Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ ամառային պրակտիկան ավարտված է

16 օգոստոսի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) յուրաքանչյուր ամառ իրենց պրակտիկան են անցնում տարբեր երկրներից ժամանած եւ Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողներ: Այս տարին եւս բացառություն չէր. ՌԱՀՀԿ-ն իր հյուրընկալ դռներն էր բացել Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Զաքարի Անտոյանի (ԱՄՆ) եւ Հայաստանի Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքագիտական գործընթացների եւ տեխնոլոգիաների բաժնի ուսանող Լեւոն Ագատյանի առջեւ:

Ամերիկաբնակ սփյուռքահայ ուսանող Զաքարի Անտոյանի մասնագիտացումը քաղաքագիտություն եւ փիլիսոփայություն է: ՌԱՀՀԿ-ում նրա հետազոտության թեման էր «Համառության արժանիքները. վատատեսությունը Հայաստանի քաղաքական մշակույթում»: Ի թիվս այլ աղբյուրների՝ նրա ուսումնասիրության ելակետերից են ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի, ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի, փորձագետներ Սարո Սարոյանի, Էդգար Վարդանյանի եւ Արմինե Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցները: Զաքարին Հայաստանում էր գտնվում Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակում:

Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանող Լեւոն Ագատյանը մեկ ամսվա ընթացքում աշխատեց «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. փաստեր եւ իրականություն» թեմայի շուրջ: Նրա հետ նույնպես համագործակցեցին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը եւ փորձագետ Սարո Սարոյանը:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here