Tuesday, 26 November 2024

F Free Platform

Մենք եւ սոցցանցերը. ֆեյսբուքյան բարքեր

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մտահոգությունս այս անգամ իմ «ես»-ով կգրեմ՝ հավատարիմ մնալով «Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսի՛ր» ժողովրդական խոսքին։

Մեր ձախորդությունների առանցքում կա այպանելի մի երեւույթ, որը գալիս է չիմացությունից, իսկ եթե ավելի կոշտ՝ տգիտությունից։ Խոսքը վերաբերում է ՖԲ հարթակի` մեզ տեսանելի իրողությանը:

Եվ այսպես, պատահում է` շատ տեղին ասված միտք կամ վերլուծական որեւէ մեկի խոսք տեղադրում ենք` ցանկանալով մեր ընկերական միջավայրին հասու դարձնել իրավիճակը։ Ու զարմանալին այն է, որ  հատուկենտ անձանց կողմից է ուշադրության արժանանում, անգամ երբեմն հիշեցնում ենք, որ կարելի է լսել այս մի քանի րոպեանոց հաղորդումը, սակայն զգացվում է, որ մի սովորական նկար շատ ավելի մեծ տեղ ունի, քան այն միտքը, այն խոսքը, որը կարելի է կարդալ կամ լսել` ուղեղը հարստացնելու համար։

Այո՛, մենք տեղ ենք տալիս նկարներին, քան հասու մտածողությանը` խուսափելով կարդալուց կամ մեկի տեսակետը լսելուց։

Ես ամեն օր հարստանում եմ` լսելով հարցազրույցներ, տեղ տալով տարբեր կերպ մտածող անձանց մտքերին, աշխարհի ու երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ երբեմն հակադարձելով տարբեր մեկնաբանություններին կամ միաձայն լինելով նույնակերպ կարծիքներին։

Երբ կշռաքարի նժարներին է դրված ինչ-որ նկար եւ մի խելացի միտք, ապա այստեղ կշիռ չունի այդ նկարը` անկախ նրանից, թե ում նկար կամ նկարներ են… Ստացվում է, որ մենք առաջնահերթությունը տալիս ենք տեսողականին, բայց ո՞ւր մնաց այն խելացի միտքը, իրողության ստույգ եւ ճշմարտացի վերլուծությունը, որը հարստացնում է մեզ, ապահովում մեր իմացության մակարդակը։

Երբեմն նկատելի է ՖԲ տարածքում, որ մեկ-երկու րոպեում ընթերցվում են տարբեր գրառումներ։ Բայց ո՞ւմ են պետք այն հավանությունները, որոնք հաջորդաբար շարվել են` առանց տվյալ նյութն ընթերցելու։ Այսպես ասած՝ մենք երբեմն «աչքակապությամբ» ենք զբաղվում` «դիմացինին» ցույց տալով, թե ընթերցասեր ենք։ Նման վիճակն անհանդուրժելի է, երբ տեղ ենք տալիս ցուցադրությանը` մեր հավանությունների տեսանելիությամբ։

Էլ չասեմ մեր գրառումների կողքով «անտարբեր» անցնողների մասին, որոնց հետքերը մաքրելու համար մենք ժամանակ ենք վատնում։ Էլ չասեմ այն «խելացիների» մասին, որոնք խելք են սովորեցնում։

Երկիր ենք կորցնում` դժվար օրեր անցնելով, գոնե մեր լսելիքը հարստացնենք, մեր կարդացածով հարստանանք, որ գրագետ ձեւով պայքարենք, նույնքան գրագետ էլ դիմակայենք մարտահրավերներին` հասկանալով, որ մեզ ապրել է պետք նույնպես գրագետ… Այո՛, պիտի գրագետ լինել ամեն ինչում` մեր խոսքում, մեր գործողություններում, մեր վարվեցողության մեջ եւ հանուն ազատության մեր ոգորումներում:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.