Friday, 19 April 2024

F Free Platform

Հասարակության ինքնաիրացման պահը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ցանկացած կայացած հասարակություն ինքնակազմակերպվում եւ սահմանում է իր համար ամենանախընտրելի համակեցության պայմանները, որոնք էլ դառնում են այն ուղենիշները, որոնցով պետք է առաջնորդվեն երկրի իշխանությունները՝ տվյալ երկրի կառավարումն իրականացնելիս: Սակայն հետխորհրդային տարածքում, այդ թվում Հայաստանում, հասարակությանը չվստահվեց սեփական համակեցության պայմաններն ինքնուրույն որոշել եւ սահմանել այն համընդհանուր արժեքները, որոնց շուրջ պետք է ձեւավորվեին ներհասարակական եւ հասարակություն-պետություն փոխհարաբերությունները:

Ստացվեց այնպես, որ իշխանության եկած ուժերը միանձնյա որոշեցին, որ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչպես պետք է երկիրը կառավարվի եւ ինչպիսի դեր այդ հարցում պետք է հատկացվի հասարակությանը: Արդյունքում հասարակությունը պարզապես հայտնվեց լուսանցքում՝ փաստացի զրկվելով պետության կառավարման վրա ազդելու գրեթե բոլոր լծակներից: Պետությունն օտարվեց քաղաքացիներից եւ սկսվեց դիտարկվել որպես թշնամանական մի երեւույթ, որը միայն բռնաճնշում եւ տանում է՝ զրկելով իրավունքներից եւ ռեսուրսներից:

Պետություն-հասարակություն հակամարտությունը հանգեցրեց պետության դերի եւ նշանակության աղճատմանն ու ձեւախեղմանը: Հասարակության լայն շերտեր՝ ամեն մեկն իր մակարդակում եւ հնարավորությունների սահմանում, սկսեցին կապկել իշխանությունների ապօրինությունները՝ դրանք բնականոնացնելով ու դարձնելով ստվար զանգվածների համար ընդունելի: Օրինականությունն ու արդարադատությունը համարվեցին ավելորդ ատրիբուտներ, եւ իշխանություններն իրենց այլեւս նեղություն չէին տալիս օրենքի գերակայության ձգտում սերմանել մի հասարակությունում, որն ինքնակամ մերժում էր օրենքը, մինչեւ որ դրա բացասական հետեւանքները հանգեցրին իշխանության «մերժմանը»:

Հասարակությանը միայն անցյալ տարի հաջողվեց պետության կառավարման լծակները՝ մասնավորապես ազատ, ժողովրդավար ընտրությունները, իրենց ձեռքը վերցնել եւ ընտրել սեփական իշխանություններին: Սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում հասարակությունն այնքան է շերտավորվել եւ մասնատվել ու հասարակություն-պետություն փոխհարաբերությունների մասին ունեցած պատկերացումներն այնքան են խեղաթյուրվել, որ համակեցության համընդհանուր արժեհամակարգի ստեղծումը չափազանց բարդ խնդիր է դարձել:

Հասարակության տարբեր հատվածներ երկար տարիներ առաջնորդվել են տարատեսակ ներխմբային հետաքրքրություններով՝ սպասարկելով միայն սեփական նեղ շահերն ու դրանց պաշտպանության եւ առաջմղման համար սահմանելով խաղի որոշակի կանոններ: Այդ կանոնները ծնել են սեփական ապօրինությունների «թույլատրելիության» խաբկանք, եւ այսօր չափազանց դժվար է այդ զանգվածներին ետ բերել օրինականության դաշտ՝ զրկելով «արտոնյալ» կարգավիճակից: Բոլորի համար ընդունելի խաղի կանոնների հաստատման համար պետք է բյուրեղանա այն արժեհամակարգը, որի դեպքում բոլոր շերտերն անխտիր կունենան իրենց կայացման եւ ինքնաիրացման անհրաժեշտ կենսապայմանները, եւ այդ շերտերի միջեւ փոխհարաբերությունները կկարգավորվեն ու կհամակարգվեն ոչ թե անձերի կամ խմբերի, այլ միայն օրենքների դաշտում: Այդ օրենքների համակարգի ստեղծումն է հասարակության հաջողության կարեւորագույն գրավականը: Առանց գիտակցված մոտեցման եւ ներքեւից վերեւ գնացող առողջ ազդակների, իշխանությունները դժվարությամբ կկարողանան մշակել կենսունակ համակարգ, որը կսպասարկի հասարակության շահերը:

Ամբողջ աշխարհում մարդիկ շարունակ պայքարել են իրենց իրավունքների եւ դրանց ամրացման ու պաշտպանության համար՝ սահմանափակելով իշխանությունների հնարավորությունները եւ ստիպելով դառնալ հաշվետու ու թափանցիկ: Սակայն Հայաստանում հակառակ գործընթաց է գնացել. մարդիկ անդադար պայքարել են ապօրինության դաշտ մտնելու համար՝ ռեսուրսներ կուտակելու եւ տնօրինելու նպատակով:  Արդյունքում ստեղծվել է անառողջ վիճակ, որը երկար տարիներ թույլ չի տվել, որպեսզի ստեղծվի համապարփակ տնտեսական բարօրության հաստատման անհրաժեշտ կենսունակ համակարգ:

Այսօր հասարակության բոլոր խավերի կողմից պետք է գիտակցվի, որ օրենքը պատժիչ մեխանիզմ չէ, այլ քաղաքացու իրավունքների պաշտպանության գործիքակազմ, որի լիակատար կիրառմամբ է միայն հնարավոր մշտապես հաշվետու պահել իշխանություններին եւ հասնել ընդհանուրի բարեկեցությանը:

 

Մարինա Մուրադյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.