Sunday, 13 October 2024

F Free Platform

Մեղավորներ փնտրեք, պարոնայք… դա ամենալավն է ձեզ հաջողվում

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ինչո՞վ են մեղավոր բազում աղետներով անցած՝ Արցախից բռնի տեղահանվածները, որ սեպտեմբերից աշխատավարձեր, թոշակներ ու նպաստներ չեն ստանում։ Կարծում եմ՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար 50-հազարական դրամները, որ նախատեսվել են վերջերս, ամենեւին կապ չունեն մեր աշխատավարձերի հետ, երբ աշխատել ենք մինչեւ սեպտեմբերի 20-ը։

Ըստ լսածս տեղեկության՝ հասնում է նաեւ վերջնահաշիվ բոլոր աշխատողներին, եթե չեն բարեհաճում անտուն մնացածներիս վարձատրել գոնե մինչեւ հունվար։ Բյուջեն լափել են, թե թալանել՝ հասարակ արցախցին չէ, որ այդ հարցին պիտի լուծում տա, երբ նա իր տքնաջան աշխատանքի պտուղների տերն է։

Երկիրը քանդել են, թե հանձնել՝ նվաստացուցիչ գումար ստացող թոշակառուն չէ, որ պիտի հատուցի եւ ոչ էլ այն հաշմանդամները կամ բազմազավակ ընտանիքների երեխաները, որոնք պիտի նպաստ կամ թոշակ ստանային։

Ովքե՞ր են, որ առայսօր խուսափում են մեր կորցրած սեփականության դիմաց փոխհատուցումից խոսել, երբ մեզնից յուրաքանչյուրը տարիների տքնաջան աշխատանքով է տունուտեղ դրել, սեփական գույք ձեռք բերել ու ամեն ինչ պարտադրված թողել թշնամու երախում։

Ովքե՞ր հազարավոր արցախցիների հայրենազուրկ դարձրին... Ովքե՞ր են «գնդակն» այս ու այն կողմ խփում՝ նոր մեղավորներ փնտրելով։ Երեւում է՝ մեղավորներ փնտրելն այս իշխանությունների մոտ ամենալավն է ստացվում: Իսկ երիցս տուժած, ամեն ինչ կորցրած արցախցիներին ափսոսում են վճարել անգամ օրենքով հասանելի աշխատավարձերն ու կենսաթոշակները:

Երկար գրելու տրամաբանություն չկա, խոսքս ավարտեմ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառմամբ. «Սնուպ Դոգը առաջին երգիչն է աշխարհում, որին ՀՀ կառավարությունից 6 մլն դոլար փող են տվել։ Չկատարված գործի համար։

Բայց 7,5 մլն դոլար սեպտեմբեր ամսվա կատարված գործի համար արցախցիների աշխատավարձերն ու թոշակները ՀՀ կառավարությունը շարունակում է սառեցված պահել։

Բայց դուք շարունակեք այլ տեղեր մեղավորներ փնտրել»:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.