Thursday, 06 May 2021

F Free Platform

Իսրայելական ազգ-բանակը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Իսրայելում չկա անհրաժեշտություն մարդկանց համոզելու ծառայել բանակում։ Ավանդորեն բանակում ծառությունից խուսափող եւ իրենց ունակությունները հիմնականում առեւտրական գործունեության մեջ դրսեւորող հրեաները կարողացել են ստեղծել այն եզակի «Ազգ-բանակ»-ը, որի մասին Հայաստանում միայն կարող են երազել։

Մի կողմ թողնենք բանակի դոկտրինան, պլանավորումը, գիտատեխնիկական բազան, այլ հասկանանք այդ բանակի զուտ «մարդկային» կողմը, որի պատճառով իսրայելցիները ոչ միայն պատրաստակամությամբ են ծառայում, այլեւ շնորհակալ են լինում բանակին իրենց ծառայության տարիների համար։ Բանակում ծառայած իսրայելցի տղաներն ու աղջիկները մինչեւ կյանքի վերջ կապված են լինում բանակին։ Ինչպես է դա հաջողվում անել Իսրայելում ու ինչու դա չի ստացվում Հայաստանում։

Պենտագոնի մի ուսումնասիրության մեջ հետեւյալ տողերն են գրված իսրայելական ու ամերիկյան բանակների տարբերության մասին․ «Մենք զինվորներին թեժ վայրեր ուղարկելուց ասում ենք․ «թեկուզ զոհվեք, բայց առաջադրանքը կատարեք», Իսրայելում ռազմական առաջադրանքի ուղարկելուց ասում են․ «արեք ինչ ուզում եք, սակայն ողջ վերադարձեք»»։

Իսրայելական բանակում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում։ Իսրայելական բանակի զինվորի ուղեցույցում գրված է․ «Եթե դու գերի ես ընկնում, ապա մի պահիր ռազմական գաղտնիքը, պատմիր այն ամենը, ինչ գիտես։ Գլխավորն այն է, որ դիմանաս այնքան ժամանակ, մինչեւ մենք կարողանանք գալ եւ քեզ ազատել»։

Իսրայելական բանակում չկան «լավ» եւ «վատ» տղաներ ու աղջիկներ, բոլորը հավասար են ու միմյանց գնահատում են այնպիսին, ինչպիսին որ կան։ Նրանց միավորում է մեկ գաղափար․ նրանք կատարում են իրենց պարտքը։

Բանակում կոռուպցիայի որեւէ փաստի հայտնաբերման դեպքում մեղավորներն իրենց ապագա կյանքում «կորած» մարդիկ են, նրանք մինչեւ կյանքի վերջ արհամարհված են հասարակության կողմից։ Իսկ դեպքերը (որոնք Հայաստանում համատարած են), երբ գումարով արձակուրդ ստանան կամ հրամանատարների ծառեր կտրեն վաճառքի համար, կամ որ զինվորի ուտելիքի ու հանդերձանքի հաշվին գումարներ կարողանան աշխատել, անհավատալի ու անհասկանալի երեւույթներ են։ Եթե նման տեղեկություն հայտնվի մամուլում, որը կարող է խաթարել բանակի նկատմամբ եղած վստահությունը, ապա դա մանրակրկիտ եւ հրապարակային կերպով ուսումնասիրվում է։ Ոչինչ չպետք է խաթարի բանակի նկատմամբ եղած վստահությունը։

Իսրայելում երբ զինվոր է մտնում քաղաքային տրանսպորտ, անգամ տարիքով մարդիկ են ոտքի ելնում նրանց տեղ տալու համար, կամ կարող են փողոցում մոտենալ եւ շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։

Հայտնի դեպք է, որ երեք զոհված զինվորների դիերի համար Իսրայելը 800 պաղեստինցի դատապարտյալ է ազատ արձակել։ Ցանկացած զինվոր գիտի, որ իր հետեւում պետություն է կանգնած, որն ամեն ինչ կանի իրեն ազատելու կամ իր արժանապատվությունը պահելու համար թեկուզ զոհվելուց հետո։

Իսրայելական բանակում չկա զինվորի մահվան գույժը հայտնող նամակ հասկացությունը։ Երբ զինվոր է զոհվում, այդ լուրը հարազատներին հայտնում են մի քանի զինվորականներ անձամբ` այդ զորամասի սպայի գլխավորությամբ։ Նպատակն այն է, որ զինվորի հրամանատարը այդ լուրը հայտնելուց նայի զինվորի ծնողների աչքերին։ Ցանկացած հրամանատար պետք է զգա զինվորի մահվան համար իր անձնական պատասխանատվությունը։

Իսրայելական բանակը շատ սերտ կապի մեջ է զինծառայողների ծնողների հետ։ Օրինակ՝ մի անգամ, երբ երկու ռազմական ուղղաթիռներն էին միմյանց բախվել, ողջ բանակի զինծառայողներին հրաման էր տրվել զանգել իրենց հարազատներին եւ ասել, որ իրենք ողջ են, մինչեւ որ այդ լուրը հասարակությանը հայտնի է դարձել։ Դա արվել է, որպեսզի նրանց ծնողները այդ լուրը լսելուց հետո տեղյակ լինեն իրենց երեխաների որպիսության մասին։

Ընտանիքների հետ կապը ապահովվում է տարբեր եղանակներով։ Օրինակ՝ մի զորամասում դեսանտայինների օդապարիկով առաջին թռիչքից առաջ վայրեջքի հրապարակում հայտնվել էին զինծառայողների նախկին դեսանտային մայրերը եւ իրենք էին առաջինը թռել։ Նրանց օդապարիկների վրա գրված էր․ «Տղաս, մի վախեցիր, ցատկիր, մայրիկդ այստեղ է»։

Իսրայելցի զինծառայողներն իրենց երդումը տալիս են Հոլոքոստի հուշահամալիրում։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողները, որոնք այլ երկրում էին ապրում, ցանկացել են, որ զինվորի դին իրենց ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորվի։ Դին հատուկ ինքնաթիռով տեղափոխվել է այդ երկիր զինվորականների ուղեկցությամբ, ովքեր տարել են նաեւ մի քանի պարկ իսրայելական հող, որպեսզի զինվորը հանգչի այն հողում, որի համար զոհվել է։

Բանակում զինվորական կոշիկներ ստանալիս զինվորը պետք է բժշկի թուղթ ներկայացնի, որ այն իր համար հարմար է եւ խնդիրներ չի առաջացնում։ Հակառակ դեպքում նա կարող է ծառայել թեկուզ սպորտային կոշիկներով։

Իսրայելական բանակի զինծառայողները չեն կարող զորամասերում մնալ 18 օրից ավել, իսկ որպես կանոն, յուրաքանչյուր շաբաթվա վերջում այցելում են իրենց տները, իսկ նրանք, ովքեր միայնակ են, կամ իրենց ծնողները այլ երկրներում են բնակվում, ապա բանակը նրանց համար բնակարաններ է ապահովում, որպեսզի կարողանան «տուն» այցելել։

Իսրայելական բանակը կառուցված է երեք սկզբունքների վրա․ ցանկացած զինվորի կյանքի արժեւորում, ընտանիքի հետ մշտական կապի ապահովում եւ իր ժողովրդի պատմության հետ կապի գիտակցում։

Այս ամենը շատերը կփորձեն պայմանավորել երկրի նյութական միջոցներով, սակայն բարոյահոգեբանական խնդիրները կապ չունեն նյութական միջոցների հետ, ավելի բարգավաճ երկրները չեն կարողանում նման բանակ կառուցել։ Եվ երկրորդ՝ բանակի այդ հիմքը դրվել է դեռ այն ժամանակ, երբ հրեաները նոր էին բնակվում Իսրայելում եւ վատ նյութական պայմաններում էին։ Կարելի է հակառակը պնդել՝ հենց այդպիսի բարոյահոգեբանական դրվածքի պատճառով է այդ երկիրը կարողացել բարգավաճել եւ նման բանակ կառուցել։

 

Լեւոն Հայրապետյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.