Եկան նրանք դասղեկին այցելության՝ Արցախի համուհոտ բերելով իրենց հետ, սեր ու ժպիտ եւ որքա՜ն շատ հիշողություններ…
Շատ են նրանց անակնկալները, որ տարիների ընթացքում մատուցել են ինձ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում դասավանդելիս։ Այս անգամ էլ ստացվեց դասղեկին մի նոր անակնկալ պարգեւելու նրանց ձգտումը։
Հեռախոսազրույցս ընդհատվեց, երբ լսեցի՝ «մա՛մ, հյուրեր ունենք»։ Հազիվ եմ հասցնում ինձ թեթեւակի հարդարել, եւ արդեն դիմացս կանգնած էր երեք տարի առաջ իմ դասղեկական «12Ա հրաշք» դասարանի շրջանավարտների մի խումբ՝ հարազատորեն ուրախ ժպիտներով, ծաղկաբույլերով, տորթի մի սիրուն «սիրտ» ձեռքներին։
Կարմիր վարդերի փունջը դասղեկին, ճերմակ երիցուկները՝ ռուսերենի ուսուցչուհուն` դստերս, ով Արցախի մեր դպրոցում ժամանակավոր ռուսերեն էր դասավանդել նրանց։
Ուսուցչի օրվան նվիրված նրանց շնորհավորանքներն արձագանք են տալիս մեր շուրջը` ջերմ գրկախառնություններով, բարի խոսքերով, որ նախորդ օրվանից էր սկսվել։
Նրանք են՝ Նարեկ Բաղրյան, Միլենա Իսրայելյան, Արիանա Առուշանյան, Միլենա Գալստյան, Մարատ Բաղմանյան… նրանց շարքը լրացնում են ՌԴ-ից Էլինա Սարգսյանը, Գեորգի Գեւորգյանը։
Բռնատեղահանությունից մեկ տարի անց հետաքրքրությունների շրջանակս ավելանում է, երբ ցանկանում եմ իմանալ, թե համադասարանցիների կյանքն ինչպես է դասավորվել, որտեղ են, ինչով են զբաղվում: Պարզվում է՝ ոմանք ՀՀ-ից դուրս են, այստեղ էլ՝ աշխատանքի համատեղում ուսման հետ կամ՝ անգործություն:
Դասարանցիների անուններ են հնչում՝ յուրաքանչյուրի հետ կապված հիշողություններով, դրվագներ, որ ծիծաղելու առիթ են տալիս, խոստովանություններ, որ ժպտալով են պատմում, աշակերտական մեծ ու փոքր արկածներ, որ չեն մոռացվում, ինչպես չի մոռացվում Արցախ աշխարհիս լուսեղ պատկերը:
Չի մոռացվում ոչ մի մանրուք, ոչ մի դրվագ՝ դասարանում լինի, թե դպրոցի դարպասներից դուրս, բնության գրկում, թե տանը… երբ աշակերտի տուն այցելած դասղեկին հայր ծնողը զարմացած հարցնում է՝ մի՞թե հիմա աշակերտի տուն այցելող ուսուցիչ կա:
Ասում են` դա այն հին ժամանակներին էր, հիմա այցելելը նորաձեւ չէ, բայց գիտեմ նաեւ, որ հիմա նորաձեւ չեն նաեւ դաս սովորելն ու դպրոցական էլի շատ արժեքներ, գեղեցիկ ավանդույթներ, որոնք քամահրվում են, թե նորաձեւ չեն:
Երանելի էր, երախտագիտության տաք զգացումներով լի, երբ մտքերով, խոսքով, մտերմիկ զրույցներով հասցրինք լինել Արցախում՝ պահի տակ մոռացած, որ մայր երկրում կարոտը մեզ ամեն, ամեն օր տուն է կանչում՝ հայրենի օջախ։
Նատաշա Պողոսյան