Tuesday, 26 November 2024

F Free Platform

Նոր «ավագ եղբոր» փնտրտո՞ւք…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ռուսաստանի անթաքույց դավաճանական վարքագիծը, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի հայտարարությունը ՀՀ-ի հանդեպ դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու մասին, ՀԱՊԿ-ի անողնաշար պահվածքը պատճառ դարձան, որ Հայաստանում ռուսական գործոնի հավերժացման համար միշտ պատրաստ ուժերն ու գործիչները սկսեն վերջինիս համար նոր «ռազմավարական գործընկեր», ավելի ճիշտ՝ հովանավոր ու «ավագ եղբայր» փնտրել:

Կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ կատարելով տարաբնույթ հատուկ ծառայությունների հրահանգները՝ դեռ երեկ ռուսամետությամբ տառապողներն այսօր Հայաստանի համար նոր «ռազմավարական գործընկերներ» են փնտրել եւ գտել՝ ի դեմս Իրանի, Սաուդյան Արաբիայի կամ Չինաստանի: Ոմանք, իհարկե, հընթացս նաեւ սեփական կամ այլոց բիզնես շահերն են սպասարկում ռազմավարական դաշնակցի այս խիստ «ինտելեկտուալ» փնտրտուքում:

Մի փոքր դիտարկման շրջանակներում վերոնշյալ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները քննարկելն անիմաստ է եւ անհնար, սակայն հարկ է ընդգծել, որ հիշյալ գործիչներին, փորձագետներին կամ այլոց միավորում է մեկ բան՝ այն, որ Հայաստանը ռուսական դավաճանությունից հետո չընթանա դեպի Արեւմուտք՝ ԱՄՆ ու Եվրոպա: Եվ դրա համար նրանք Հայաստանի համար նոր «ավագ եղբայր» են փնտրում՝ Արեւելքի, Ասիայի մերժելի քաղաքական եւ քաղաքակրթական համակարգում:

Երեկվա ռուսամետների նպատակը նույնն է՝ մեր երկիրը պահել ասիական հետադիմության ծիրում եւ թույլ չտալ արեւմտյան քաղաքակրթության հետ մերձենալու, որպեսզի ինչ-որ պահի, երբ Ռուսաստանը կարողանա վերադառնալ, Հայաստանը Արեւմուտքում եւ Արեւմուտքի հետ չլինի:

Հայաստանը դեպի արեւելք հրողները եւ այնտեղ ամրացնել փորձողները՝ հրահանգով, թե առանց դրա, մահացու մեղք են գործում:

Հայաստանի քաղաքական, քաղաքակրթակական, հասարակական առաջադիմության այս հանգրվանը Արեւմո՛ւտքը պետք է լինի: Հայաստանը երկարաժամկետ կամ կարճաժամկետ արտաքին քաղաքական շահերի, հետաքրքրությունների համար դաշնակիցներ ու գործընկերներ կարող է ունենալ տարբեր մայրցամաքներում եւ աշխարհամասերում, սակայն մեր պետության եւ ժողովրդի քաղաքական ու քաղաքակրթական, ինչպես նաեւ ռազմական համակարգը Արեւմուտքում պետք է փնտրել:

 

Նարինե Մկրտչյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.