Sunday, 13 October 2024

F Free Platform

Ճաքած նուռը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ժամանակից շուտ են մեծանում Արցախի երեխաները։ Դժվար կյանքը նրանց դարձնում է հասուն, իրական կերպարներ՝ իրենց իսկ շարած տողերում։ Այս անգամ 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Նինա Բեկնազարյանի շարադրության տողերն եմ ընթերցում՝ նրա հետ նույն ծանր զգացումներն ապրելով.

«Փակում եմ ականջներս՝ մտածելով, որ, ահա, ռումբը կպայթի։ Այնինչ քամու սուլոցն է, մռայլված երկնքի գռմռոցը։

Դրսում աշուն է, ամպամած երկնքի որոտից խունացած տերեւի պես դողում է սիրտս, եւ ամեն մի ընկնող տերեւի հետ թվում է՝ արյունարբու թշնամին է ծիկրակում պատուհանից, ու մարմնիդ ամեն բջիջով զգում ես անսովոր դող, ապա սթափվում՝ դուրս գալով մղձավանջից։

Աշնան քամին է սողոսկում պատուհանից ներս՝ ինձ հիշեցնելով, որ շտապեմ խանութի հերթին, որ այդ օրն ընտանիքս առանց հանապազօրյա հացի չմնա։

Շտապում եմ` ճանապարհին մտածելով. որքան ամուր եմ կանգած այս հողի վրա, այնքան ավելի եմ հասկանում, թե ինչու է ցավից նռան սիրտը ճաքել, ինչպես մեր սիրտը: Երեւի այս հողում ծնվածը կարող է հասկանալ տերեւի ու նռան, աշնան ու մայրամուտի արեւի այդքան կարմիր լինելու պատճառը։

Քամին թափանցում է ոսկորներիս մեջ, ու հեռվից նշմարում եմ դողացող մարդկանց։

-Ես էլըմ հաց օզում,- բղավում է մեկը։

-Հո՞ւնց թա հացը վերջացալա,- բացականչում է մյուսը։

Ա՜խ, երանի այսօր այնքան հաց ունենայի, որ չլսեի լալահառաչ այս ձայները, թոնրից հենց նոր հանած, ալրոտ կարմիր ու խրթխրթան լավաշ ունենայի, բաժանեի բոլորին։ Ու ինձ ուղեկցող քամին այլեւս ուժ չէր ունենա տխուր մտքեր ցաքուցրիվ անելու, այլ ամենուր   կհասցներ տաք լավաշի բույրը։

Հերթի մեջ մարդիկ հրմշտում են իրար, երբեմն նյարդային դառնում, քանի որ բոլորն էլ քաղցած են եւ ուզում են րոպե առաջ տուն հասնել, կշտացնել պատուհանից իրենց անվերջ սպասող երեխաներին։

Ոմանց համար տարօրինակ կարող է թվալ, թե ինչու մարդիկ չեն թողնում, հեռանում։  Բայց ինչպե՞ս  գնան, ո՞ւր գնան, ինչպե՞ս ապրեն, երբ մեկը որդու շիրիմն է գրկած հեկեկում, թե իրենից հետո ով ծաղիկ կդնի գերեզմանին, մյուսը մի ամբողջ կյանք տուն  է կառուցել ու հիմա պիտի թողնի, հեռանա:

Նորից նշմարում եմ ճաքած նուռը… ախր, եթե ձեռքս հասներ՝ քաղեի, առավոտյան կտանեի դպրոց՝ դասընկերներով ուտելու։

Ես էլըմ հաց օզում,- այս բղավոցի հետ կարծես պայմանավորված՝ նորից անջատեցին լույսերը:

Տխրում եմ, հետո ժպտում մի երանելի ժպիտով, գոնե լավ է, որ տանը մոմ ունենք։

Քայլերս ինձ տանում են դեպի տուն… այսօր ինձ հաց չհասավ, ու մտածում եմ, թե ինչու եղավ այս ամենը, մի՞թե այս խնդիրը լուծում չունի: Ինչու՞ ոչ ոք չի ուզում լսել արցախցու հեկեկոցը, սովամահ լինող երեխայի ճիչը… անգամ շատացել է սոված շների ոռնոցը։

Այս հողի վրա այնքան արյուն է թափվել, որ մեկ-մեկ թվում է՝ եթե գա վերջին պահը, ուզես մի բուռ հող տանել քեզ հետ, մատներիդ արանքով արյուն կհոսի…

Շարունակում եմ քայլել՝ հետեւելով շառագունած արեւին, եւ վերջին շողերի տակ փորձում եմ հայացքով որսալ նռնենիների ճյուղերից կախված նուռը։ Մտածում եմ՝ որքա՜ն մերկ են նռնենիները… բայց եթե ձեռքս հասներ՝ քաղեի այն ճաքած նուռը, վաղը դասընկերներով նուռ կուտեինք»:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.