Այդ օրը (կարծեմ՝ մարտի 21-ն էր) «Երեւան մոլ»-ի Քարֆուր սուպերմարկետը բարձրախոսով, հայերենին զուգահեռ ռուսերենով, տեղեկատվություն էր տարածում: Պատճառը, իհարկե, պարզ է. Երեւանում մեծ թվով Ռուսաստանից արագորեն հեռացած ռուսներ կան, որոնք օգտվում են Քարֆուրից: Թեպետ առեւտրի նույն հիմնարկությունից օգտվում են նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ եւ այլ օտարերկրացիներ, սակայն Քարֆուրը, բնականաբար, նրանց համար ֆրանսերենով կամ անգլերենով բարձրախոսով հայտարարություններ չի անում:
Այսպես հուշիկ, աննկատ ռուսերենը նորից կմտնի Հայաստանի հասարակական կյանքի այլ վայրեր. սուպերմարկետներից՝ դպրոցներ, բուհեր, պետական ապարատ եւ այլուր: Ու Պուտինի երազանքը՝ Հայաստանում բացել ռուսական դպրոցները, կսկսի միսուարյուն ստանալ:
Պուտինը խորապես արհամարհում է ռուս ժողովրդի ներկա տառապանքները, որոնք հենց ինքն է պատճառել՝ նրանց վտարանդիության եւ սոցիալական աղետի դատապարտելով, նրանց հայրենիքը՝ Ռուսաստանը, վերածելով միջնադարյան բանտի: Այս կամ այն երկիր ներխուժելու համար ռուսները միշտ էլ պատրվակ կարողանում են գտնել:
1991-ին մենք «Կոլցո» գործողությունն ենք տեսել, երբ ռուս զինվորները, գեներալները եւ տանկերը ադրբեջանական «ՕՄՕՆ»-ի հետ դատարկում էին հայաբնակ Գետաշենն ու Մարտունաշենը, գնդակահարում հայ տղամարդկանց: Այնպես որ, ռուս «ազատարարների» ու «խաղաղապահների» մասին հեքիաթները, վախից դողացող ձայնով, կպատմեք ուրիշներին:
Մենք տեսել ենք Հայաստանում ռուսական դպրոցների ծաղկումը, ռուսական կրթություն ունեցող առանձնաշնորհյալներին, հայկական բանասիրական կրթություն ստացածներին լուսանցք մղելու քաղաքականությունը, եւ մեզ համար ակնհայտ է՝ հայոց լեզվի, ազգային կրթության ու մշակույթի հանդեպ ցանկացած բացահայտ կամ հուշիկ, գիտակցված կամ ակամա ոտնձգություն քաղաքական ծանր հետեւանքներ է ունենում հայ ժողովրդի համար:
Հետեւաբար՝ երեւանյան ուղեւորահոսքի ծավալներով ուրախանալուց, ՀՀ-ում ռուսական բիզնեսի, իբր, ներխուժումից եւ ձեր բնակարանները թանկ գներով վարձակալությամբ տալուց առաջ մտածեք, որ թեպետ Հայաստանում հանգրվանած ռուսները Պուտինի խելացնորության զոհերն են, եւ նրանց պետք է աջակցել, բայց միաժամանակ պետք է հիշել, որ հենց նրանց միջոցով, առանց անգամ նրանց կամքը հաշվի առնելու, Պուտինն իր երկրորդ ռուսական արշավանքը կարող է իրականացնել հենց Հայաստանում: Առաջին արշավանքը Ղարաբաղում արդեն իրականացրել է:
Նարինե Մկրտչյան