ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի հերթական սեմինար-պարապմունքը
4 մայիսի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում հերթական սեմինար-պարապմունքի օրն էր: «Հասարակության էթնոքաղաքական հայացքների հիմնավորվածությունը եւ դրանց դերը հասարակական-քաղաքական գործընթացներում» թեմայով հանդես եկավ ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: Դասախոսության ընթացքում հնչեցին հետաքրքիր տեսակետներ ու մտքերի փոխանակություններ:
Հիշեցնենք, որ «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին ՌԱՀՀԿ-ում անվճար հիմունքներով գործում է երիտասարդական դպրոց` սկսնակ քաղաքագետների ու փորձագետների համար:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |