Հինգշաբթի, Նոյեմբերի 23, 2017

Խմբագրական

Ստվերի դեմ` ստվերի միջոցով. ՀՀ վարչապետի նոր գոհարները

Նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիս տվեց: Ի թիվս այլ հարցերի՝ հնչեց բավական տեղին մի հարց. ինչպե՞ս է Կարապետյանը մտնում իշխող Հանրապետական ​​կուսակցություն, որը երկրի տնտեսությունը հասցրել է այսպիսի անմխիթար վիճակի:

Հասկանալի է, որ Կարապետյանը չի կարող պատասխանել նման հարցի. նա հո չի՞ ասի, որ այդ պաշտոնին բերվել է, որպեսզի փրկի այդ կուսակցությունը: Անհասկանալին այլ բան է. Կարեն Կարապետյանի ինչի՞ն էր պետք իր վարչապետության արշալույսին հայտարարեր, որ երկրի բոլոր խնդիրները զուգադիպում են «ստվերի» հետ, եւ որ առանց ստվերային տնտեսության վերացման, «երկիրը երկիր չի դառնա»: Ի վերջո, այն ժամանակ կարելի էր գտնել վարչապետի պաշտոնում հայտնվելը հիմնավորելու այլ բանաձեւ: Ասենք՝ այնպես, ինչպես արեց նշվածն ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ «դեռ հայտնի չէ, թե մեկ այլ իշխող կուսակցություն ինչ վիճակի կհասցներ երկիրը` միջազգային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի ներկա պայմաններում»: Բայց այն ժամանակ նա այդպես չվարվեց: Ուրեմն՝ Հայաստանի քաղաքական իրողությունները նրան փոքր-ինչ այլ լույսի տակ էին պատկերանում: Մասնավորապես`բոլոր խնդիրները կապվում էին ոչ թե իշխող կուսակցության, այլ ստվերային տնտեսության հայտնի գործամոլների հետ, որոնք այն ժամանակ հաստատված էին կուսակցության եւ կառավարության մեջ: Ըստ երեւույթին, այդ գործամոլներին կուսակցությունից ու կառավարությունից հեռացնելը բավարար էր համարվում երկիրը «ստվերից» դուրս բերելու համար: Այս մամլո ասուլիսում վարչապետը բերանից ինչ-որ ակնարկ թռցրեց. իբր, կարեւորն այն է, թե ում ձեռքում է գտնվում կուսակցությունը, այլ ոչ թե ինքը՝ կուսակցությունը: Այստեղ էլ երեւաց վարչապետի կեղծավորությունը:

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը մեկ տասնամյակից ավելի ստվերային բիզնեսի եւ երկրի խոշոր կոռումպացված պաշտոնյաների ու գործամոլների կենտրոնն է: Վերջիններիս համար այս կուսակցությունը, բացի «խոշոր սեփականատերերի ակումբ» լինելուց, որեւէ այլ նշանակություն չունի: Արդեն 2006 թվականին, Հայաստանում իշխանությանն ամբողջովին տիրանալու նպատակով, Հանրապետականն իր շարքերում հավաքեց գրեթե բոլոր խոշոր սեփականատերերին`Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Կամ, ավելի շուտ, ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ խոշոր սեփականատերերի հետ միասին հափշտակեցին այս կուսակցությունը եւ, ոչ մի արգելքի չնայելով,  բռնազավթեցին երկրում պետական ​​իշխանության բոլոր լծակները: Ընդ որում՝ որոշվեց նաեւ «սեփականատերերի ակումբի» քաղաքական ոճը`բացահայտորեն ապավինել Ռուսաստանի հովանավորությանը: Հենց այդ ժամանակ էլ Հայաստանում ձեւավորվեց քաղաքական եւ տնտեսական քվոտաների ու իշխանությունը բռնագրաված խոշոր սեփականատերերի միջեւ ազդեցության ոլորտների բաժանման պրակտիկան: Այդ ժամանակ երկրում տեղի ունեցավ կապիտալի եւ իշխանության լիակատար սերտաճում, որը եւ երկրի տնտեսությունը մղեց «ստվեր»:

Չգիտե՞ր Կարեն Կարապետյանն այդ իրողությունների մասին: Չէր կարող չիմանալ: Այդ պարագայում «ստվերի դեմ պայքարի» նրա կարգախոսը կարող էր միայն մեկ բան նշանակել՝ վերացնել այդ կուսակցությունը եւ նրա հետ էլ՝ ստվերային տնտեսությունը: Գուցեեւ ունեցել է նա այդպիսի միամիտ նպատակ: Բայց իրականում այդ կուսակցության մեջ մտնելով՝ Կարեն Կարապետյանը սոսկ ռոտացիայի ենթարկեց ստվերային բիզնեսի գործամոլներին: Որոշիչ դեր ունեցող դեմքերի կարգավիճակը փոխվեց, սակայն ստվերային համակարգը մնաց եւ ձեռք բերեց ամուր ծածկույթ: Մնում է միայն զինվել նոր կարգախոսով՝ Հայաստանի բոլոր դժբախտությունները միջազգային հովերից են` ֆինանսական ճգնաժամ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, ռազմաքաղաքական անկայունություն եւ այլն:

Իսկ Հանրապետական կուսակցությանը դեռ պետք է գովաբանել, որ երկիրը չի քանդվել: Ինչպես տեսնում ենք, այս երկրում ոչինչ չի փոխվել: Այնքան էլ սիրուն չէ, երբ այս հանգամանքը համառորեն թաքցնում են խելացի եւ կիրթ պաշտոնյաները: