Tuesday, 26 November 2024

A Analysis

«Հայաստան» դաշինք. Քոչարյանի վերադարձի ուրվականը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Երկուշաբթի մեկնարկած հատուկ նիստում խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ, եւ յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն կարգի ու ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով լուծարվեց, ինչը նշանակում է, որ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչեւ նորի ձեւավորումը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը ստորագրեց ԱԺ-ն արձակելու եւ հունիսի 20-ին ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը: Այս իրադարձությանը նախորդել էր մայիսի 9-ի Եռատոնի օրը Ազատության հրապարակում Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցությանը նվիրված առաջին հրապարակային միջոցառումը:

Այսինքն՝ հունիսի 20-ին ընդառաջ, Հռչակագրի ստորագրմամբ, պաշտոնականացվեց Քոչարյանի գլխավորած «Հայաստան» նախընտրական դաշինքի ձեւաչափը եւ, ըստ էության, տրվեց այդ նոր քաղաքական միավորի քարոզարշավի մեկնարկը: Ի դեպ, ընտրությունների գլխավոր «շահառուն»՝ իշխող քաղաքական ուժը, շատ ավելի վաղ էր մեկնարկել չհայտարարված նախընտրական քարոզաշրջանը: Այս հանրահավաքը միաժամանակ նորաստեղծ դաշինքի ներուժի ու ապագայի տեսլականի ցուցադրության յուրօրինակ թեստ էր, աջակիցների շարքերը վերատեսչության ենթարկելու, կազմ ու պատրաստ վիճակի բերելու ուղերձ: Դաշնակցության եւ Քոչարյանի դաշինքը, որին մաս կազմեց նաեւ առավելապես Սյունիքի մարզը ներկայացնող նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստանը», անսպասելի չէր՝ հաշվի առնելով ՀՅԴ-Քոչարյան համագործակցության անցյալը, ՀՀ-ում ներկայումս ստեղծված վիճակն ու վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ մոտեցումների ընդհանրությունը:

Եվ այդպես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ներքին ու արտաքին քաղաքական պահանջը ամբողջացավ, եւ իշխանությունը, կարծես թե, հետադարձ քայլի հնարավորություն չունի: Ոմանք կատակով նկատում են, որ Փաշինյանը երկու ոտքով ընկավ իր իսկ լարած թակարդը. այժմ նա հարկադրված է գնալ մինչեւ վերջ՝ կամ կհասնի բաղձալի հաղթանակին, որն անվտանգության իր միակ հույսն է, կամ տանուլ կտա՝ կորցնելով ամեն ինչ եւ, հնարավոր է, հայտնվելով դատարանի առջեւ: Գերակշռող կանխատեսումներով՝ վերջին տարբերակն առավել հավանական է: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել քաղաքական մի շարք այլ ուժեր եւս, որոնք լայն թափով ձեռնամուխ են եղել նախընտրական գործընթացներին: Այդ տրամաբանության ուղեծրում էր նաեւ նորաստեղծ «Հայաստան» դաշինքի անդրանիկ հանրահավաքը:

Բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ Քոչարյանի գլխավորած դաշինքից, ընտրապայքարային վերադասավորումների փուլում են նաեւ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ այլք՝ այդ թվում մի քանի նորաստեղծ իշխանամերձ ուժեր: Անշուշտ, հայաստանյան ընտրություններով հետաքրքրված են արտաքին դերակատարները, որոնք՝ չվստահելով 2020թ. 44-օրյա պատերազմում պարտված «թավիշների» օրինակարգությանը, ուզում են հասկանալ, թե քաղաքական ինչ որակի իշխանություն է ձեւավորվելու ընտրությունների արդյունքում եւ ում հետ են գործ ունենալու հետագայում: Տարբեր գնահատականների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կլինի Հայաստանի մեծագույն խայտառակությունը: Բավարարվենք, թերեւս, Լեւոն Տեր-Պետրոսյանի բավական խոսուն գնահատականով. «Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից ու Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:

Այս պահի դրությամբ քաղաքագետների ու քաղտեխնոլոգների մեծամասնությունը ապագա խորհրդարանում տեսնում է առնվազն չորս քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքին, ՀՀԿ-«Հայրենիք» միավորմանը (կամ այլ կերպ՝ «Պատիվ ունեմ» դաշինք), «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։ Նախընտրական քարոզարշավի արդյունավետ անցկացման դեպքում քոչարյանական «Հայաստանը», քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, ԱԺ-ում կարող է լինել ամենաազդեցիկ ուժը: Նրա փոխանցմամբ՝ Հանրապետականը իր ռեսուրսների մի մասն աշխատեցնելու է դաշնակցի՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության օգտին, իսկ մյուս մասը, որպես աջակցություն, ուղղելու է «Հայաստան» դաշինքին: Այլոք, ընդհակառակը, գտնում են, որ ՀՀԿ-ն հատուկ խաղի մեջ է մտել Երկրորդ նախագահից ձայներ «թռցնելու» համար:

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը միաժամանակ խնդրահարույց է համարում ԼՀԿ-ի ներկայությունը նոր ԱԺ-ում, քանի որ այս տարիների ընթացքում նա ցույց է տվել, որ չի պատրաստվում ներկայացնել իր ընտրողների շահերը: «Ինչ վերաբերում է ապագա իշխանություն լինելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հավակնություններին, ապա դա հումորի ժանրից է եւ պետք է թողնել կատակասերների դատին»,- նշել է Բադալյանը։ Ապագա խորհրդարանում, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը մեծամասնություն չի ունենա՝ «եթե մյուսները կարողանան արդյունավետ ընտրարշավ իրականացնել»։ Արեւմտամետ ընտրազանգվածի մի հատված, Բադալյանի խոսքով, իր ձայնը կտա վարչապետի պաշտոնակատարին, իսկ մնացածները կնախընտրեն փոքր ուժերին։ «Վարչապետը ՀՀ-ում որոշակի ընտրազանգվածի համար ցանկալի կերպար է, պարզապես դրան կգումարվի նաեւ սորոսականների ձայների մի մասը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ որեւէ քաղաքական ուժի չի հաջողվի հավաքել 50+1 տոկոս ձայն։

Թերեւս՝ քաղտեխնոլոգի հաշվարկը կառուցված է ազատ, թափանցիկ ու մրցակցային ընտրությունների վրա, եւ հաշվից դուրս է թողնված հնարավոր ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահումների հանգամանքը, ինչը քաղաքական դիտորդների մեծ մասը չի բացառում: Իրավիճակի մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ հունիսի 20-ի ընտրությունները դե յուրե խորհրդարանական են, սակայն դե ֆակտո դա վարչապետի ընտրություն է, որի պաշտոնի համար պայքարը հիմնականում ծավալվելու է երկուսի միջեւ՝ գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու ՀՀ երկրորդ նախագահի: Ընդ որում՝ առաջինի համար հաղթանակը կենացմահու խնդիր է, հանուն որի՝ պատրաստ է ամեն ինչի, այդ թվում ամենաստոր ընտրազեղծարարությունների: Ավելին՝ ընտրական չարաշահումները, խոշոր հաշվով, արդեն իսկ սկսված են, եւ դրանց առհավատչյան թե՛ վաղաժամ նախընտրական քարոզարշավներն են, թե՛ ոստիկանների ներգրավմամբ այժմվանից մարզերում հավանական ընտրողների ցուցակագրումները եւ թե՛ արտահերթի ընթացակարգերի հետ կապված խախտումները:

Վերջինիս դեպքում խոսքը մասնավորապես Փաշինյանի հրաժարականից հետո նրան քաղաքական մեծամասնության կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար առաջադրելուն է վերաբերում, ինչը այս օրերի ամենաքննարկվող ու աղմկոտ թեման է: Մայր օրենքի առաջատար մասնագետները դա հակասահմանադրական են համարում: «Ընդհանրապես իրավագիտության մեջ հրաժարականը նշանակում է տվյալ պաշտոնում իրավահարաբերության ավարտ, այսինքն՝ հրաժարականից հետո որեւէ պաշտոնատար անձ չի կարող համարվել ժամանակավոր պաշտոնակատար»,- նշել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Նրա համոզմամբ՝ վերջին երեք տարիներին Հայաստանը լուրջ խնդիրներ ունի օրինակարգության հետ:

«Խնդիրն այն  է,- շարունակել է սահմանադրագետը,- որ եթե անգամ մենք հունիսի 20-ին ունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ստացվում է, որ ամբողջ այս գործընթացը դառնում է ոչ լեգիտիմ, քանզի ունենում ենք մի իրավիճակ, որտեղ ոչ լեգիտիմ վարչապետն անցկացնում է ընտրություններ, եւ սա ամբողջ հետագա պետական իշխանության մարմինների համակարգը դուրս է բերում լեգիտիմության ոլորտից»: Այվազյանը զավեշտալի է համարում, երբ վարչապետը՝ ունենալով 70 տոկոս մեծամասնություն, հրաժարական է տալիս եւ, հատկապես, երբ հրաժարականից հետո ԱԺ մեծամասնությունը նրան առաջադրում է վարչապետի պաշտոնում: «Սա համաշխարհային հանրության առջեւ մեզ դարձնում է անլուրջ ու պետականությունից չհասկացող»,- եզրակացրել է սահմանադրագետը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ հրաժարական տալուց հետո վարչապետի պարտականությունների կատարումը ոչ այլ ինչ է, քան իշխանության յուրացում: Իհարկե՝ գիտեր: Բայց իմանալով հանդերձ՝ ապրիլի 25-ի հրաժարականից հետո հայտարարեց, որ շարունակելու է մնալ վարչապետի պաշտոնակատար եւ անցկացնել ընտրությունները: Այս հայտարարությունից շատ չանցած՝ համացանցում հայտնվեց Փաշինյանի ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականին արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կառավարությունը լուծարված է, եւ նա չի կարող շարունակել պաշտոնավարումը որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Եվ այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր կարող պաշտոնավարել, իսկ ինքը կարող է: Ինչո՞ւ նրան թվում է, թե իրեն թույլատրվում է ամեն ինչ՝ ներառյալ օրենքի ու Սահմանադրության կոպիտ խախտումները, որոնց մասին բազմիցս մատնանշել են ոլորտի գիտակները:

Առհասարակ՝ մասնագիտական կարծիքները իշխանությունների մի ականջով մտնում, մյուսով դուրս են գալիս: ԶԼՄ-ներում պարբերաբար «սպրդում» են տեղեկություններ առ այն, թե ինչպիսի անմաքուր տեխնոլոգիաներ են մշակում Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը հունիսի 8-ից սկսվող քարոզարշավի ընթացքում քաղաքական հակառակորդների դեմ կիրառելու համար: Եվ դա հասկանալի է՝ իշխող ուժի վերարտադրվելու ցանկությունը մեծ է, իսկ ընտրողներին ներկայացնելու ոչինչ չունի. գրեթե բոլոր ոլորտները ձախողված են, ժողովրդին տված խոստումները՝ դրժված, 44-օրյա պատերազմը՝ պարտված, ուստիեւ իշխանությունները զբաղվելու են բացառապես հակաքարոզչությամբ, այսինքն՝ այլոց վրա «ցեխ» շպրտելով: «Փաստ»-ի տեղեկացմամբ՝ հիմնական թիրախը լինելու է Ռոբերտ Քոչարյանը, որի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար իմքայլականները պատրաստվում են «արշավի» գործուղել կեղծ ընդդիմադիրների:

«Հայրենիք» դաշինքի հանրահավաքը ցույց տվեց, որ Քոչարյանը հաջողության հասնելու շանսեր ունի: Նա ընտրապայքարի է գնում ինքնավստահ, ընտրություններում հաղթելու անսեթեւեթ վճռականությամբ: Ազատության բազմամարդ հրապարակում Երկրորդ նախագահը ներկայացրեց երկիրը ճգնաժամից դուրս բերելու իր ծրագիրը՝ սկսած անվտանգային խնդիրներից մինչեւ սոցիալ-տնտեսական վերականգնում, քաղաքական կայունություն եւ այլ առաջնահերթություններ: Ուրիշ հարց է, որ, չնայած աջակիցների մեծ բանակին, ՀՀ-ում վերաբերմունքը նրա նկատմամբ միանշանակ չէ՝ Քոչարյանն ունի նաեւ շատ չսիրողներ, եւ հիմնական պատճառներից մեկը տարիներ շարունակ նրա անվան շուրջ զանազան շահարկումների, ասեկոսեների, բացասական տրամադրությունների, ինչու չէ՝ նաեւ արդարացի կշտամբանքների տարածումն է:

Այդուհանդերձ՝ կան Երկրորդ նախագահի կերպարից անբաժան հատկանիշներ, որոնք չես ժխտի: Դա հարուստ փորձն է, նպատակասլացությունը, կամքի ուժը, կառավարման հմտությունները, պետական մտածողությունը եւ կազմակերպչական ջիղը: Էությամբ նա կերտող ու հաղթող տեսակ է՝ սիրենք նրան, թե ոչ: Կրկնեմ՝ Քոչարյանն անսխալական չէ, ինչպես մեզնից ցանկացած մեկը: Եվ այսօր՝ բոլոր առումներով ապահովված լինելով, նա փոխանակ վայելելու իր կյանքի մոտեցող մայրամուտը, համաձայնել է գալ, «թագավորել այս ավերակների վրա»: Եվ նրա վերադարձի ուրվականը, ինչպես ցույց տվեց մայիսի 9-ի հանրահավաքը, բազում հույսեր է արթնացրել: Անհիշաչար մարդիկ լավն են հիշում, իր կյանքում Քոչարյանն առնվազն երկու անգամ՝ Արցախում եւ Հայաստանում, անհուսալի իրավիճակներ է հաղթահարել՝ ապացուցելով իր հաստատակամությունն ու կամքի ուժը: Նորի՞ց կհաջողվի նրան փոփոխությունների եւ հայրենակերտումի բովանդակություն ու գույներ բերել հայոց օջախներին՝ ցույց կտա ժամանակը: Եվ, հատկապես, ընտրողների վստահության քվեն:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.