ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի մուտքն ազատ է
30 մարտի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում այսօր տեղի ունեցավ «Անցումային հասարակությունների առանձնահատկությունը» թեմատիկ շարքի երկրորդ պարապմունքը, որը կրում էր «Քաղաքացիական եւ ավանդական հասարակություններ: Ընտրություններն իրավական եւ ոչ իրավական պետությունում» խորագիրը: Այն հայաստանյան ընտրությունների յուրահատկությունների հետ սերտորեն շաղկապված` ունկնդիրներին մատուցեց ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սկսնակ քաղաքագետների ու փորձագետ-վերլուծաբանների համար անվճար հիմունքներով արդեն երկրորդ տարին գործող դասընթացները կշարունակվեն մինչեւ առաջիկա հունիսի 15-ը` շաբաթական պարբերականությամբ: Քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման խնդիրներով հետաքրքրված բոլոր երիտասարդների համար մուտքն ազատ է:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |