|
ՌԱՀՀԿ. արծարծվեց քաղաքացիական հասարակության դերի թեման

11 մայիսի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասընթացը, որը նվիրված էր ժողովրդավարության կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերին: Երիտասարդ ունկնդիրների համար թեման պարզաբանեց ու կյանքից քաղված մի շարք կենդանի օրինակներով «համեմեց» «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը:
Սա «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ընթացիկ ուսումնական տարվա սկզբից դասավանդվող 8-րդ պարապմունքն էր եւ, ի դեպ, առաջինը «Հայաստանի ու Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրները» ենթաբաժնից:

ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի պարապմունքները, ինչպես հաղորդվել է, անցկացվում են շաբաթական պարբերականությամբ: Սեմինարին մասնակցում են փորձագիտական-վերլուծական հակումներով օժտված 24 երիտասարդ ունկնդիրներ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |