ՌԱՀՀԿ-ը քննարկեց ժողովրդավարության կայացմանը միտված քաղաքացիական անհնազանդության շարժումների պատմական դերը. Սերբական փորձ
3 մայիսի 2013թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց դիտողական սեմինար՝ քննարկելով ոչ բռնի պայքարի պատմական նշանակության դեպքեր, որոնք հասարակ քաղաքացիներին հնարավորություն են տվել իրենց ճնշող ղեկավարներին չհնազանդվել ոչ թե զենքի, այլ պայքարի խաղաղ եղանակների կիրառման միջոցով: Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարն է արծարծում Սերբիայի՝ անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգը ոչ բռնի քայլերի միջոցով թուլացնելու եւ փոխելու փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց սեմինարում եւ դարձավ քննարկման առանցքը:
Սեմինարի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ ընդգծելով աշխարհում քաղաքացիական դիմադրության շարժումների կարեւորությունը: Նա, մասնավորապես, ընդգծեց. «Պատշաճ կազմակերպվածությունը՝ որպես գործուն մեխանիզմ, հնարավորություն է տալիս ի կատար ածել համալիր քայլերի ողջ տրամաբանական շարանը, հասնել շարժումների կարճաժամկետ եւ երկարաժամկետ միասնական օրակարգի կենսակոչմամբ պայմանավորված գաղափարների ու նպատակների հաստատմանը: Առանց կազմակերպվածության շարժումը չի կարող վայելել հարյուր հազարավոր շարքային քաղաքացիների աջակցությունը եւ նրանց համար համոզիչ դարձնել ոչ բռնի եղանակով պայքարի մարտավարությունը»:
Վերջում ծավալված քննարկումներին մասնակցող երիտասարդ ակտիվիստները ներկայացրին իրենց դիտարկումները՝ մատնանշելով քաղաքական եւ սոցիալական միջավայրի նպաստավոր պայմանները, որտեղ ուսանողների շուրջ ձեւավորված անհնազանդության պայքարը՝ ժողովրդավարական այլ ուժերի ու խմբավորումների հետ համատեղ, հաջողությամբ պարտության մատնեց Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին: Որպես ամփոփում՝ մասնակիցները համաձայնեցին, որ նման նախաձեռնությունն անհնար կլիներ առանց քաղաքացիական ոչ բռնի դիմակայության արդյունավետ մեխանիզմներով վարչակարգին սատարող ինստիտուտների եւ անհատների նկատմամբ ճնշումների գործադրման:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |