Ուրբաթ, Դեկտեմբերի 15, 2017

Շաբաթվա անցուդարձ

Նոյեմբերի 18-25

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Նոյեմբերի 20-21-ը Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երեւանում էր Ռուսաստանի արտգործնախարարը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդման համաձայն՝ Սերգեյ Լավրովը Հայաստան էր եկել Բաքվից, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ այլ հարցերի թվում քննարկելով նաեւ արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նոյեմբերի 21-ին տեղի ունեցան Նալբանդյան-Լավրով բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Այնուհետեւ Լավրովին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների ու փաստաթղթերի՝ «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

… Ակնհայտ է, որ վերջին շրջանում աշխուժացել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը, որին տոն տվողը Ռուսաստանն է: «Ռուսաստանն ամեն ինչ անում է` մոտեցնելու հակամարտության կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները»,- ասել է ռուս գրող եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Պրոխանովը: Արցախի շուրջ վերջին մեկ ամսվա զարգացումները վկայում են, որ Ռուսաստանը մտադիր չէ տարածաշրջանում եւ, մասնավորապես, ԼՂՀ հարցում իր ազդեցությունը զիջել ինչ-որ մեկին: Դա առավել ցայտուն դրսեւորվեց Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի նախագահի բավական խիստ վերաբերմունքում: Այդ հանդիպումից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինից պահանջելու է արագ լուծել Ղարաբաղի հարցը: Իսկ Սոչիից վերադառնալուց հետո խոստովանեց, որ Պուտինը կարող է, բայց չի ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա: Նույն Լավրովը վերջին շրջանում բազմիցս կրկնել է, որ հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնական գործիքը ԵԱՀԿ համանախագահների Մինսկի խումբն է: Այսինքն՝ հասկանալ է տվել, որ ԼՂՀ բանակցային գործընթացին այլ միջնորդների անհարկի միջամտություններ Մոսկվան թույլ չի տա: Դատելով ամենից, կարելի է եզրակացնել, որ արցախյան խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Ցավոք, անցյալ տարվա ապրիլյան դեպքերը, ինչպես նաեւ բանակցությունների ակտիվացման ներկա փուլը ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների: Ավելին՝ այդ երկիրը պետական մակարդակով շարունակ պատերազմ ու հայատյացություն է քարոզում: Եվ քանի դեռ այդպես է, նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներից առաջընթացի ակնկալիք չի կարող լինել: Բացառություն չէին նաեւ Սերգեյ Լավրովի այցերը Բաքու եւ Երեւան։ Իրական առաջընթաց կլինի այն դեպքում, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինվորներ չզոհվեն:

Անցած չորեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովում մեկնարկեց կլոր սեղան-քննարկումը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ: Բանավեճին, որ վարում էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մասնակցում էին 5-ական ներկայացուցիչներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից եւ կառավարությունից ու Ազգային ժողովից: Իշխանությունը քննարկմանը ներկայացնում էին պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։ Հանդիպման մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂ Պաշտպանության բանակի՝ նախօրեին զոհված երեք զինծառայողների հիշատակը:

... Հիշեցնենք, որ օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ Կողմերը պայմանավորվել էին նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ եւ հանգիստ պայմաններում վերանայել նոյեմբերի 15-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունված՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի վիճահարույց դրույթը, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում էին, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Թվում է՝ իշխանություններն ընդառաջեցին ավելի քան մեկ շաբաթ բողոքի ցույցի դուրս եկած ուսանողությանը, շահագրգռվածություն ցուցաբերեցին նրանց պահանջն ուսումնասիրելու եւ խնդրին ընդունելի լուծում տալու գործում: Անշուշտ, սա կարելի էր իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններում նոր մշակույթ համարել, եթե չլիներ մի կարեւոր «բայց»: Բանն այն է, որ բողոքող ուսանողները մտել են մի դաշտ, որտեղ իշխանությունների դիրքերը գրեթե անառիկ են, հետեւաբար՝ շատ հեշտ, միգուցե եւ ենթաօրենսդրական ակտերում արվող աննշան զիջումներով, կարող են տարհամոզել ապագա զինվորներին ու ընդունել իրենց ուզած օրենքը: Այլ կլիներ իրավիճակը, եթե ուսանողների օրակարգում դրվեր ոչ թե նեղ, ինչ-որ չափով նաեւ անձնական պահանջ, այլ հանրորեն ավելի լայն հնչեղություն ունեցող խնդիր: Օրինակ՝ արդարության սկզբունքի անվերապահ կիրառումը զինակոչի ժամանակ՝ այն հաշվով, որպեսզի հավասար հիմունքներով զինծառայության կանչվեն անխտիր բոլոր զինապարտիկները: Խոսքը տարբեր շինծու պատրվակներով բանակից խուսափող՝ իշխանավորների, օլիգարխների, թաղային հեղինակությունների ու նրանց մերձավորների որդիների մասին է: Այն «ոսկե» երիտասարդության ներկայացուցիչների, որոնք, ի տարբերություն կյանքի գնով սահման պաշտպանող իրենց հասակակիցների, թիկունքում ցոփ ու շվայտ կյանք են վարում: Այսօրինակ գլոբալ խնդիր-պահանջ առաջադրելու դեպքում իշխանությունները հազիվ թե երկխոսության գնային ուսանողների հետ, որովհետեւ այս բարձիթողի վիճակից օգտվողների շրջանակները շատ ավելի մեծ են, իրենց օգուտներն՝ ավելի շոշափելի:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին իր աշխատանքը սկսեց Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արեւելյան գործընկերության գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը, թերեւս, Հայաստանի հետ կնքվող Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրն էր: Փաստաթուղթը, սակայն, ազատ առեւտրի մասին ոչինչ չի ներառում եւ պակաս հավակնոտ է, քան Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության կնքած Ասոցացման համաձայնագրերը: Գագաթաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հռչակագիր, որում կոչ է արվում ակտիվացնել չլուծված հակամարտությունները կարգավորելու ջանքերը` «հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա»: Ավելի ուշ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրվեց Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Այն ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

... Մի փոքրիկ նախապատմություն: Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում գործող նախագահի ձեռամբ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից եւ ստորագրեց Մաքսային միությանը, ապա` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հուշագիրը: Ի՞նչ է տվել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, որն առարկայացավ 2015 թվականի հունվարի 1-ից: Պաշտոնական վիճակագրությունն այդ առումով բավական մռայլ պատկեր է ներկայացնում` անդամակցության նախորդ տարվա համեմատ հետագա շրջանում մեր երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացում, ՀՆԱ-ի իրական աճի հետընթաց, Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների (տրանսֆերտների) նվազում եւ այլն: Սրընթաց աճող միակ ցուցանիշը ՀՀ պետական պարտքն է, որը 2014-ի` 4.4 միլիարդից 2017-ին հասնում է 6.3 միլիարդի կամ կազմում է ՀՆԱ-ի 54 տոկոսը: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո անցած շուրջ 3 տարիները կարելի է կորցրած ժամանակ համարել:

Փորձագետների կարծիքով՝ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի տեքստում կան բազմաթիվ կետեր, որոնք կարող են նպաստավոր լինել մեզ համար` կախված նրանից, թե Հայաստանն ինչպես է օգտվելու այդ կարեւոր փաստաթղթի ընձեռած հնարավորությունից: Հայաստանը պարտավորվում է բարեփոխել իր ժողովրդավարական ինստիտուտները, քաղաքական համակարգը, դատաիրավական ոլորտը, ամրապնդել մարդու հիմնարար իրավունքները: Եվ եթե Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները, կարող է տնտեսական լուրջ աջակցություն ստանալ Եվրամիությունից: Մեզ համար բավական շահեկան են ԵՄ-ի հանձնառությունները` ուղղված անվտանգության խնդիրների լուծմանը, կոռուպցիոն երեւույթների հաղթահարմանը, փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը, մեզանում ներդրումների խթանմանը, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ստեղծմանը եւ զբոսաշրջության զարգացմանը: Թե որքանով այս ամենը կյանքի կկոչվի ու կլավացնի շարքային հայաստանցու կենսակերպը` ցույց կտա ժամանակը: Հուսանք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am