ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցում քննության առան քաղաքացիական նախաձեռնությունների թեման
18 մայիսի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում այսօր տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունքը: Դասախոսությամբ հանդես եկավ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) ՀԿ նախագահ Արփինե Գալֆայանը: Հասարակական գործունեության ծիրում քաղաքացիական նախաձեռնություններն այն հիմնական կորիզն էր, որի շուրջ էլ ծավալվեցին երիտասարդական դպրոցի ունկնդիրների տեսակետները:
«Հայաստանի եւ Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրները» թեմատիկ շարքի հաջորդ սեմինարը կանցկացվի մայիսի 25-ին, որի ընթացքում կքննարկվեն հանրային փոխհարաբերություններին առնչվող հոգեբանական որոշ դիտանկյուններ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |