց առանձին հանրապետությունների միութենական դաշինքի համակարգը: Սա հնարավորություն տվեց հայերին պահպանել Առաջին Հանրապետությունից ժառանգած վարչական համակարգը, որը փոխակերպվեց Խորհրդային Հայաստանի: Հենց այս բազիսային հիմքի վրա էլ 1991թ. հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ արդի Հայաստանը Հայկական մարզի, Առաջին Հանրապետության եւ Խորհրդային Հայաստանի վարչաքաղաքական ժառանգորդն է: Եթե չլիներ վարչաքաղաքական այս շարունակականությունը, ապա ներկայումս հայերը կապրեին քրդերի կամ էլ՝ Իսլամական պետության կարգավիճակով: 

Կարպիս Փաշոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am