Րաֆֆի Հովհաննիսյանի մայիսյան օրակարգից
5 մայիսի 2012թ., Երեւան: Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ողջույններ փոխանակեց եւ զրույց ունեցավ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հետ: Այնուհետեւ նա հանդիպեց ու իր դիտարկումները ներկայացրեց վաղը կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին:
Մայիսի 5-ին Հովհաննիսյանն ընդունեց մի խումբ թուրք լրագրողների, ովքեր այս օրերին Հայաստանում են Հրանտ Դինքի հիմնադրամի հովանավորությամբ: Նա հակիրճ խոսեց հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների, Ցեղասպանության, Հայոց մեծ հայրենազրկման մասին` անդրադառնալով նաեւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին:
Առանձին առիթով Րաֆֆի Հովհանիսյանն իր զորակցությունը հայտնեց համաքաղաքացիներին եւ, հատկապես, այն երիտասարդներին, ովքեր տուժել են նախորդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |