Friday, 04 October 2024

F Free Platform

Կորսված հայրենիքի ցավը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Կորսված հայրենիքի ցավը

Նոյեմբերի 11։ Շատ թեթեւ ձեռքով մենք կորցրինք Արցախը։ Մենք կորցրինք սերունդ, դարձանք անհայրենիք... Ու այս մեծագույն աղետի կողքին հնչում է ՀՀ վարչապետի խոսքը, որ իրենք պայքարելու են։ Ուզում եմ հարցնել, թե ում դեմ է պայքարելու եւ կամ այդ պայքարից հետո նա կարողանալու՞ է ետ վերադարձնել մեր կորսված հայրենիքը։

Ես լսում, կարդում եմ նրա խոսքը, թե վրեժ ենք լուծելու... Ումի՞ց: Գոնե այդ վրեժը լուծելով` հանգստություն կբերի՞ մեր սպանված հոգիներին, որտեղ ունայնություն է տիրում այս օրերին։ Նրա խոսքը, թե մենք հաղթելու ենք, ինձ առավել շատ հունից հանում է։ Ու դառնացած սիրտս ծառս է լինում տեղից, թե պետական այս պաշտոնյան, ով մեր չգոյության փաստաթուղթը ստորագրեց, տեսնես ի՞նչ հաղթելու մասին է խոսում։

Երանի չլսեի ու չիմանայի, որ մարդը ցանկանում է պայքարել ու վրեժ լուծել նրանցից, ովքեր ձգտում են իրեն պաշտոնանկ անել, ու այդ նույն մարդը համոզված է, որ հաղթելու է։

Քաղաքական դաշտում ոչ մեկի կողքին կանգնած չեմ, բայց կշեռքի նժարներին եմ դնում Արցախն ու վարչապետի պաշտոնը, նկատում, որ մեր նախնիներից մեզ ժառանգած հայրենի հողը այն փաստաթուղթը ստորագրելիս շատ ավելի թեթև էր կշռում, քան այդ պաշտոնը, որի համար պայքարում է մարդը, որ հաղթի։

Ես ամաչում եմ, որ նախնյաց հայրենիք կորցնելուց հետո աթոռապաշտության կոչերի եմ առերեսվում, երբ այդ կորցրած հայրենիքի կողքին մատղաշ տղաներ ունենք կորցրած, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած մի հրաշալի սերունդ։ Չգիտեմ` այսքանից հետո ես` որպես մանկավարժ, իրավունք ունե՞մ դասավանդելու, երբ սերնդին սերմանած իմ արդարությունը բախվել է անարդարության դաժան պատին, որի հարվածից ուշքի չեմ գալիս։

 

Նատաշա Պողոսյան

 

Շուշիի առեղծվածն ու կասկածի վիշապը

Հարցերը շատ են ու հերթով տրվելու են Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությանը: Բայց կա մեկը, որի պատասխանը պետք է շտապ տրվի եւ լինի լիարժեք ու ամբողջական՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Շուշիում վերջին օրերին:

Մի պահ մի կողմ դնենք Շուշիի ռազմավարական նշանակությունը Արցախի եւ Հայոց աշխարհի համար եւ արձանագրենք, որ 1992 թվականին Շուշիի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենափառահեղ էջերից մեկն է, եթե ոչ` ամենափառահեղը: Այն անկյունաքարային նշանակություն ունի մեր մտածելակերպում, քանի որ ապացուցեց, որ մենք կարող ենք անել անհնարինը:

Այսօր, երբ Շուշիի մասին տարաբնույթ մեկնաբանություններ են արվում, դա, նախեւառաջ, նսեմացնում է 1992 թվականին գործած հրաշքը, ոչնչացնում է այն խորհրդանիշը, որը մեծագույն դեր է խաղացել մեր ժամկետային զինծառայողների դաստիարակության գործում, որոնք այս պատերազմի մեր գլխավոր հերոսներն են:

Մի քանի օր ապրում էինք զուգահեռ իրականությունների պայմաններում. Արցախի ղեկավարները պնդում էին, որ Շուշին այլեւս մերը չէ, իսկ բուն Շուշիից եւ նրա մերձակայքից մարտիկները բոլորովին այլ լուրեր էին հաղորդում: Այս հարցին պետք է պարտադիր միանշանակ պատասխան տրվի` ի՞նչ է իրականում տեղի ունեցել Շուշիում եւ ինչպե՞ս:

Եթե մենք այս հարցի պատասխանը չունենանք, կասկածի որդը, որի ախորժակն առանց այն էլ բացվել է, վիշապ է դառնալու ու խժռելու է բոլորիս: Մենք չպիտի թողնենք, որպեսզի Շուշիի հարցը պատվի անորոշության շղարշով, ծնվեն եւ շրջանառվեն տարբեր վարկածներ: Մեզ հստակ պատասխան է պետք, որը պետք է տան Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

 

Արա Թադեւոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.