Ուրբաթ, Դեկտեմբերի 15, 2017

Խմբագրական

Ինչի՞ համար էր Լավրովի պերճաշուք այցը Բաքու եւ Երեւան

Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները երեք օրվա ընթացքում (նոյեմբերի 19-21) ուշադիր հետեւում էին այդ երկրներ այցելած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գործողություններին եւ խոսքերին: Բաքվում նահատակների ծառուղի ու Երեւանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցերի ժամանակ նրա շքեղ պահվածքը լիովին համապատասխանում էր Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մասով իր գնահատականներին ու հայտարարություններին: Արդյունքում՝ բոլորի մեջ տպավորվեցին միայն Լավրովի այն հայտարարությունները, որ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում աշխատում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ, եւ որ կարգավորման բաղադրիչները ձեւակերպված են փաթեթում, որից դժվար է մեկը կամ երկուսը վերցնել ու որպես հիմք առաջարկել, քանզի հավասարակշռող մյուս բաղադրիչները դուրս կմնան: Եվ, ընդհանրապես, պետք չէ սպասել շուտափույթ կարգավորման, քանի որ խնդիրը շատ բարդ է: Եվ այս կապակցությամբ Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ խորհրդակցելու է՝ հասկանալու համար, թե ինչպես վարվել հետագայում:

Ի՞նչ կարող էր այս ամենը նշանակել, եթե հաշվի առնենք, որ վերջերս Ադրբեջանը պնդում է ամեն գնով արագացնել կարգավորման գործընթացը, իսկ Թուրքիան՝ ի դեմս այդ երկրի նախագահի, չի դադարում պնդել, որ ղարաբաղյան խնդիրը, իր պատկերացմամբ, միայն Ռուսաստանը կարող է լուծել: Սա կարող է նշանակել, որ Ռուսաստանը բոլորին հասկանալ է տվել, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Այսինքն՝ Ղարաբաղում չկա առանձին ռուսական քաղաքականություն, եւ բոլոր խնդիրները մի քիչ այլ կերպ են լուծվում: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մշտական սիրախաղեր տալով հանդերձ՝ կարգավորման վերմակն իր կողմը քաշելու՝ Ռուսաստանի անթաքույց ջանքերի խորապատկերին այս հայտարարությունները մի տեսակ տարօրինակ են հնչում: Ուրեմն դրա համար պետք է որ ծանրակշիռ պատճառներ լինեն: Պատճառներ իսկապես կան: Լավրովը կատարեց հիշյալ երկրներին տեղեկացնելու իր այն առաքելությունը, որ չկա առանձին ղարաբաղյան խնդիր՝ կա տարածաշրջանային բոլոր հիմնահարցերի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունների մի ամբողջ փունջ: Այնուհետեւ ծանուցման առաքելությունն անցավ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին: Նա սկսեց տարածաշրջանի նախագահներին հերթով կանչել Սոչի:

Նոյեմբերի 23-ին Սոչիում տեղի ունեցավ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էր այցելել Սոչի: Նոյեմբերի 20-ին ՎլադիմիրՊուտինի հեռախոսազրույց ունեցավ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, իսկ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հանդիպեց ԱՄԷ թագաժառանգ Աբու Դաբիի Մուհամմեդ Ալ Նահայանին: Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահը խոսեց Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Իսրայելի առաջնորդների հետ: Հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները  վկայագրեցին երեք երկրների համագործակցությունը շարունակելու իրենց վճռականությունը՝ ի շահ Սիրիայում խաղաղության եւ կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան: Պետության ղեկավարները «հաստատեցին իրենց անվերապահ համախոհությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը բոլորի գիտակցությանը հասցրեց սոսկ այն, ինչի առնչությամբ 2017թ. նոյեմբերի 11-ին համաձայնություն էին ձեռք բերել ԱՄՆ նախագահի հետ վիետնամական Դենանգում կայացած՝ ԱԽՏՀ գագաթաժողովի ժամանակ: Այդ համաձայնագրում նախագահները վերահաստատել էին «իրենց համախոհությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը եւ աշխարհիկ բնույթին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի»: Ամենայն հավանականությամբ, նաեւ համաձայնության էին հասել տարածաշրջանում բազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Եվ այս մասին ծանուցելու գործը հանձնարարվել էր Պուտինին: Ահա եւ վերջ:

Հատուկ պնդաճակատների համար ծանուցումների շրջափուլն ավարտին հասցրեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է, որ «քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը մեզ անհանգստացնում է: Պարզ է, որ ռազմական լուծում չկա, եւ ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում դրա լուծման մեջ»: Որոշումը կայացնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Նկատելի է, որ բոլորն «ամեն ինչ»  հասկացան՝ որքան էլ դառը լիներ դա շատերի համար, բայց ոչ ոք չի ուզում կատակել Թրամփի հետ: Միայն Թուրքիայի նախագահի դառնությունն էր մնացել, որը բացականչեց. «Ես մեկ անգամ եւս կոչ արեցի ՌԴ նախագահին՝ ուշադրություն դարձնել հինգ շրջանների վերադարձի հարցին, քանի որ միայն Ռուսաստանը կարող է լուծել այդ խնդիրը»: Մարդը չի հանձնվում: Դե, իսկ Ադրբեջանին այլ բան չի մնում, քան անցկացնել հերթական զորավարժությունները՝ համաշխարհային քաղաքականության մեջ լավ ժամանակների սպասումով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am