Երեքշաբթի, Հոկտեմբերի 17, 2017

Կենտրոնը մամուլում

Ինքնորոշման ֆենոմենի դեմ խաղ չկա, ամեն ինչ կախված է պայքարի ելած ժողովուրդներից. հարցազրույց Մանվել Սարգսյանի հետ

Ինքնորոշման ֆենոմենի դեմ խաղ չկա. ամեն ինչ կախված է պայքարի ելած ժողովուրդներից: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

 

Պարոն Սարգսյան, Իրաքի Քուրդիստանում, ապա Կատալոնիայում տեղի ունեցան անկախության հանրաքվեներ, եւ աշխարհը, ըստ փորձագետների, կանգնած է սահմանների վերաձեւման շեմին: Արդյո՞ք այդպես է եւ ընդհանրապես ինչի՞ կհանգեցնեն այս գործընթացները:

Այդ հանրաքվեները պարզապես ավելի ցայտուն են դարձրել այն գործընթացների էությունը, որոնք արդեն 2 տասնամյակից ավելի ծավալվել եւ շարունակվում են ծավալվել ամբողջ աշխարհում: Մենք գործ ունենք կոնցեպտի հետ, որն արդեն շատ վաղուց կոչվել է նոր համաշխարհային կարգ կառուցելու գործընթաց: Դրա առաջին փուլը սկսվեց 1980-ական թվականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզումով, Արեւելյան Եվրոպայի ազատագրումով եւ շարունակվում է մինչեւ հիմա։ Այդ փուլը կարելի է կոչել հին համաշխարհային կարգի եթե ոչ դեռեւս փլուզում, ապա դեվալվացում։ Բոլոր ինստիտուտները, որոնք ստեղծվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, պարալիզացվում են, կորցնում են իրենց էֆեկտիվությունը եւ, փաստորեն, արդեն չեն կարողանում միջազգային հարաբերություններում կայուն իրավիճակ ապահովել։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք հենց այդ փուլի ականատեսը եղանք: Կարծում եմ, որ մենք անցնում ենք ավելի արագացված տեմպերի եւ պարզապես արդեն սկսում են փլուզվել պետությունները։ Գործը հասել է նրան, որ ոչ թե իմ նշած երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարգն է ակտուալությունը կորցրել, այլ արդեն 2011-ից «արաբական գարուն» կոչված պրոցեսներից կարելի էր եզրակացնել, որ առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքների վերացման ինչ-որ պրոցես է սկսվել։ Սա, կարծում եմ, բոլորի համար արդեն պարզ է, եւ նման պրոցեսներն ավելի եւ ավելի շատանալու են։ Բոլոր այն ազգերը, որոնք դժգոհ էին, ճնշված էին կամ ունեն ազգային ծրագրեր, բնական է, որ դիմելու են այդ քայլերին։

Ե՛վ Իրաքի, ե՛ւ Իսպանիայի իշխանությունները որեւէ կերպ չեն ճանաչում Քուրդիստանի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեները, այսինքն՝ մերժում են այդ ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս պարագայում ինչպե՞ս կարող են փոքր ազգերն ապահովել իրենց ինքնորոշման իրավունքը եւ անկախության հասնել:

Զարմանալի կլիներ, որ հակառակը լիներ։ Այն երկրները, որոնք իրենց լավ են դրսեւորել անցյալ կարգում կամ արդեն ընտելացել են, սովորել են եւ որեւէ փոփոխության չեն ձգտում, երբեք թույլ չեն տա, որ այլ ազգեր իրենց տարածքում ինքնորոշվեն։ Նման միայն մի դեպք է եղել՝ Չեխոսլովակիան, որը բաժանվեց խաղաղ ճանապարհով, ինչն ապացուցում է իմ ասածը, որ երբեւէ որեւէ մեկը ցանկություն չունի թույլ տալու ինքնորոշման իրացում։ Ինքնորոշումն այնքան էլ լավ ուսումնասիրված ֆենոմեն չէ, սակայն մարդկությունը ճանաչել է ժողովուրդների այդ իրավունքը եւ, իմ կարծիքով, այն պատճառով, որ դա, կարծես, ի վերուստ տրված մի բան է, օբյեկտիվ երեւույթ, ուզում ես՝ ճանաչիր, ուզում ես՝ մի ճանաչիր, ուզում ես՝ դատապարտիր, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Դա սկզբնական պրոցես է, երբ ժողովուրդն անորոշության վիճակում ընտրում է ռազմավարություն, ընտրում է նպատակ եւ դրանից վեր է ածվում քաղաքական ազգի։ Երբեւէ չի եղել, որ որեւէ մեկը կարողանա կասեցնել այդ պրոցեսը, չկա այդպիսի դեպք։ Կամ պետք է ֆիզիկապես ոչնչացնես այդ ժողովրդին, կամ ընդունես իրականությունը: Բայց ոչնչացնելն էլ չի ստացվում եւ պատճառներ էլ կան, թե ինչու չի ստացվում։ Այդ առումով, ես կարծում եմ՝ շատ քիչ նշանակություն ունի՝ այդ պետությունները ցանկություն ունե՞ն ճանաչելու անկախությունը, թե՞ չունեն: Դրա համար էլ նման մեծ աղմուկ է ստեղծվում աշխարհում ինքնորոշման ցանկացած դեպքի հետ կապված, որովհետեւ բոլորը հասկանում են, որ ծնվում է մի նոր քաղաքական բջիջ, որը արդեն շատ մեծ գլխացավանք է բոլորի համար։

Ձեր կարծիքով կատալոնացիներն այնուամենայնիվ կհասնե՞ն իրենց նպատակին:

Ցանկացած ինքնորոշման ակտ ծնում է իրավական վեճ։ Կատալոնիայում հանրաքվեից անմիջապես հետո Իսպանիայի իշխանություններն ասեցին, որ ըստ իրենց սահմանադրության, իրենց երկրում որեւէ մեկն իրավունք չունի անցկացնելու նման հանրաքվե։ Կատալոնացիներն իհարկե դրա հետ համաձայն չեն: Կողքից էլի գնահատականներ են եղել, որտեղ մարդիկ փորձել են ասել՝ ճիշտն ու սխալը որն է։ Այսինքն արդեն վեճ է սկսվում իրավունքների մասին, կասկածի տակ են դրվում բոլոր այն մոտեցումները, որոնք եղել են մինչեւ այդ դեպքը։ Այդ վեճի մեջ իրենք պետք է հաղթեն եւ հասնեն իրենց նպատակին։ Եվ հաճախ լինում է, երբ մարդիկ հաղթում են՝ վերացնելով այն իրավական նորմերը, որոնք գոյություն են ունեցել մինչեւ հիմա։ Ես կարծում եմ, որ եթե տվյալ ժողովուրդը շատ լուրջ է տրամադրված եւ իսկապես ուզում է հաստատվել որպես անկախ պետություն, դա կարող է բերել ամբողջ Եվրոպայի իրավաքաղաքական համակարգի փոփոխության։ Այդ վեճի մեջ ամբողջ Եվրոպան է մտնելու։ Նույն էլ Իրաքում է, նույնն էլ մենք ունենք Ղարաբաղում։ Այդ նույն վեճն է գնում, որն էլ հենց փոխում է աշխարհը:

Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեն անցավ հանգիստ, առանց բախումների, այն պարագայում, երբ ժողովրդավար Իսպանիայում այն ուղեկցվեց լայնածավալ բախումներով եւ ոստիկանական ուժի կիրառմամբ: Ինչպես գիտենք Քուրդիստանը ունի իր սեփական զինված ուժերը, իսկ կատալոնացիները փաստացի անպաշտպան են: Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ ներկայիս աշխարհում ազգը կարող է ինքնորոշվել միմիայն զենքի օգնությամբ:

Պետք է հասկանալ, թե որտեղից է գալիս զենքը։ Ինքնորոշման ակտն ինքնին շատ հզոր է, որովհետեւ նա որպես նոր երեւույթ բաժանում է հետաքրքրությունները, շահերը, դիրքորոշումները։ Եթե գոյություն ունի նման մի ակտ, անպայման լինելու են երկրներ, որոնք դեմ են դուրս գալու եւ անպայման լինելու են երկրներ, որոնք բացահայտ կամ ծպտյալ պաշտպանելու են: Այսինքն միայն ինքնորոշման ակտը առաջին իսկ օրից պաշտպանվածություն է տալիս նոր ստեղծված սուբյեկտին, իսկ զենքը հետո է գալիս, եթե, իհարկե, զենք կիրառեն նորաստեղծ կազմավորման դեմ: Մենք Արցախում դասական ինքնորոշման ակտ տեսել ենք, որից հետո եկավ զենքը: Զենքը գալիս է այնտեղից, որտեղից մարդիկ պաշտպանում են այս երեւույթը։ Նույնն էլ կատալոցանիների դեպքում է լինելու: Եթե որեւէ հարված լինի Կատալոնիայի դեմ, կարծիքներն աշխարհում կիսվելու են: Երբ ոստիկանական բռնություն կիրառվեց Կատալոնիայում, միանշանակ Իսպանիային պաշտպանողները պայմաններ դրեցին, որ այո կատալոնացիները ճիշտ չեն, բայց զենք կիրառելն էլ ճիշտ չէ։ Եթե մի անգամ էլ խփեն, արդեն Եվրոպան կիսվելու է: Այս ֆենոմենի դեմ խաղ չկա: Հիմա ես չգիտեմ ինչպես կզարգանան իրադարձությունները Կատալոնիայում, քանի որ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է կանգնում նման խնդրի առջեւ ու Եվրոպայում գոյություն ունի Չեխոսլովակիայի նախադեպը: Այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ուր կարող են տանել զարգացումները, բայց հիմնական թելադրողն, իհարկե, կատալոնացիներն են։ Իրենց պահվածքից է կախված, թե ինչպես կարող են բոլորին պարտադրել հարգել իրենց իրավունքները։ Ի վերջո, քաղաքականության իմաստը դա է՝ պայքար իրավունքների համար։ Դուք պետք է պարտադրեք, համոզեք ուրիշներին, որ իրենք ձեր իրավունքները ճանաչեն, այդ պարտադրելու ձեւից է կախված ընթացքը։ Կարող է Քուրդիստանը բանակ ունենա, կռվի մեջ ընկնի, իսկ Կատալոնիան չունենա եւ խաղաղ անցնի։ Դժվար է ասել։

Ինչպիսի՞ ազդեցություն կունենան Իրաքի Քուրդիստանի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեները Արցախյան հարցի կարգավորման վրա:

Այդ հարցը շատերին է հետաքրքրում, շատ է խոսվում նախադեպերի մասին, սակայն այստեղ նախադեպային մոտեցում չի կարող լինել։ Ոչ մի երեւույթ մյուսին նախադեպ չի կարող լինել: Այստեղ ընդհանուր վերելք ապրող միջազգային պրոցեսներն են կարեւոր, այսինքն թե ընդհանուր միջազգային հարաբերությունները որ ուղղությամբ են գնում։ Հին համաշխարհային կարգը վերանում է եւ մտնում են նոր հարաբերություններ, նոր սուբյեկտներ են մտնում, հին սուբյեկտները տրոհվում են, վերանում են, ու այստեղ, իհարկե, Արցախը միայնակ չի մնում։ Սա այն վերելք ապրող պրոցեսն է, որի առաջին փուլը մենք տեսել ենք Սովետական Միությունում։ Խորհրդային, այսպես կոչված, «պերեստրոյկան»՝ վերակառուցումը, քաղաքական մի ալիք ստեղծեց, որի արդյունքում վերացավ ինքը՝ ԽՍՀՄ-ը: Ղարաբաղյան շարժումը «պերեստրոյկայի» դրոշի տակ մտավ վերելք ապրող քաղաքական պրոցեսների մեջ։ Ադրբեջանը կառչել է հնից, բայց Ադրբեջանը ստեղծվել է Խորհրդային Միության շնորհիվ եւ փլուզվել է Խորհրդային Միության հետ միասին։ Դրա համար մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե սա ինչ գործընթաց է, վերելք ապրո՞ղ է, թե ոչ: Մեզ մոտ ավանդական մոտեցում կա, որ եթե աշխարհում մի շարժ է լինում, ապա պետք է միայն լռել, թաքնվել, ասել՝ դա մեր գործը չի եւ այլն։ Ինչո՞ւ, որովհետեւ տրամաբանությունը չեն հասկանում։ Եթե դու ուզում ես հաղթել, հաստատվել, պետք է հասկանաս, թե դա ինչ գործընթաց է, ապա որոշես, թե ինչպես դրսեւորել քեզ այդ գործընթացում։ Իհարկե, նման քաղաքական մոտեցում մեր երկրում չկա, մենք նախընտրում ենք մտնել մի տեղ, կողքից նայել, հետո գալիս քեզ հետեւից խփում են եւ ստանում ես այն, ինչ ստացել ես 20-րդ դարի սկզբին։

Մարիա Հովսեփյան

https://news.am/arm/news/414304.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am