Հոդվածների ներկայացման հրավեր
ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀ: ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ
ՌԱՀՀԿ Վերլուծական Հանդես
Փոփոխվող Աշխարհ: Հայացք Երեւանից ՌԱՀՀԿ վերլուծական հանդեսը հրավիրում է ներկայացնել հոդվածներ` նախատեսված իր մեկնարկային թողարկման համար: Թիրախային ընթերցողը քաղաքացիներ են, անհատ փորձագետներ եւ ոլորտում գործող հաստատություններ Հայաստանում եւ Սփյուռքում: Հանդեսը հասու է տպագիր, եւ էլեկտրոնային տարբերակներով:
Այս նոր հայալեզու հրատարակության նպատակը տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսի ներքո Հայաստանի այսօրվա ու վաղվա կարեւորագույն մի շարք խնդիրների, մարտահրավերների ու հեռանկարների համայնապատկերի արտացոլումն է թարմ հայացքով մատուցվող գաղափարների, առաջարկների, այլընտրանքային մոտեցումների միջոցով, որոնք կարող են լավագույն բանալի լինել մեր պետության առջեւ ծառացած բազում կնճռոտ հարցերին լուծում տալու տեսանկյունից:
Պարբերականի խմբագրակազմն ընդունում է չտպագրված բնագիր հոդվածներ, որոնք համապատասխանում են հանդեսի առաքելությանը: Աշխատանքները խնդրում ենք մինչեւ 2012թ. մարտի 2-ը ուղարկել հետեւյալ էլեկտրոնային փոստով` root@acnis.am.
Հոդվածներին առաջադրվող լրացուցիչ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |