Արցախի ստատուս-քվոյի կազմավորման ակունքները և դրա փոփոխության հնարավորությունները

Կարապետ Կալենչյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն

Ի՞նչ է Արցախի ստատուս-քվոն և ի՞նչ է նշանակում նրա փոփոխությունը

Վերջին տարիներին, հատկապես ԼՂ-ում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, միջազգային դիվանագիտությունում և Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի խնդիրն ավելի ու ավելի է հանգում «ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության և նրա փոփոխության անհրաժեշտության» թեզին, ինչպես նաև «հակամարտությունը ռազմական լուծում չունի» պնդմանը։ Ֆորմալ առումով՝ փոփոխության առաջարկվող հայեցակարգը ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների տեսքով։ Այդ հայեցակարգի իրականացման պայմանը զինադադարի ռեժիմի մասին 1994-95թթ. կնքված եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) համաձայնագրի պահպանումն է։

Բանակցության կողմերը (Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանական Հանրապետություն) ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ առաջարկը՝ որպես բանակցությունների հիմք։ Ընդ որում, Ադրբեջանն իր զինանոցում է պահում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքը, իսկ հակամարտության կարգավորման իրավաքաղաքական հիմք է ճանաչում 1993թ. ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձևերը։ Այդուհանդերձ, Ադրբեջանը չի հրաժարվում բանակցություններից՝ զուգահեռաբար վարելով քաղաքականություն, որը հաստատում է Արցախի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների նկատմամբ իր իրավունքը։ Արցախն, իր հերթին, այդ տարածքների նկատմամբ իրավունքը սահմանադրորեն հաստատել է իր պետության օգտին։ Ադրբեջանի և Արցախի այս իրարամերժ դիրքորոշումները կասկածի տակ են դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև Հայաստանի կողմից, որը «դե յուրե» ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբոջականությունը և չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանը հայտարարել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր իրավունքի, ինչպես նաև վերջինիս անկախությունը ճանաչելու մտադրության մասին՝ Ադրբեջանի կողմից նրա դեմ լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում։

Փաստորեն խնդրո առարկան Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ իրավունքի շուրջ տարաձայնություններն են։ Հենց սա է ստատուս-քվո հասկացության էությունը. տարածքները գտնվում են Հայաստանի հովանավորության և Արցախի վերահսկողության ներքո, սակայն դրանց նկատմամբ միջազգայնորեն ճանաչված իրավունքը Ադրբեջանինն է։

Գործնականում Ադրբեջանի այդ իրավունքը կասկածի տակ է դրվել. 2007 թվականից սկսած, որոշակի պայմանների բավարարման դեպքում, ճանաչվում է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը։ Ըստ այդմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների էությունը մի այնպիսի համաձայնության հասնելն է, ըստ որի հակամարտող կողմերի միջև իրավունքները կբաշխվեն առաջարկվող գծապատկերով։

Անցած 23 տարիների ընթացքում այդպիսի համաձայնության հասնել չի հաջողվել։ Շփման գծում ռազմական դրության սրման միտումներ են արձանագրվում, իսկ ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության թեման օրակարգային է դառնում թե՛ հակամարտության կարգավորման դիվանագիտության մեջ, թե՛ հակամարտող կողմերի ներպետական կյանքում։

Սակայն օրակարգային են դարձել նաև անհրաժեշտ փոփոխությունների բնույթի մասին հակասությունները։ Միջազգային դիվանագիտության համար զինադադարի պահպանման ամրապնդման առաջարկությունները դարձել են գլխավոր թեմա։ Գործնականում դրանք արտահայտվում են շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնականի մանդատի լիազորությունների ընդլայնման պահանջներով։ Ադրբեջանը նման պահանջներն անընդունելի է համարում, քանի որ դրանք ստատուս-քվոյի պահպանման լրացուցիչ մեխանիզմներ են ենթադրում։ Այս հակասությունները բերել են բանակցային գործընթացի լճացման։

Ստեղծված իրավիճակն առաջին պլան է մղում կոնֆլիկտային իրավիճակի հանգեցնող հիմնական բաղադրատարրերի՝ մասնավորապես առաջացած ստատուս-քվոյի էության վերաիմաստավորումը։ Թվում է, թե միջազգային նոր պայմաններում ստատուս-քվոյի քաղաքական էության գնահատման՝ երկու տասնամյակ շարունակ անփոփոխ մնացած մոտեցումներն ինքնին ապակառուցողական հանգամանք են։ Հենց միայն այն հանգամանքը, որ զինադադարի պայմանակարգի խախտման դեպքերը միջազգային դիվանագիտության կողմից երբեք հասցեական գնահատական չեն ստանում, կարող է կիրառվող մոտեցումների ապակառուցողականության օրինակ լինել։ Այդպիսի մոտեցման համար պետք է ծանրակշիռ պատճառ ունենալ. ուժի կիրառման իրավունքի վերաբերյալ զգալի անորոշություն կա։ Հետևաբար, առաջին հերթին, պետք է պարզել, թե ինչպես է ստեղծվել մի իրավիճակ, որ տարածքները հայտնվել են մեկի վերահսկողության ներքո, իսկ դրանց նկատմամբ իրավունքները՝ մեկ ուրիշի։

Այս հարցի պատասխանը ստանալու համար էքսկուրս կատարենք դեպի ԽՍՀՄ կազմաքանդման և ԱՊՀ առաջացման պատմության կարճատև ժամանակաշրջան։ Կասկածից վեր է, որ Արցախի այժմյան ստատուս-քվոյի ակունքները այդ ժամանակաշրջանում ընդունված որոշումների և իրականացված գործողությունների մեջ են: Խորհրդային Միության վերջնական փլուզումը սկսվեց 1991թ. օգոստոսյան հեղաշրջման փորձի տապալումից հետո։ Անմիջապես դրանից հետո՝ օգոստոսի 29-ին, Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակեց «1918-1920թթ. Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման» մասին։ Ադրբեջանն, այդպիսով, փաստացի ամրագրեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև 1921թ. Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի դրույթները, որտեղ կողմերի համաձայնությամբ գծագրվել էին նորաստեղծ պետությունների սահմանները։ Լեռնային Ղարաբաղը (այն ժամանակ դեռ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ), ի պատասխան Ադրբեջանի այդ միակողմանի որոշման, սեպտեմբերի 2-ին՝ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանում հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ԽՍՀՄ կազմի մեջ մնացող տարածք՝ մինչև կարգավիճակի վերջնական հստակեցումը։ Նման որոշման հիմքը «ԽՍՀՄ կազմից միութենական պետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքն էր։

Պաշտոնապես ԽՍՀՄ-ը՝ որպես պետություն, դադարեց գոյություն ունենալ 1991թ. դեկտեմբերի 31-ին, երբ Կրեմլում տեղակայված Գերագույն խորհրդի շենքից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը։ Սակայն մինչ այդ, 1991թ. դեկտեմբերի 8-ին, բելառուսական Վիսկուլի

քաղաքում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի միջև ստորագրվեց ԱՊՀ ստեղծման Համաձայնագիրը, որի 5-րդ կետում ասված է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը Համագործակցության պետությունների շրջանակներում։ Նրանք երաշխավորում են սահմանների թափանցիկությունը, քաղաքացիների տեղաշարժի իրավունքը և տեղեկատվության շրջանառության ազատությունը Համագործակցության շրջանակներում»[1]: Դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ստեղծման պայմանագիրը վավերացվեց Ուկրաինայի Գերագույն ռադայում և Բելառուսի Գերագույն խորհրդում, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդում։ ՍՍՀՄ ստեղծման մասին պայմանագիրը (1922թ.) չեղյալ հայտարարվեց: Դեկտեմբերի 13-ին՝ Աշգաբադում կայացած երկշաբաթյա բանակցություններից հետո, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները հայտարարեցին ստեղծվող Համագործակցությանը միանալու իրենց ցանկության մասին, նման ցանկություն հայտնեցին նաև Ադրբեջանն ու Հայաստանը[2]։

Այստեղ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը վերը նկարագրված ժամանակաշրջան էր հասել քաղաքաիրավական զինանոցում ունենալով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունած միավորման մասին Համատեղ որոշումը[3], 1990թ. Գերագույն խորհրդի Հռչակագիրը[9], Հայաստանի Հանրապետության անկախության՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին Գերագույն խորհրդի որոշումը։ Ընդ որում, Անկախության հռչակագրի և 1991թ. անկախության հանրաքվեի միջև արդեն իսկ խիստ հակասություն կար Հայաստանի անկախ Հանրապետության տարածքի հարցում։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը հանրաքվե իրականացնելու գործողությամբ փաստացի հրաժարվեց Անկախության հռչակագրի դրույթներից (միավորման վերաբերյալ 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ ընդունած որոշման դրույթներից)։ ՀՀ-ը չճանաչեց 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ տարածքում անցկացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքները։

Հետևաբար, սկզբնական շրջանում իր բոլոր միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է՝ հիմքում ունենալով այս իրարամերժ քաղաքաիրավական բազան։

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, արդեն 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Ալմաթիի Հռչակագիրը, որտեղ մասնավորապես ասվում էր.

 «…ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց փոխհարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանությունն ու ինքնիշխան հավասարությունը, ինքնորոշման անկապտելի իրավունքը փոխադարձաբար ճանաչելու և հարգելու, իրավահավասարության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժ և ուժի սպառնալիք, տնտեսական և ճնշման ցանկացած այլ եղանակներ գործադրելուց հրաժարվելու, վեճերը խաղաղ կարգավորելու, մարդու իրավունքներն ու ազատությունները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքը հարգելու, պարտավորությունները և միջազգային իրավունքի մյուս հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը բարեխղճորեն կատարելու հիման վրա,

…ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,

…նվիրված լինելով Անկախ պետությունների համագործակցության ստեղծման Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին, հայտարարում են հետևյալի մասին. …»[5]։ Հայաստանի կողմից այս փաստաթուղթը ստորագրել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի կողմից՝ նախագահ Այազ Մութալիբովը[6]։

Շատ փորձագետներ առանձնապես ուշադրություն չեն դարձնում սույն Համաձայնագրին կից մի կարևորագույն փաստաթղթի վրա։ Դա Համաձայնագրի արձանագրությունն է, որն իրավական առումով այդ փաստաթղթի անբաժանելի մասն է[7]։ Համաձայնագրի այս արձանագրությունը տարբեր ժամանակահատվածում ստորագրել են բոլորը[8]։ Արձանագրության մեջ դրույթ կա այն մասին, որ «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման Համաձայնագիրը Պայմանավորվող Բարձր կողմերից յուրաքանչյուրի համար ուժի մեջ է մտնում նրա վավերացման պահից»։ Այնուհետև.«Անկախ պետությունների համագործակցության Համաձայնագրի հիմքով և, հաշվի առնելով վավերացման ժամանակ արված վերապահումները, կձևավորվեն փաստաթղթեր, որոնք կկարգավորեն հարաբերությունները Համագործակցության շրջանակներում»։

Այսպիսով՝ այդ փաստաթուղթը երկրների խորհրդարանների վավերացումից հետո կարգավորում է պաշտոնական անդամակցությունը ԱՊՀ-ին և հնարավորություն է տալիս վավերացման ժամանակ վերապահումներ հայտնել, որոնց ընդունման և պահպանման դեպքում երկիրն անդամակցում է ԱՊՀ-ին։ Այդպիսի վերապահումներ Հայաստանի կողմից չեն հայտնվել։ Այս փաստաթուղթն առանց վերապահումների և դիտողությունների ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրա գոյություն ունեցող սահմանները, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում ամբողջությամբ անտեսել է Լեռնային Ղարաբաղի՝ գոյություն ունեցող խնդիրը։

ՀՀ ԱԺ արխիվում պահպանվում է Համաձայնագրի վավերացման մասին Ն-0495-1 փաստաթուղթը, որը ստորագրված է այն ժամանակվա խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի կողմից։ Այդ փաստաթղթում կա կարևորագույն 2-րդ կետը, ըստ որի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական ու Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին հանձնարարվում է մշակել և Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների համագործակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ[9]։ Սակայն, 2-րդ կետի տրամաբանությանը հակառակ, 3-րդ կետի մեջ ասվում է, որ վավերացումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հայտնի չէ՝ հետագայում վերոնշյալ հանձաժողովները Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացրե՞լ են արդյոք վերապահումների վերաբերյալ առաջարկներ, և եթե ներկայացրել են, այդ հարցերը քննարկվե՞լ են արդյոք։ Պարզ է մի բան՝ Համաձայնագրի վավերացման փաստաթուղթը Մոսկվա է ներկայացվել առանց վերապահումների։ Ի դեպ, ինչպես այդ փաստաթուղթը, այնպես էլ 1993թ. օգոստոսին ԼՂՀ խորհրդարանի ներկայացրած խնդրանքը՝ անդամակցել ԱՊՀ-ին, պաշտոնական աղբյուրներում գտնել չհաջողվեց։ Հայաստանը կարո՞ղ էր ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացնել։ Կարո՛ղ էր։ Հայաստանը նաև կարող էր պահանջել, որ ԼՂՀ տարածքը ԱՊՀ կողմից համարվի որպես հատուկ կարգավիճակ ունեցող տարածք, ինչպես այնտեղ ներկայացված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը (ԱՊՀ գոյության ողջ ընթացքում), Աբխազական Հանրապետությունը (1992թ.-ից), Հարավային Օսիան (1992թ.-ից), և Չեչնիան (մինչև 2000թ.)։ Այնինչ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը որպես անկախ պետություն՝ Ադրբեջանական ԽՍՀ սահմաններով։ ԱՊՀ Կանոնադրությունը Հայաստանը վավերացրեց 1993թ. նոյեմբերի 9-ին[10]։

Գործողությունները, որոնք Հայաստանն իրականացրեց ԱՊՀ անդամակցության ընթացքում, մեծ ազդեցություն ունեցան հետխորհրդային տարածքում ձևավորված նոր երկրների վերաբերյալ միջազգային հանրության որոշումների կայացման հարցում՝ փոխելով վերջիններիս կողմից նրանց հետ հարաբերությունների վեկտորը։ ԽՍՀՄ փլուզումը և դրա արդյունքում 15 անկախ պետությունների ձևավորումը Եվրոպայում հարց առաջացրեց, թե ինչ սկզբունքներով պետք է ճանաչել այդ պետությունները։ Եվրախորհրդի կողմից մշակվեց «Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միությունում նոր պետությունների ճանաչման սկզբունքներ»[11] փաստաթուղթը։ Համատեղ ընդունված այդ փաստաթղթի մեջ, որը հաստատվեց 1991թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում, նշված է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը, որպեսզի ճանաչվի Եվրոպայի կողմից։ Մի շարք սկզբունքների թվում, որոնք նշված էին Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման համար, կային սկզբունքորեն կարևորները, որոնց թվում. ... « -Հանրությունը և նրա անդամ-պետությունները հաստատում են Հելսինկյան եզրափակիչ ակտին և Փարիզյան խարտիայի սկզբունքներին իրենց հավատարմությունը և, հատկապես, ազգերի ինքնորոշման սկզբունքին,

- պարտավորվում են համաձայնությունների միջոցով լուծել պետությունների իրավահաջորդության և տարածքային վեճերի հարցերը, այդ թվում՝ միջնորդ դատարանների միջոցով,

- չեն ճանաչում այն տրվածքը, որն ագրեսիայի հետևանք է։ Նրանք հաշվի են առնելու ճանաչման հետեւանքները հարևան պետությունների համար»։

Գործնականում եվրոպական հանրությունը ստիպված չեղավ կիրառել այս սկզբունքները, քանի որ հետխորհրդային տարածքում նոր ձևավորված երկրները դրանց տվեցին ԱՊՀ շրջանակներում արտացոլված ճանաչման իրե՛նց գծապատկերները։ Եթե Հայաստանը ԱՊՀ դրույթներին Ադրբեջանի համապատասխանության մասին վերապահում հայտներ, Ադրբեջանը իրավական հարթության մեջ միջազգային ճանաչման հետ կապված լուրջ խնդիրների առջև կկանգներ, քանի որ հենց այդ ժամանակաշրջանում իր պետության ողջ տարածքում էթնիկ զտումներ էր իրականացնում և պատերազմ էր վարում ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Բայց այդպիսի խնդիր չառաջացավ։ 1992թ. փետրվարին Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեցին ԵԱՀԽ-ին և ՄԱԿ-ին։ Միջազգային այս կառույցներին անդամակցելիս Հայաստանի կողմից Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ ո՛չ մի առարկություն չհետևեց։ Այսինքն՝ իրավական առումով Հայաստանը այստեղ էլ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը կարող էր ԵԱՀԽ-ին Ադրբեջանի անդամակցելու վերաբերյալ առարկություններ հայտնել, քանի որ դա չէր համապատասխանում վերոնշյալ կետերին։ Նա Արցախի հայերի դեմ պատերազմ էր վարում, և այդ ժամանակ զանգվածային տեղահանումներն արդեն տեղի ունեցած փաստ էին։ Այնուամենայնիվ, անդամակցելով այս կառույցներին, Ադրբեջանը, օբյեկտիվորեն, իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար օրինական ուժ կիրառելու իրավունք ստացավ։ Ճիշտ է, նա վերոնշյալ բոլոր կառույցներում պարտավորություն ստանձնեց այդ վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: 

Այս իրավական ակտերին հետևեցին ռազմական գործողությունները։ Ադրբեջանը խախտեց ուժի կիրառումից հրաժարվելու իր ստանձնած պարտավորությունները, սակայն պարտվեց պատերազմում։ 1993թ. ավարտին արդեն, Ադրբեջանի հանրապետության տարածքը բաժանված էր ռազմաքաղաքական վերահսկողության երկու հատվածի՝ Ադրբեջան և ԼՂՀ։ Տեղի ունեցավ էթնիկ սկզբունքով զտում. հայերը և ադրբեջանցիները տեղափոխվեցին ամենքն իրենց սեփական պետությունների բանակների վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ 1994թ. ստորագրված զինադադարի պայմանագիրը հաստատեց նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որը մինչ օրս որակվում է որպես ստատուս-քվո։ ԼՂՀ տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, սակայն այդ տարածքների նկատմամբ միջազգայնորեն ճանաչված իրավունքները մնում են վերջինիս մոտ։ Հենց սա՛ է կոնֆլիկտային հարաբերությունների հիմքը։

Ներկա փուլում կրկին օրակարգային է դարձել Հայաստանի ղեկավարության կողմից 1991թ.-ին ընդունված որոշումների թեման։ Ներկա տեսքով տատուս-քվոյի ձևավորման պարամետրերը մեծամասամբ կախված էին այն օրերի որոշումներից։ Մինչ օրս, գնահատելով հակամարտության իրավիճակը, միջազգային հանրությունը մատնանշում է հենց այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որևէ մեկի կողմից, այդ թվում՝ Հայաստանի։ Բացի դրանից, Ադրբեջանը պարբերաբար իր գործողություններն արդարացնում է «օրինական ուժի կիրառման» իր իրավունքով։ Պարզ է, որ 1991-ին բոլոր այս հանգամանքները հաշվի չէին առնվել։ Գերակայությունը տրվում էր այլ հանգամանքների, որոնց իմաստն այն ժամանակ բոլորովին պարզ չէր։

«Լեռնային Ղարաբաղ։ Խնդիր և հակամարտություն» իր ուսումնասիրության մեջ քաղաքագետ Սուրեն Զոլյանը, ով1990-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր և Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի քարտուղար, նշում է, որ ՄԱԿ-ին և ԵԱՀԽ-ին այդ երկրների անդամակցությամբ «որոշակի լավատեսություն և հույս առաջացավ, որ միջազգային կառույցները Ղարաբաղի հարցում կարող են անաչառ դատավորի դեր ստանձնել։ Հավանաբար, այդ սպասումներն ամրապնդվում էին նաև պատմական նախադեպով, երբ 1919թ. Ազգերի Լիգան ձեռնպահ մնաց անդրկովկասյան երեք հանրապետությունների ճանաչումից այնքան ժամանակ, մինչև նրանք բանակցությունների միջոցով կարգավորեն միմյանց միջև տարածքային վեճերը, իսկ սեփական ուժերով դրան հասնելու անհնարինության դեպքում՝ ընդունել Ազգերի Լիգայի կողմից ստեղծված արբիտրաժային հանձնաժողովի որոշումը։ Սակայն տվյալ դեպքում, բոլոր կողմերը հույս էին կապել ԵԱՀԽ-ի արդյունավետ միջամտության հետ, որը խնդիրը լուծելու էր «միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն», որոնք յուրաքանչյուր կողմ յուրովի էր պատկերացնում, ինչը բխում է միջազգային իրավունքի բազմակողմանիությունից»[12]։ Հայաստանի կողմից նորանկախ ԼՂՀ-ի հետ հարաբերությունների կառուցումը նույնպես հարթ չէր ընթանում։ Նույն գրքում Զոլյանը նկարագրում է. «ԼՂ Հանրապետության հռչակման փաստը, հանրաքվեն և ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները, ինչպես նաև 06.01.1991թ. ԼՂՀ ԳԽ կողմից ընդունված Անկախության հռչակագիրը Հայաստանից պահանջում էին սեփական դիրքորոշման հստակեցում։ Հոկտեմբերին հանրաքվեն և նախագահական ընտրություններն առանց Լեռնային Ղարաբաղի, բացառապես Հայկական ԽՍՀ տարածքում անցկացնելով և ԼՂԻՄ տարածքում ու Շահումյանի շրջանում նմանատիպ հանրաքվե ու ԳԽ ընտրություններ կազմակերպելով, Հայաստանն ու Ղարաբաղը, փաստացի, չեղարկեցին միավորման մասին 01.12.1989թ. որոշումը։ Սակայն ֆորմալ առումով, այն ուժի մեջ էր մնում։ 1991թ. հունվարին ԼՂՀ ճանաչման և միավորման որոշման չեղարկման շուրջ սուր քաղաքական քննարկումներ ծավալվեցին, որոնք, ճիշտ է, հանրային չէին՝ փակ բնույթ ունեին։ Եթե չհաշվենք լուսանցքային կուսակցությունների ծայրահեղ դիրքորոշումները, որոնք պնդում էին միավորման մասին նախկին որոշման օրինականությունը, մեծամասնությունը հակվում էր ԼՂՀ ճանաչման և նրա հետ տնտեսական-քաղաքական դաշինքի կնքման որոշմանը, ինչը կփոխհատուցեր միավորման վերաբերյալ չեղարկված որոշումը։ Այս պայմաններում նախագահն ու նրա շրջապատը ստիպված եղան փոխզիջումային բանաձև ընդունել. Հայաստանը ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախության ճանաչումից այնքան ժամանակ, մինչև այն չճանաչվի այլ երկրների կողմից, բայց այս դեպքում, ինչպես հայտարարվեց արտաքին գործերի նախարարի կողմից, այս ուղղությամբ աշխատանքները կդառնան արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը։ Միաժամանակ, Գերագույն խորհրդի նախագահությունը խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հարաբերությունների բնույթի մասին քննարկումներից, որոնք մտցվել էին հերթական նստաշրջանի օրակարգ, այն պայմանով, որ իրավիճակի հստակեցման և ԵԱՀԽ-ին ու ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության դեպքում այդ հարցը խորհրդարանում կքննարկվի»…«Ավելի վաղ՝ 1989թ.-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր տարածքը Հայաստանին միացնելու՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի պահանջը։ Սակայն 1992թ. փետրվարի 18-ին խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ հանդիպման ժամանակ արցախահայության պատվիրակությունը տեղեկացվեց, որ 1989թ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին կայացրած որոշումը կարճ ժամանակ է ուժ ունեցել և հետագայում կյանքի չի կոչվել։ Պարոն Արարքցյանը ավելացրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու լիազորություններ չունի և մտադիր է ենթարկվել միջազգային իրավունքին»։

Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունն ի սկզբանե գիտակցում էր նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում իրադրության բարդությունը, պարզ է դառնում նրանից, որ 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում կայացել է ԵԱՀԽ լրացուցիչ հանդիպում, որտեղ Ղարաբայան հակամարտության լուծման մանդատ է տրվել, որի 8-րդ կետում ասվում է. «Նախարարները համոզմունք հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք կոնֆերանսը ճգնաժամի կարգավորման նպատակով մշտական գործող ֆորում կապահովի՝ հիմքում ունենալով ԵԱՀԽ սկզբունքները, պարտավորություններն ու դրույթները։ Նախարարներն այդ կապակցությամբ ԵԱՀԽ նախարարների Խորհրդի գործող նախագահին խնդրեցին հնարավորինս շուտ նման կոնֆերանս հրավիրել»[13]։ Բացի դրանից, 9-րդ կետում արտաքին գործերի նախարարները համաձայնության են գալիս, որ Մինսկում տեղի ունեցող այդ կոնֆերանսին պիտի մասնակցեն Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիայի ու Սլովակիայի Դաշնային Հանրապետությունը և Շվեդիան։ Լեռնային Ղարաբաղի ընտրովի և մյուս ներկայացուցիչները՝ որպես շահագրգիռ կողմի ներկայացուցիչներ, նախագահողի կողմից կհրավիրվեն կոնֆերանսին՝ մասնակցող պետությունների հետ խորհրդակցելուց հետո։ ԵԱՀԽ գործող նախագահը կնշանակի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվող կոնֆերանսի նախագահող։

Սրանք են փաստերը։ ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խմբի առաջարկների էությունն ի սկզբանե հանգում էր Լեռնային Ղարաբաղի տարածքների նկատմամբ իրավունքների բաշխման և առաջարկված բանաձևերով համաձայնության փնտրտուքի։ Բանակցային գործընթացի սկզբնական փուլում քննարկումն ընթանում էր բանակցությունների ձեւաչափի և նախկին ԼՂԻՄ-ի ապագա կարգավիճակի մասին։ Առաջարկվում էր այդ կարգավիճակը որոշել Մինսկի կոնֆերանսի շրջանակում։ 1994թ. զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո իրավունքի բաշխման բանաձևը փոխվեց. ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարբեր տարածքների տրվեցին տարբեր կարգավիճակներ։ Անփոփոխ մնաց միայն ԼՂԻՄ նախկին տարածքի ապագա կարգավիճակի խնդիրը, իսկ մյուս տարածքներն առաջարկվեց վերադարձնել Ադրբեջանին։ Այդ մասին է հավաստում նաև ռուսական հետախուզության նախկին ղեկավար Վյաչեսլավ Տրուբնիկովը։ «Հայկական կողմը միշտ պնդել է և հիմա էլ հավաստիացնում է, թե հայկական ուժերի կողմից յոթ շրջանների ազատումը ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման բաղկացուցիչ մասն է… Ճիշտ է՝ 2000-ականների սկզբին կողմերը, այնուամենայնիվ, ընդհուպ մոտեցել էին հակամարտության լուծմանը։ 2000թ. ապրիլին մենք հանդիպեցինք Քի-Ուեսթում (ԱՄՆ)։ Նախագահներ Ալիևն ու Քոչարյանը նույնիսկ համաձայնեցրել էին խաղաղ համաձայանգրի կետերը»[14]։

Միայն 2007թ. Մադրիդյան սկզբունքների առաջարկների մեջ ամրագրվեց նախկին ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման՝ ոչնչով չսահմանափակված իրավունքը՝ պայմանով, որ որոշակի պահանջներ կկատարեն։ Ընդհուպ մինչև 2016թ. բանակցությունները դրական արդյունքի չհանգեցրին, ավելին՝ Ադրբեջանը ապրիլին խախտեց զինադադարի պայմանագիրն ու ռազմական հարված հասցրեց ԼՂՀ-ին։ Փաստացի, հակամարտության կարգավորման հայկական ղեկավարության կողմից որդեգրված հայեցակարգը հանգում էր «խաղաղություն ամեն գնով» բանաձևին։ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու որևէ խոսակցություն չէր տարվում։ Այդպիսի խոսակցությունները կարգավորման խոչընդոտ էին համարվում։ Այս մոտեցման մեջ բացակայում էր մի կարևոր հանգամանքի գիտակցումը՝ օրինական ուժ կիրառելու իրավունքը տրված էր Ադրբեջանին[15], սակայն խաղադրույքը դրված էր այդ երկրի կողմից խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու ստանձնած պարտավորության վրա։ Գործնականում արդեն 1992թ. Ադրբեջանը որոշեց, որ կարող է օգտվել ռազմական ուժ կիրառելու իր իրավունքից[16]։ Արդյունքում Արցախյան առաջին պատերազմը անցավ առանց միջազգային հանրության միջամտության և երկու կողմերի համար հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի։ Այդ պատերազմի արդյունքում էլ ձևավորվեց ներկայիս ստատուս-քվոն։ Մինչ օրս այդ կանխադրույթն առանցքային է Ադրբեջանի դիրքորոշման մեջ։ Դրա վկայությունն է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի ելույթը ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանում։ Ըստ նրա. «Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն արդյունավետ չլինի, այսինքն՝ Հայաստանի զինված ուժերը առանց նախապայմանների ու ամբողջությամբ չլքեն գրավված ադրբեջանական տարածքները, մենք, միջազգայնորեն ճանաչված սահմաններում, մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջությունն ապահովելու նպատակով ստիպված կլինենք օգտվել ինքնապաշտպանության մեր անքակտելի իրավունքից, ինչը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»[17]։ Միաժամանակ հատկանշական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը հայաստանյան քաղաքականության օրակարգ չմտավ նույնիսկ Ադրբեջանի պարտությունից հետո։

ԼՂՀ անկախության ճանաչման խնդրի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց միայն 2008թ., երբ միակողմանի ճանաչվեցին Կոսովոյի, Աբխազիայի և Օսիայի անկախությունները։ 2008թ. հոկտեմբերի 17-ին Երևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ԱԺ-ին հորդորեց ճանաչել ԼՂՀ անկախությունը, որպեսզի հակամարտությունը միջազգային գործընթացներից դուրս չթողնեն[18]։ Մինչդեռ երկրի ղեկավարությունը հայտարարեց, որ կճանաչի ԼՂՀ-ն, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի։ Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ հայտարարեց 2011թ. Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից։ Վերջին տարիներին ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ մի շարք նահանգներ, Ավստրալիայի Նոր-Ուելս նահանգը։ 2017թ. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտության հանգուցալուծման եղանակը նրա միջազգային ճանաչումն է։

ԼՂՀ ճանաչման թեմային անդրադառնալը, անկասկած, վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական դասը նման մոտեցումը սկսել է դիտարկել որպես ստատուս-քվոն փոխելու ճանապարհ։ Ճանապարհ, որ կասկածի տակ է դնում հակամարտության լուծման համար օրինական ուժ կիրառելու՝ Ադրբեջանի մենաշնորհային իրավունքը։ ԵԱՀԿ կողմից ստատուս-քվոյի փոփոխման 23 տարի կիրառվող բանաձևը, եթե նույնիսկ կասկածի տակ չի դրվում, ապա գնալով ավելի քիչ վստահություն է ներշնչում։ Մինչդեռ հայաստանյան հանրությունը, որը սովորել է ԵԱՀԿ կիրառվող մոտեցումներին, քաղաքական դասի նոր առաջարկներին տարբեր վերաբերմունք է ցուցաբերում։ «Խաղաղություն ամեն գնով» բանաձևը դեռևս համոզիչ է թվում նախորդ դարի 20-ականների պատմական ավանդույթներով դաստիարակված հանրության որոշակի խավի համար։ Դա մի ժամանակաշրջան է, երբ հայ ժողովուրդը կանգնել էր ոչնչացման վտանգի առջև։ «Ցեղասպանության համախտանիշը»` որպես պատմական վախի և հանրային գիտակցության մեջ կեղծ եզրահանգումների ու համոզմունքների հետևանք, դեռևս հաղթահարված չէ։ Նույնիսկ ամենաինտելեկտուալ գործիչները կոչ են անում հաշտվել կարգավորման հայ ժողովրդին առաջարկված բանաձևերի հետ և ենթարկվել միջազգային հանրության պահանջներին։ Ըստ էության, հակամարտության կարգավորման խնդիրը միջազգային հանրությանը փոխանցելու գաղափարը ցայսօր օրակարգային է։

1990-ականների սկզբին, երբ միջազգային կարգի մասին քաղաքական գործիչների գիտակցությունը ձևավորված էր «սառը պատերազմի» տրամաբանության մեջ, բավական համոզիչ էր թեզն այն մասին, որ ԼՂՀ ճանաչման հարցում հայ ժողովուրդը դաշնակիցներ չունի։ Նույնքան համոզիչ էր թվում նաև այն թեզը, որ կովկասյան տարածաշրջանում պատմականորեն ձևավորված ստատուս-քվոն չի կարող փոփոխվել։ «Խաղաղություն ամեն գնով» թեզը դիտարկվում էր որպես Հայաստանի թրքալեզու հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատման միակ ճանապարհ։ Նման մոտեցումը այլընտրանքներ չէր ճանաչում։ Համապատասխանաբար՝ Լեռնային Ղարաբաղում ձևավորված նոր ստատուս-քվոն դիտարկվում էր որպես հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք։

Ներկայումս խոսվում է ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության, իսկ նրա պահպանման դեպքում՝ վտանգի մասին, այսինքն՝ դրա հաղթահարման համար ելքեր են փնտրվում։ Համապատասխանաբար՝ ունենք հետևյալը. միջազգային հանրությունը պնդում է, որ տվյալ հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան զուգահեռ գնալով ավելի քիչ մարդ է հավատում, որ կարգավորումը հնարավոր է տեղի ունենա կողմերի միջև համաձայնության հասնելու միջոցով։ Դեռևս լրջորեն չի դիտարկվում երրորդ մոտեցումը՝ ստատուս-քվոյի փոփոխությունը՝ Ադրբեջանին ԼՂՀ-ի նկատմամբ օրինական ուժի կիրառման իրավունքից զրկելու միջոցով։ Այս մոտեցումը կենսակոչելու ճանապարհին խոչընդոտներ չունի՝ այն ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհն է։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո այս ճանապարհի մասին սկսեցին խոսել միջազգային ասպարեզում։ Հայաստանում ևս այս թեման քննարկվում է, սակայն իրական քաղաքականության մեջ տակավին տեղաշարժ չկա։ 

 

[1] Անկախ Պետությունների Համագործակցության մասին Համաձայնագիր http://cis.minsk.by/page.php?id=176

[2] ԱՊՀ ստեղծման պատմությունը http://files.school-collection.edu.ru/dlrstore/0a374fee-0260-0a4a-1896-3202ca3d2b5f/1012629A.htm

[3]Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդ։ Որոշում։ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=3153. Առաջին կետում ասված է, որ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է 1988 փետրվարի 20-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի կողմից հաստատված ինքնորոշման փաստը։ Երրորդ կետում ասվում է, որ երկու Խորհուրդները հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

[4]ՀՀ Անկախության հռչակագիր։ http://www.gov.am/am/independence/

[5]Алма-атинская Декларация http://cis.minsk.by/page.php?id=178

[6] Անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է 1922թ․-ին ՍՍՀՄ և Թուրքիայի միջև կնքված Ղարսի, այնուհետև՝ Մոսկովյան պայմանագրերով հռչակված սահմաններում։ Հետագայում Վրաստանը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, այդ պայմանագրերը չճանաչեց։ Հայաստանն ու Ադրբեջանը մինչ այժմ ղեկավարվում են այդ պայմանագրերի դրույթներով։

[7] ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի արձանագրություն http://cis.minsk.by/reestr/ru/index.html#reestr/view/text?doc=6

[8]Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%B4%D1%80%D1%83%D0%B6%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%BE_%D0%9D%D0%B5%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B8%D1%81%D0%B8%D0%BC%D1%8B%D1%85_%D0%93%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D1%81%D1%82%D0%B2#cite_note-.D1.80.D0.B5.D1.88.D0.B5.D0.BD.D0.B8.D0.B5.D0.BE.D0.B1.D1.83.D1.81.D1.82.D0.B0.D0.B2.D0.B5-17

[9]Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին՝ մշակել և Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների համագործակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ։

[10]О толковании по запросу о применении положений соглашений и других актов Содружества. http://hrlibrary.umn.edu/russian/cis/Rciscourt2.html

[11] Արևելյան Եվրոպայում և Խորհրդային միությունում նոր պետությունների ճանաչման սկզբունքները http://docs.cntd.ru/document/901888683

[12]Сурен Золян. Нагорный Карабах. Проблема и конфликт. http://armenianhouse.org/zolyan/nf-ru/karabakh/6.html

[13] ԵԱՀԽ Խորհրդի 1992թ. մարտի 24-ի հելսինկյան լրացուցիչ հանդիպում։. http://www.osce.org/ru/mc/29125?download=true

[14]Вячеслав Трубников. Интервью 18 марта 2017 года. http://webarchive.su/undeferred-alliable-badmintons/swallowtail

[15] ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ»։

[16]. ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ կետի համաձայն։

[17] Э. Мамедъяров. Азербайджан воспользуется правом на восстановление территориальной целостности в случае безрезультатности переговоров. http://www.trend.az/azerbaijan/karabakh/2438778.html

[18] Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008թ․հոկտեմբերի 17-ին հրավիրված հանրահավաքում . «5. Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։ Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում»։ http://levonpresident.am/?catID=20&contID=377