Ուրբաթ, Դեկտեմբերի 15, 2017

Վերլուծական

Ինչի շուրջ են վիճում մերօրյա Հայաստանում

Հայաստանում անկախության ողջ ընթացքում միշտ էլ եղել են հանրային վեճեր, բայց բանավեճի ինստիտուտ այդպես էլ չի ձեւավորվել: Դա պատահական չէ, քանի որ ի սկզբանե բոլոր սոցիալ-քաղաքական խնդիրների մասին իրենց տեսակետներն էին հայտնում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ այս կամ այն ​​ուժին աջակցող հասարակական գործիչները: Իշխանության համար պայքարը միակ շարժառիթն էր, որը խթանում էր հանրային քննարկումները` փիլիսոփայական վեճերի շարժառիթներ երբեք ի հայտ չեկան: Կուսակցական գաղափարախոսներին ոչ այնքան հետաքրքրում էր ճշմարտության որոնումը, որքան իրենց «միակ փրկարար ճշմարտությունը» բոլորին պարտադրելու նպատակը: Ընդ որում՝ ցանկացած քննադատություն ընկալվում էր որպես այս կամ այն քաղաքական ուժի դեմ ուղղված քայքայիչ գործողություն: Հետեւաբար, ձեւավորվում էր մի մթնոլորտ, որում քննարկումները վերածվում էին կոշտ բանավեճի`ոչ ոք ցանկություն չուներ խորապես հասկանալու որեւէ խնդրի կամ երեւույթի էությունը:

Սակայն ներկայումս կարելի է նկատել ավելի խորքային քննարկումների մեջ մտնելու միտումներ: Կարելի է ասել, որ սաղմնային վիճակում երեւան են գալիս փիլիսոփայական բնույթ կրող բանավեճեր: Սա, թերեւս, հնարավոր է դարձել երկրում քաղաքական կյանքի եւ կուսակցությունների` որպես քաղաքական ինստիտուտների, լիակատար արժեզրկման հետեւանքով: Համենայն դեպս՝ ցանկացած կուսակցական գործչի խոսք անխուսափելիորեն ենթարկվում է համընդհանուր ժխտողականության: Կուսակցական գործիչների գաղափարական էքսպանսիան կորցրել է իր իրականացման հիմքը: Համապատասխանաբար՝ իշխանության հասնելու նպատակներից անդին հասարակությունն ունեցավ իր գաղափաքաղաքական խնդիրները քննարկելու շարժառիթ:

Առաջին անգամ ուշադրության կենտրոնում հայտնվեցին հայկական պետականության իմաստավորման հարցերը: Հստակեցվեցին պետությունների բնույթի, քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, մարդու իրավունքների եւ հավասարության հայեցակարգի, գլոբալ միջազգային հարաբերությունների էության, ազգայնամոլության, ազատականության, սոցիալիզմի, ֆաշիզմի վերաբերյալ քննարկումները եւ այլն: Կարող է տարօրինակ թվալ, բայց գրեթե քառորդ դար այդ խնդիրները Հայաստանում համարվում էին մտացածին եւ նմանատիպ թեմաների քննարկումները խեղդվում էին խանձարուրում, քանի որ հանրային օրակարգում ի սկզբանե արմատավորված էր երկու «հավերժական ճշմարտությունների» բանավեճ: «Ճշմարտություններից» մեկը հանգում էր այն թեզին, որն աշխարհից պահանջում է ճանաչել հայ ժողովրդի վերացական իրավունքները («Հայ Դատի» ավանդական գաղափարական համակարգը): Մյուս «ճշմարտությունը» հանգում էր հայ ժողովրդի միակ փրկարար ռազմավարության թեզին`Թուրքիայի հետ հաշտեցման ռազմավարությանը: Պատմական խնդիրների բեռով պայմանավորված այս բանավեճը, ըստ էության, հայ ժողովրդի քաղաքական աշխարհը հանգեցրել է հայ-թուրքական խնդիրների աշխարհին: Այս գաղափարախոսական մթնոլորտում ձեւավորված աշխարհը հայերի համար սկսվում եւ ավարտվում էր թուրքերով:

Կարելի է պնդել, որ հայ ժողովրդի քսաներորդ դարասկզբի ողբերգական պատմությունը կանխորոշել է հաջորդ սերունդների քաղաքական աշխարհայացքը: 1991թ. Խորհրդային Միության փլուզման պահից Հայաստանում ի հայտ եկած նոր իշխող կուսակցությունը` Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), երկրի ավանդական ՀՅԴ կուսակցության հետ ձեւավորեց բանավեճ, որը խլացրեց քաղաքականության մասին բոլոր մյուս խոսակցությունները: ԽՍՀՄ փլուզման իրողությունները պրոյեկցված էին քսաներորդ դարասկզբի Օսմանյան եւ Ռուսական  կայսրությունների փլուզման իրողությունների վրա: Եվ սա չէր կարող չազդել Հայաստանի նոր հանրապետության ձեւավորվող քաղաքականության բնույթի վրա: Նրանում «ինքնիշխանություն՝ ինքնորոշման ճանապարհով» հասկացությունը փոխարինվել էր «անկախություն` արտաքին աշխարհի հետ համաձայնեցված» սկզբունքով: Գործում էին՝ տերություններին նայելով եւ հովանավորների փնտրման շարժառիթով: Միանգամայն տրամաբանական է, որ երկիրը հայտնվեց Ռուսաստանի քաղաքական-տնտեսական թելադրանքի տակ:

Այլ բան չէր էլ կարող լինել: Այդ անիմաստ բանավեճում երկրի քաղաքական միտքը կորցրեց կայանալու եւ զարգանալու հիմքը: Անհնար դարձավ անգամ գնահատել երկրի ներսում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրողությունները: Քաղաքական կյանքում ամեն ինչ հանգել էր անխուսափելի կորուստների վերաբերյալ հանրային շանտաժի եւ առասպելական փրկիչների ու դավաճանների փնտրտուքի: Բնական է, որ քաղաքականություն վարելու փոխանցումավազքին շատ արագ միացան հանցավոր գործամոլները, որոնք մնացին հասարակության միակ առասպելազերծ տարրը: Նույնքան բնական է, որ պետությունը հանգեց քրեաօլիգարխիկ կարգի, իսկ ազգին բարոյականություն սկսեցին քարոզել հանցագործները:  Բայց հանցավորությունն էլ իրեն սպառեց:

Ամեն ինչ վերջ ունի, անգամ՝ գաղափարազուրկ դոգմաները եւ հանցավոր գործելակերպը: Այժմ արդեն կարելի է արձանագրել, որ հայ հասարակության գաղափարազուրկ գոյության քառորդ դարն ինքն իրեն սպառեց: Պայթեց «Հայոց աշխարհի շուրջ թուրքական օղակը», փոշիացավ նաեւ հովանավորի կերպարը` ի դեմս Ռուսաստանի: Ու թեպետ ուրիշ վայրերում ուրիշ հովանավոր փնտրելու դրդապատճառն իբրեւ մնացորդային երեւույթ դեռ դրսեւորում է իրեն, հայերի հայացքն, այնուամենայնիվ, ուղղված է աշխարհի քաղաքակրթական գործընթացների առաջնագծին: Սրա մասին է վկայում հասարակական նոր քննարկումներ բնույթը:

(Այդ մասին՝ հաջորդիվ)

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am