Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

Քաղաքական դաշտը ընտրությունների մեկնարկին

2013-ի նախագահական ընտրությունների մեկնարկին ստեղծված քաղաքական իրավիճակը, թեեւ ունի որոշակի նմանություններ նախկին ընտրությունների մեկնարկային փուլի հետ, սակայն շատ առումներով նաեւ տարբեր է եւ պարունակում է լիովին նոր տարրեր։

Իշխող վարչախումբը շարունակում է ունենալ լեգիտիմության մեծ դեֆիցիտ եւ ընտրությունների մեջ է մտել իր ուսերին ծանրացած բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Սարգսյանի պաշտոնավարության ժամկետի վերջում  Հայաստանում առկա ռեժիմի բնույթը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչեւ նրա պաշտոնավարության սկիզբը՝ ոչ ժողովրդավարական։

Սարգսյանն ու իր թիմը` հաշվի առնելով այն, որ մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային, անորոշ իրավիճակ է(որն, ի դեպ, ստեղծվել է ոչ առանց իշխանությունների մասնակցության) եւ չկա հզոր ընդդիմադիր շարժում, իսկ մյուս կողմից՝ միջազգային հանրության հստակ մեսիջը, որ վարչախմբի համար խիստ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները եւ արեւմուտքի կողմից որոշակի քաղաքական աջակցությունը կտրամադրվեն այն դեպքում, երբ ընտրությունները միջազգային հանրության կողմից ավելի լավ գնահատականի արժանանան, քան բոլոր նախկինները, սեփական վերարտադրումը ապահովելու համար ընտրել է «փափուկ», մանիպուլյատիվ քաղաքականության մարտավարությունը եւ կարծես թե հակված է հիմնականում օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, այլ ոչ բիրտ ուժը եւ ընտրական փաստաթղթերի հետ կատարվող զանգվածային մեքենայությունները։ Թեեւ պետք է նշել, որ ընտրացուցակների հետ կապված խնդիրը այսօր էլ մնում է ակտուալ եւ հասարակությունում շատերը խորը կասկած ունեն, որ բազմակի քվեարկությունը այս ընտրությունների ժամանակ էլ է կիրառվելու։

Վարչախումբը որոշակի, այսպես ասած, «ֆորտչկաներ» է բացել, մի կողմից՝ հասարակությունում կուտակված դժգոհությունը դրանց միջոցով դուրս հանելու, մյուս կողմից էլ՝ արեւմուտքի առջեւ ռեֆորմատորի կերպար ստեղծելու նպատակով։ Ի տարբերություն իր նախորդի, Սարգսյանը եւ նրա թիմը սեւ PR գրեթե չեն օգտագործում, սակայն ԶԼՄ-ների եւ հիմնականում հեռուստատեսության միջոցով նրանք մնացած բոլոր թեկնածուների համար նրբորեն ստեղծում են անլուրջ, ժողովրդի լեզվով ասած, «թեթեւսոլիկի» կերպար։

Սակայն վարչախմբի համար արդեն իսկ առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք ունեն պոտենցիալ՝ հիմնովին խառնելու վարչախմբի խաղաթղթերը։ ԵԽԽՎ պատվիրակությունը վերջերս ընտրությունների վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններով հանդես եկավ, ինչին հետեւեց իշխանությունների նույնքան կոշտ եւ զգացմունքային պատասխան-քննադատությունը, ինչը վկայում է, որ վարչախումբը խիստ անհանգստացած է այդ հայտարարության հնարավոր հետեւանքներով։ Հասարակությունում, կարծես թե, նոր թափ են ստանում ընտրությունների՝ կեղծ լինելու եւ, ընդհանրապես, վարչախմբի ոչ դեմոկրատական, հակաիրավական գործելակերպի վերաբերյալ քննարկումները։ Հատկանշական է, որ ռեժիմի ոչ դեմոկրատական լինելու, վարչախամբի հակաիրավական գործողությունների մասին խոսում են գրեթե բոլորը:

Նոր քննարկումներում հատկապես կարեւորվում է այն, որ դիսկուրսի մասնակիցների կողմից առաջին պլան է մղվում հետեւյալ հարցը. ի՞նչ անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդհանրապես եւ, մասնավորապես, ի՞նչ վերաբերմունք եւ վարքագիծ ցուցաբերել այս ընտրությունների նկատմամբ։ Եվ պետք է նշել, որ այս ընտրությունների յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ընտրությունների վերաբերյալ քննարկումներում ավելի շատ խոսվում է հենց ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի մասին, քան՝ նախընտրական ծրագրերի։

Նշված դիսկուրսի մասնակիցներից ոմանք գտնում են, որ այս ընտրությունները առիթ են ստեղծում ռադիկալ փոփոխությունների համար, եւ որ պետք է մասնակցել դրանց, մոբիլիզացնել հասարակությանը, հրավիրել ընտրատեղամաս եւ քանի որ իշխանությունները, այսպես ասած, մոնիտորինգի տակ են եւ չեն կարողանալու բիրտ կերպով ճնշել ժողովրդին, մյուս կողմից էլ՝ հասարակությունն ավելի է հասունացել ժողովրդավարական փոփոխությունների համար, ուստի ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների ակտիվ, բարձր մասնակցության պարագայում հնարավոր է հասնել հաջողության եւ իշխանափոխություն անել, դրանով իսկ սկիզբ դնել դեմոկրատական ռեժիմի հաստատմանը։ Այս դիրքորոշմամբ են ընտրություններին մասնակցում, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը։

Այս առումով հարկ է նշել, որ մի շարք ոչ դեմոկրտական երկրներում իսկապես եղել է այնպես, որ իշխանությունների կողմից կազմակերպված ընտրություններում ընդդիմությունը հաղթել է եւ այս առումով պետք է որոշակի կասկածանքով մոտենալ այն պնդումներին, որ ոչ դեմոկրատական իշխանությունների կողմից կազմակերպված որեւէ ընտրության ժամանակ հաղթելու հնարաորություն չկա։ Սակայն բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի ընտրություններում ընդդիմությունը հաղթել է, երկրում առկա է եղել հզոր դեմոկրատական շարժում, որը կարողացել է չեզոքացնել իշխանական կեղծարար մեքենայի գործունեությունը։

Այսինք, եթե այսօր Հայաստանում ընդդիմադիր թեկնածուները ցանկանում են ընտրություններին հաջողության հասնել, ապա առաջին հերթին պետք է նպաստեն նոր, հզոր ընդդիմադիր շարժման ստեղծմանը։ Նրանք պետք է կարողանան գտնել հետեւյալ հարցի պատասխանը. ի՞նչ ես անելու ոչ դեմոկրատական ռեժիմի պայմանններում կազմակերպվող ընտրություններին հաղթանակելու համար, քանզի միայն սովորական նախընտրական քարոզչությամբ հնարավոր չէ հաղթել հակադեմոկրատական վարչախմբին, այլապես եթե այդպես հնարավոր լինի, կնշանակի, որ այդ ռեժիմը առնվազն էլեկտորալ ժողովրդավարություն է։

Մեր կողմից նշված դիսկուրսի այլ մասնակիցները հայտարարում են, որ չի կարելի մասնակցել ոչ դեմոկրատական ռեժիմի օրոք կազմակերպված ընտրությւոններին, քանզի հնարավոր չէ հաղթել դրանցում։ Նրանք պնդում են, որ մասնակցողները լեգիտիմացնում են ոչ լեգիտիմ ընտրությունները։ Ի դեպ, այս դիրքորոշումը կիսողներից ոմանք, օրինակ, Սարդարապատ շարժումը, նախընտրում են ընդհանրապես որեւէ կերպ չմասնակցել ընտրություններին եւ պատրաստվում են նախաձեռնել ռադիկալ փոփոխությունների հասնելու համար այլընտրանքային ընտրություններ։ Ոմանք էլ, օրինակ, հացադուլի մեջ գտնվող թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ նրան սատարող թիմը, իմ պատկերացմամբ, մասնակցում են ընտրություններին այն առումով, որ օգտագործեն դրանք նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու, իշխանությունների նկատմամբ ճնշում իրականացնելու, ընտրությունների ոչ լեգտիմությունը եւս մեկ անգամ բոլորին ի ցույց դնելու եւ պայքարի այլընտրանքային ձեւաչափի վերաբերյալ նոր դիսկուրս ստեղծելու համար։

Ընդհանրապես, պետք է նշել, որ դեմոկրատական ռադիկալ փոփոխություններ ցանկացող բոլոր ուժերը, եթե չգտնեն համագործակցության ինչ-որ մի ձեւաչափ, կարող են, խանգարելով մեկը մյուսին, թուլացնել հենց սեփական դիրքերը, ինչն, իր հերթին, բնականաբար չի կարող շահեկան լինել ռադիկալ դեմոկրատական փոփոխություններ ցանկացող հանրության համար։ Կարծում եմ, որ այդ հանրության համար միավորող գործոն կարող է լինել «ընդդեմ ռեժիմի» գաղափարը։ Այս առումով բոլոր ընդդիմադիր ուժերը՝ օգտվելով այն հանգամանքից, որ ընտրությունների փուլում քաղաքականությունը հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ամենը թեկուզեւ մնալով ընտրությունների վերաբերյալ սեփական մոտեցման դիրքերում, կարող են «ընդդեմ ոչ դեմոկրատական ռեժիմի» օրակարգով համագործակցել եւ կազմակերպել քաղաքացիների ակտիվ, խաղաղ գործողություններ՝ ստեղծելով ռեժիմին դիմակայելու մթնոլորտ։

Էդգար Վարդանյան
ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան

23.01.13


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

Instructions If you do not see Armenian text click here