Thursday, 21 February 2019

F Free Platform

Ժողովրդավարությունը փարիսեցիություն չի հանդուրժում

Հայաստանում ժողովրդավարությունը ֆանտաստիկ ճկունություն դրսեւորող հասկացություն է, որն ըստ պահի նպատակադրության՝ կարող է ստանալ ամենաաներեւակայելի բնորոշումները: Սրանով պայմանավորված՝ մենք տեսել ենք այդ հասկացության բազում ձեւախեղումներ, ինչի հետեւանքով այսօր ունենք դրա լիովին աղճատված պատկերը:

Բնականաբար՝ ժողովրդավարությունը միշտ տեղայնացվում է՝ որոշ բաղադրիչներ հարմարեցվում են տվյալ երկրի յուրահատկություններին, բայց ժողովրդավարության հիմնարար գաղափարներն ու ֆունդամենտալ արժեհամակարգն աղավաղման ու վերակերպումների ենթակա չեն: Աքսիոմատիկ պնդումներից է, որ կիսատ-պռատ ժողովրդավարություն չի լինում. այն կամ բոլոր իր ինստիտուտներով հաստատվում ու գործում է ժամացույցի մեխանիզմի պես, կամ վերածվում է զավեշտի:

Ժողովրդավարությունը ստեղծվում է այնտեղ, որտեղ հանրությունը կարողանում է ինքնակազմակերպվել ու հստակ ձեւակերպել իր համագոյակցությունը կարգավորող սկզբունքները: Հանրային փոխհարաբերությունների կառուցման հայեցակարգը սկսում է բյուրեղանալ, երբ հանրությունը պարզորոշ գիտակցում է, թե ինչպիսի արժեհամակարգային տեսլականի համապարփակ իրացմանն է ուղղված լինելու իր ողջ ստեղծարար գործունեությունը:

Այդպիսի ստեղծարար տեսլականի բացակայության եւ համատարած խավարամտության պայմաններում, երբ հանրույթի գիտակցական ողջ ներուժը հազիվ բավարարում է պատմության գիրկն ուղարկված մի քանի խրտվիլակի շուրջ ծավալվող իրադարձությունները ծամծմելուն՝ ժողովրդավարական լուրջ համակարգի ստեղծման հայեցակարգը՝ չպահանջված մնալու արդյունքում, աստիճանաբար սկսում է մարել: Երբ հարույթն՝ ինքը, բացարձակ հետաքրքրված չէ սեփական համագոյակցությունը կարգավորող կառույցի ստեղծմամբ ու ոչ մի ջանք չի գործադրում, որպեսզի գոնե հասկանա, թե իր ինչին է պետք նման համակարգը, ապա շատ արագ փոշանիում է լուրջ փոփոխություններ իրականացնելու՝ ցանկացած կառավարության մտադրություն, եւ սկիզբ է առնում լղոզման՝ մեզ քաջածանոթ գործընթացը: Եթե ներքեւից վերեւ միտված համակարգային փոփոխությունների պահանջ չի ձեւավորվում, կարող եք հանգիստ լինել՝ վերեւից ներքեւ նման պահանջ հազիվ թե երբեւէ իջեցվի...

Իհարկե՝ ցանկացած իշխանության համար չափազանց հեշտ է հեղհեղուկ հասկացությունները վերաձեւել սեփական կարիքներին համապատասխան ու լղոզված իրողություններին տալ ամենահարմար ձեւակերպումները: Անհամեմատ ավելի դժվար է տրանսֆորմացնել հստակ ձեւակերպված երեւույթներն ու հասկացությունները: Միգուցե սրանո՞վ է պայմանավորված համատարած վախը փոքրիշատե հստակեցված ցանկացած համակարգ ձեւավորելու հնարավորության հանդեպ: Միշտ էլ ավելի ձեռնտու է ժողովրդավարության ինստիտուտներն ու գաղափարները ազատ կամ ընտրովի մեկնության դաշտում թողնել եւ շարունակ խուսանավել տարաբնույթ մեկնությունների բավիղներում:

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am