Saturday, 18 July 2026

F Free Platform

Մի լավ օրվա սպասումով…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Առաջին անգամ ընտրությունների չմասնակցեցի, բայց եթե մասնակցելու իրավունքից զրկված չլինեի, հաստատ կընտրեի ընդդիմադիր որեւէ ուժի։

Գրում եմ ու ժպտում, երբ թաքցնելու կարիք էլ չկա, թե այս իշխանությունների օրոք վերջին տարիներին ինչ զրկանքների միջով անցանք ես ու հազարավոր իմ հայրենակիցները: Եվ չնայած արցախցի «ձայնազուրկս» նախընտրեցի իմ «ես»-ով շարել այս տողերը, ընթերցողը նյութի բովանդակությունը պետք է հասկանա ավելի լայն համատեքստով։

Այս վերջին օրերին «հեռվից» տեսա, թե արցախցիներից շատերն ինչպիսի ջանքեր գործադրեցին, որպեսզի դատարանների միջոցով վերականգնեն իրենց ընտրելու իրավունքը։ Բայց չստացվեց, ընդամենը նրանք նյարդերի քայքայման մի ընթացք անցան, այն էլ` ապարդյուն։ Իսկ ես այդ մասին օրեր առաջ բարձրաձայնել էի, երբ չէի հավատում 070 կոդով անձնագրերի տեր արցախցիների՝ ընտրելու իրավունքի վերականգնման որեւէ դրական շրջադարձի։

Հանգիստ եմ, չեմ զայրանում, չեմ բողոքում, հետեւում եմ հետընտրական զարգացումներին՝ հուսալով, որ գոնե խաղաղ ու արդար կանցնի ամեն ինչ: Սպասում եմ մի լավ օրվա, մի նոր լուսաբացի, որտեղ բարձր ամբիոններից սպառնալիքներ չեն հնչեցնում, «տղայական ռազբորկաների» արդյունքում մարդկային կորուստներ չեն լինում:

Այնպիսի օրվա, որտեղ քաղաքական հայացքների համար տարբեր պատրվակներով մարդկանց չեն ազատազրկում, որտեղ չեն զգուշանում կորսված հայրենիքի՝ Արցախի անունը տալուց, չեն վախենում երերուն, ոչ կայուն խաղաղությունից: Ցանկանում եմ տեսնել մի լուսաբաց, որտեղ մարդկանց չեն պառակտում իշխանատենչության մոլուցքով տարվածները, որտեղ ժողովուրդն այնքա՛ն է հասուն, որ սրտում պահած ունի սուրբ երկիր, ոչ թե պաշտամունք դարձրած անհատներ:

Ցանկություններ, նպատակներ, ակնկալիքներ շատ կան՝ անկատար ու երանելի… Բայց հուսանք, որ մեր տառապյալ ազգի համար մի լույս կբացվի, մի նոր առավոտ: Չի կարող չբացվել…

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.