Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ-ը դիտարկեց Լեռնային Ղարաբաղի խնդրի միջազգային համատեքստը

7 նոյեմբերի 2012թ., Երեւան: Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումնային իրավիճակի միջազգային նշանակության եւ կարեւորության թեմայի արծարծմանն էր նվիրված այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) անցկացված մեկօրյա սեմինարը, որին հիմնականում մասնակցում էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ ու թեմայի խորացված ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդ քաղաքագետներ:

Սեմինար-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ, ողջունելով նրա մասնակիցներին, ասաց. «Այս քննարկումների ընթացքում կփորձենք մոդելավորել բախումնային իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավաքաղաքական մեխանիզմներն ու չափանիշները` հստակեցնելու համար մի շարք թեզերի, մասնավորապես ԼՂՀ ճանաչման-չճանաչման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ հասարակության շրջանում տարածված գնահատականներն ու դիրքորոշումները»:

ԼՂ խնդրի միջազգային համատեքստի շուրջ իրենց դիտարկումները ներկայացնելիս փորձագետներ Մարթա Այվազյանը, Լեւոն Գեւորգյանը, Արթուր Ղազինյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Շահնազարյանը անվտանգության հեռանկարների տեսանկյունից գնահատեցին ԼՂ շուրջ բախումնային կացության իրավաքաղաքական իրողությունները եւ ստեղծված իրավիճակի վրա ներազդելու հնարավորությունները` դիտարկելով ինչպես խնդրի միջազգային-իրավական, քաղաքական մոդելներն ու դրանց չափանիշները, այնպես էլ նրա նկատմամբ իրավական ներգործության մեթոդները:

ԼՂ խնդրի միջազգային-իրավական մոդելը, փորձագետների կարծիքով, ներառում է միջազգայնորեն ճանաչված խնդրի էությունը, լուծման առաջարկված տարբերակը եւ այն իրավական ակտերը, որոնք ձեւավորել են ԼՂ խնդրի շուրջ միջազգային դիրքորոշումը: Իսկ որպես քաղաքական մոդելի չափանիշներ` մատնանշվեցին հակամարտության մի շարք ասպեկտների շուրջ միջազգայնորեն ճանաչված անհամաձայնության փաստը, ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման միջազգային գործընթացի առկայությունը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի պարտավորությունը եւ վերջինիս կողմից ուժի կիրառումը միջազգայնորեն խոչընդոտելու իրողությունը:

Նույն չափանիշների լույսի ներքո ամփոփվեցին նաեւ ԼՂ հայերի ինքնորոշման միջազգայնորեն չճանաչված իրավունքը, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության ու ԼՂ հայերի իրավունքների փաստացի ճանաչումը, ինչպեսեւ ԼՂ շուրջ բախումնային իրավիճակի վերաբերյալ տարածաշրջանային տերությունների դիրքորոշումների փաստացի հակասությունը:

ԼՂ խնդրի վրա իրավական ներգործության մեթոդների առումով փորձագետներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի լճացումն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ նույն խնդիրների ծագման հնարավորությունը ԼՂՀ անկախության ճանաչման պարագայում: Բանախոսները որոշակի ռեսուրս եւ, միեւնույն ժամանակ, ռիսկեր են տեսնում թե´ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման եւ թե´ խնդրի միջազգային-իրավական մոդելի փոփոխության համատեքստում:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here