Ուրբաթ, Դեկտեմբերի 15, 2017

Հարցազրույց

Աշոտ Ոսկանյան. «Եղիշե Չարենցի համար պայծառ գալիքը միշտ էլ հանրային և աշխարհի բախտի հետ շաղկապված գալիք է եղել»։

- Պարոն Ոսկանյան, վերջին ժամանակներս Եվրոպայում աճում է ազգային պետությունների վերահաստատման միտումը եւ ապագայում հնարավոր է՝ այդ միտումն էլ ավելի ուժգին դրսեւորվի: Ինչպիսի՞ փուլում է Հայաստանը ազգային ինքնության ընկալման տեսանկյունից եւ ինչքանո՞վ է համընթաց շարժվում Եվրոպայի հետ՝ նաեւ այս վերջին զարգացումների համատեքստում:

- Այո, այդպիսի միտում կա։ Ես դա դիտարկում եմ ընդհանուր տարրապատկերի մեջ, որովհետեւ, եթե առաջ քաղաքական ուժերը բաժանող գիծն անցնում էր սոցիալական արդարությունը  և ազատականությունը շեշտադրող հայացքների միջև, ապա այսօրվա գրեթե բոլոր քաղաքական ուժերի տարանջատման բևեռներն են ունիվերսալիզմը, որն ուզում է ապագայի աշխարհը տեսնել ավելի միասնական և ընդհանուր կանոնների ենթարկված, և պարտիկուլարիզմը, որն ավելի շատ տեղ է տալիս ժողովուրդների պատմականորեն ձևավորված յուրահատկություններին, իսկ դրանց պահպանման երաշխիքը տեսնում է ազգային պետության մեջ: Պարզապես ընդհանրացնող, համահարթող շարժը շատ արագ է ընթացել եւ այսօրվա ընդվզումը բնական ռեակցիա է դրա դեմ։ Շատ են դեպքերը, երբ մարդիկ դիտելով միջազգային կազմակերպությունների և այլևայլ վերպետական կառույցների բյուրոկրատների անտարբեր գործողությունները, հասկանում են, որ կորցնելու բան ունեն եւ ձեռնամուխ են լինում իրենց ազգային պետականության ուժեղացմանը: Վերջին զարգացումները պետք է այս ծիրում դիտել։ Բայց կարծում եմ, որ դա էլ ժամանակավոր է, որովհետեւ համընդհանուր, գլոբալ գործընթացներն ընդհատել հնարավոր չէ։ Դրանք շարունակվելու են եւ, իհարկե, ճիշտ կլինի, որ այդ ընթացքներին թափ հաղորդող մարդիկ գիտակցեն դրանց բարդությունը, յուրացնեն բացասական փորձից եկող դասերը եւ գործեն շատ ավելի զգուշ և պատասխանատու։ Այլապես, այդպիսի շռնդալից թափով առաջ ընկնելով, անում են բաներ, որոնք լայն հասարակայնության կողմից չեն ընդունվում: Կատալանին դուր չի գալիս, երբ որոշումներն առանց իրեն հարցնելու Մադրիդում են կայացնում, լեհերը կամ հունգարացիները նույն պատճառով կասկածով են նայում Բրյուսելին և այդպես շարունակ։ Դա ռեակցիա է նրա դեմ, որ հաճախ, խոսելով համամարդկային արժեքների մասին, մոռանում են, որ ազգային տարրերը կազմում են նաև այդ համընդհանուր արժեքների ատաղձը։ Այսքանով հակազդեցությունը նորմալ է:

Վտանգն այլ տեղ է՝ ազգային ինքնուրույնության և անկրկնելիության մշտական և միալար շեշտադրումը հանգեցնում է գավառականության։ Որքան շատ ենք ասում՝ մերը, մերը, մերը… այնքան ավելի գավառական ենք դառնում։ Ուրեմն, «մերը» հիշելով, չպետք է մոռանալ ընդհանուրի մասին: Առավել ևս, որ մեր պատմությունը այդպիսի լայնախոհության լավ օրինակներ է տալիս։ Ահա դրանցից մեկը։ Երեկվա դասախոսությունս համալսարանում վերաբերում էր հայոց Ոսկեդարին՝ հայ մշակույթի ծաղկմանը 5-7-րդ դարերում: Ես փորձում էի ցույց տալ, թե հայոց ինքնության ձեւավորման այդ կարևորագույն փուլում ինչ էական դեր է խաղացել թարգմանության սկզբունքը։ Խոսքս ոչ թե պարզ, տեխնիկական թարգմանության մասին է (նույնիսկ Աստվածաշնչի կամ այլևայլ փիլիսոփայական տեքստերի), այլ նախ և առաջ՝ մշակույթի ներքին յուրացման: Առանց համաշխարհային մշակույթի, ունիվերսալ արժեքների յուրացման առաջընթաց չենք ունեցել և չենք ունենա: Արդի աշխարհում նշածս երկու հակադիր միտումներն էլ առկա են, եւ կարծում եմ, որ երկուսն էլ շարունակվելու են:

Գալով Հայաստանին, պետք է ասեմ, որ մեզանում, ցավոք սրտի, նկատվում է որոշակի լճացում, ավթարկիայի պես մի բան։ Երբեմն տարօրինակ զգացողություն եմ ունենում. մեր հասարակությունը մի կողմից՝ ոչինչ չունի, մյուսից՝ կարծես թե ոչինչ էլ չի ուզում։ Սա հաստատ այն վիճակը չէ, որ նկատի ունեցել դասականը, գրելով «Մենք ենք, մեր սարերը»։ Դժվարանում եմ չափել մեր հանրային կյանքը վերն արծարծված երկու միտումներից որևէ մեկով, քանի որ մենք, ցավոք սրտի, ոչ մի կերպ չենք ուզում բարձրանալ այսօրվա համաշխարհային ընթացքների մակարդակին եւ խոսել այդ մակարդակից ելնելով:

- Նոյեմբերին ստորագրվելու է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Արդյո՞ք Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ինտեգրվել եվրոպական ընտանիքին՝ թե՛ որպես արժեհամակարգային, մշակութային ամբողջություն, թե՛ ժողովրդավարության տեսանկյունից՝ նաեւ հաշվի առնելով մյուս կարեւոր ասպեկտները (տնտեսական, քաղաքական եւ այլն): Թե՞ մենք, այնուամենայնիվ, ավելի մոտ ենք ԵԱՏՄ մոդելի երկրներին:

 - Ինտեգրման տարբեր մակարդակներ կան: Իհարկե, խոսքը Հայաստանի սերտաճման մասին չէ, ենթադրենք, Եվրոպական միության հետ: Դա շատ խորն ինտեգրում կլիներ։ Եթե նույնիսկ Եվրոպան համաձայներ, Հայաստանը ոչ միայն պատրաստ չէ, այլեւ մեծ ցանկություն էլ չունի այդ ուղղությամբ գնալու: Դեռեւս 2007թ. ես մի հոդված գրեցի` «Հայ անհատը եւ նրա հասարակությունը», որի հատվածներից մեկը կոչվում էր «Ու՞ր ենք գնում, ո՞ւր չենք գնում»: Այն ժամանակ ցավով նշել էի, որ մենք Եվրոպա հաստատ չենք գնում, եւ ոչ թե այն պատճառով, որ դեռեւս չենք հասել, այլ նախ և առաջ, որ շատ դեպքերում եվրոպական պատկերացումները մերը չենք համարում: Եթե անցած տարիներին ինչ որ բան փոխվել է, ապա միայն Եվրոպայից ավելի օտարանալու ուղղությամբ։ Ինձ համար անկասկած է, որ եվրոպական ինտեգորւմն անհրաժեշտություն է (տասնամյակներ շարունակ դրանով եմ զբաղվել), բայց պետք է իրատես լինենք և կարողանանք որոշել հնարավոր ինտեգրման չափը։  Լավ կլինի, իհարկե, որ գոնե հիմա՝ Եվրասիական միության անդամ լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ, Եվրոպայի հետ մեր հարաբերություններում ավելի բարձր մակարդակ ապահովենք։ Դրա հնարավորությունը նոր պայմանագիրն անկասկած տալիս է:

Ինչ վերաբերում է «եվրասիական արժեքներին», վստահ չեմ, որ  ԵԱՏՄ անդամ երկրներն ինչ որ ընդհանուր արժեհամակարգ ունեն: Եթե, իհարկե, այդպիսին չհամարենք հակաարևմտականությունը և այսպես կոչված պահպանողականությունը, որը նախ և առաջ պայմանավորված է իշխող էլիտաների՝ սեփական իշխանությունը պահպանելու ձգտումով։ Դա ավելի շուտ քաղաքական կոնյունկտուրայի խնդիր է:

-Ինչպիսի խորքային պատճառներ ունի գենդերային անհավասարությունը Հայաստանում: Նկատի ունեմ կանանց դերը մասնավորապես երկրի կառավարման գործում պատմականորեն սահմանափակված է եղել, ինչը մինչ օրս էլ այդպես է:

- Գենդերային հարցը շատ կարեւոր է, բայց ես դա չէի հանգեցնի կառավարման մեջ կանանց դերին: Նախ, մեզանում էլ բավականաչափ իշխանավոր կանայք կան` նախարարներ, պատգամավորներ եւ այլն: Մյուս կողմից՝ կանանց բուն ներկայությունը իշխանության օղակներում դեռեւս չի խոսում գենդերային հավասարության մասին: Այդ առումով Արևելքը շատ հետաքրիր օրինակներ է առաջարկում: Գիտենք, որ շատ ասիական երկրներ` Հնդկաստանը, Պակիստանը եւ ուրիշներ երկար ժամանակ կին նախագահներ են ունեցել։ Բայց դա քիչ կապ ունի գենդերային հավասարության հետ։ Խնդիրն այստեղ առաջին հերթին զորեղ ընտանիքների կամ կլանների մրցակցությունն է՝ մեծ և հանրաճանաճ ընտանիքը չի ցանկանում կորցնել քաղաքական իշխանության լծակները, և եթե անհրաժեշտ պահին կառավարման ղեկը ստանձնող հարմար տղամարդ չկա, այն փոխանցվում է ընտանիքը ներկայացնող կնոջը, լինի դա Բենազիր Բհուտտոն, Սոնյա Գանդին կամ ուրիշ մեկը: Այսինքն՝ կառավարման լծակների մոտ կնոջ հայտնվելը հասարակության մեջ արմատական փոփոխություններ չի առաջացնում: Շատ ավելի կարեւոր է կնոջ նկատմամբ հանրային վերաբերմունքը։ Այստեղ իրական բարդություններ կան՝ ընտանիք, աշխատավայր, աշխատավարձ եւ այլն: Սրանք խճողված խնդիրներ են, արմատներն ավելի խորն են, և այդ հարցերը մշտական ուշադրություն են պահանջում:

- Ձեր գրքի շնորհանդեսին խոսվեց Չարենցի՝ իր վճռականության մեջ միայնակ այդ մարդ-անհատի հեղափոխական գաղափարների մասին: Ինչքանո՞վ են այդ գաղափարները հրատապ մեր օրերում: Այսինքն՝ եթե համեմատական անցկացնենք ներկայի ու անցյալի միջեւ, արդյո՞ք պետք է Չարենցը մեզ դաս լինի հասարակության միատարրությունը կոտրելու գործում, թե հասարակությունը կուլ է տալու այդ հեղափոխական, ոչ ստանդարտ մտածողությանը:

- Ես համոզված եմ, որ Չարենցի ժառանգությունն ակտուալ  է մնում, դրա համար էլ գիրքն անվանել եմ «Չարենցի ժամանակը», որը նախ և առաջ նկատի ունի Չարենցին անդրադառնալու, Չարենց կարդալու ժամանակը: Հույս ունեմ, որ Չարենցի ներդրած ջանքն այսօրվա ճահճին կուլ չի գնա: Չարենցի պատգամն այսօրվաններիս նրա ինքնահաղթահարման ճիգն է, մշտապես առաջ շարժվելու նրա զարմանալի ունակությունը։ Բայց, ես չէի խոսի Չարենցի մենակության մասին։ Չարենցը հեղափոխության, զանգվածների ընդվզման ծնունդ է և իրեն չափել է այդ զանգվածներով։ Նրա կամքը համայնական է։ Իսկ այն ժամանակ, երբ ստալինյան տոտալիտարիզմը վերջանականապես քայքայեց խորհրդային հասարակությունը, քայքայվեց նաև Չարենցի ընթացքը։ 

Հայերս սիրում ենք խոսել մեր միայնության մասին։ Կարծեմ «վճռական մենակ» ձևակերպումը Նժդեհին է պատկանում։ Մեզ մենակ զգալու առիթներ իսկապես ունեցել ենք` Ավարայրից մինչ մեր օրերը։ Երբեմն պարտադրված ենք լինում մենակ գործել, անել վճռական քայլեր՝ դա բնական է և անխուսափելի։ Բայց մենակությունը չի կարող նորմի վերածվել։ Միայն սեփական ուժերի վրա հենվելու ձգտումը մարդուն կտրում է աշխարհից, օտարում է հանրային կարգից և դուրս է թողնում ընդհանուր, նաև միջազգային ընթացքներից: Այդ մասին ես գրել եմ իմ «Հոմո տրիքստեր» էսսեում, ուր մեջբերել եմ մեր  միջնադարյան բանաստեղծ Կոստանդին Երզնկացուն՝

«Ես չեմ ի հավատալ այն սուտ հոգոյն, թե ինքն լոյս,

Որ չունի շառաւեղ յարեգական ի մեծ լուսոյն»։

 

Իհարկե, շատ դեպքերում, երբ փրկություն չես տեսնում, ստիպված ես լինում մենակ գործել։ Բայց երկարատեւ զարգացման համար «վճռական մենակի» գաղափարը ընդունելի չէ՝ մենք պետք է գտնվենք հանրային կյանքի բովում և գնանք աշխարհի հետ համաքայլ: Հենց սա էլ նկատի է ունեցել Եղիշե Չարենցը, որի համար պայծառ գալիքը միշտ էլ հանրային և աշխարհի բախտի հետ շաղկապված գալիք է եղել։ 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am