Tuesday, 26 November 2024

F Free Platform

Բարոյական հաղթանա՞կ, թե՞ տրամաբանական պարտություն

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անցյալ կիրակի օրը Հայաստանի մի շարք մարզերում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք հերթական անգամ ստիպեցին քաղաքացիներին բազում հարցեր բարձրացնել հետհեղափոխական Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների տրամաբանության շուրջ:

Թվում էր, թե հասարակությունը որակապես նոր խաղի կանոնների ականատեսը պետք է դառնար, որոնք կբացառեին ազատ, ժողովրդավար ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուների արդյունքի արդարացիությունն ու ազնվությունը հարցականի տակ դնելու հնարավորությունը:

Սակայն տրամագծորեն այլ իրականության բախվեցինք, երբ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները ցայտուն կերպով վեր հանեցին հեղափոխությունից հետո կարեւորագույն ոլորտներում այդպես էլ չիրագործված բարեփոխումների բացասական հետեւանքները:

Կուսակցությունների մասին օրենքի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության փոխարեն, որոնք պետք է հանդիսանային նոր Հայաստանում ժողովրդավարության հիմնարար ինստիտուտի՝ ընտրական գործընթացների կարգավորողը եւ համընդունելի, արդար խաղի կանոններ ձեւավորողն ու թելադրողը, որոշվեց դրանք անխախտ թողնել, ելնելով այն կանխադրույթից, որ վարչապետի անձի գործոնով պայմնավորված` հնարավոր է լինելու փակել բոլոր բացերը եւ զարգացումները տանել «հեղափոխական թիմի» համար ցանկալի հունով:

Բնականաբար, այդպես ստացվել չէր կարող: Օրինաչափ է, որ քանի դեռ բոլոր քաղաքական գործընթացները ծավալվում են նախորդ վարչակարգից ժառանգած, ժողովրդավարության տեսանկյունից բացարձակ դիսֆունկցիոնալ օրենքների շրջանակում, դրանց միջոցով ժողովրդավարության ամրապնդումը, մեղմ ասած, անիրատեսական է դառնում:

Հին օրենքների տրամաբանության ծիրում զարգացող գործընթացներում ցանկալի արդյունքների հասնելու համար համապատասխան հաշվարկներ անելու անհամեմատ ավելի մեծ վարպետություն ունեն նախկին վարչակարգերի օրոք «շանթարգելի» դեր կատարած, մինչ օրս գործող արհեստածին եւ ապաքաղաքական թիմերը: Նրանք իրենց ցանկալիին հասնելու համար տարբեր հնարքներ կիրառելու ավելի մեծ փորձառություն եւ ռեսուրս ունեն, եւ գիտակցում են, որ անգամ օգտագործվելու դեպքում, պետք է իրենց համար առավելագույնը քաղել ստեղծված իրադրությունում:

Այս քրեաքաղաքական տարրերի կողմից քաղաքական դաշտի ցանկացած պատառ պոկելն իր գերբացասական ազդեցությունն է թողնում պետության կայացման եւ առողջացման գործում: Քաղաքական դաշտն այս տարրերից չազատելն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ ժողովրդավարության կայացման կարեւորագույն եւ առանցքային գործընթացներն ու ինստիտուտները արժեքային կոլապսի մեջ են հայտնվելու:

Հասարակությանը «ծուռ հայելիների թագավորության» մեջ տեղավորելու եւ քնարական, «բարոյական» հաղթանակներ տոնելու փոխարեն, գործող իշխանություններից պահանջվում է միտք եւ կամք դրսեւորել ու չխուսափել քաղաքական դաշտը կառուցել բացառապես քաղաքական դերակատարներով եւ ստեղծել պետականակերտման նոր գործիքակազմ՝ օրենքների կուռ ամբողջությամբ, որոնք նվազագույնի կհասցնեն նախկին արատավոր գործելակերպի կրկնության հնարավորությունը եւ կապահովեն քաղաքական զարգացումների առողջ շարժընթացը:

Մարինա Մուրադյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.