Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարի հետ
16 մարտի 2012թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ-ի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին (Katherine Leach): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |