Վերջին շրջանում ներհայաստանյան կյանքը բավական հագեցած էր անվտանգային խնդիրներին առնչվող մի շարք մտահոգիչ գործընթացներով: Խոսքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող աննախադեպ զարգացումների եւ 44-օրյա պատերազմի հետեւանք հանդիսացող բացասական այլ երեւույթների մասին է: Դրանցից հատկանշական են մայիսի 12-ին մի քանի ուղղություններով մեր տարածքներ հակառակորդի անարգել ներթափանցման դեպքերը, ինչպես նաեւ զոհված հայորդիների դիակների ու մասունքների հետ կապված խայտառակ պատմությունը, որը հայտնի դարձավ պատերազմից 7 ամիս անց եւ երկար ժամանակ ցնցակաթվածի մեջ էր պահում հանրությանը՝ իբրեւ իշխանական որոշ շրջանակների տմարդության ու լպիրշության բարձրագույն արտահայտություն:
Այս անցուդարձերի հենքին մի տեսակ ստվերվեց, հասարակության ուշադրությունից գրեթե աննկատ մնաց հունիսի 2-ին Երեւանի կենտրոնում, ուղղակի անցորդների աչքի առջեւ կատարված սպանությունը: Մի տղամարդ Աբովյան փողոցում արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ ատրճանակով կրակել էր Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի գլխին, որը տեղում մահացել էր: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: Այս մասին տեղեկացրել են Ոստիկանությունից։ Նշված դեպքից երկու օր առաջ կրակոցներ էին հնչել Էջմիածնի «Զվարթնոց» թաղամասում, որտեղ մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) եղբայրն էր: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ առաջ սպանվել էր նաեւ Դոն Պիպոյի թիկնապահը։
Մարտաֆիլմ հիշեցնող նմանատիպ եւս մեկ «ռազբորկա» էր Երեւանում տեղի ունեցել մայիսի 1-ի տոնական օրը: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության համանուն բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի եւ մեկ դանակահարված անձ։ Ըստ տեղեկությունների՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ եղել էին նաեւ Շենգավիթի եւ Մալաթիայի թաղապետերը։ Ոստիկանները տեղորոշել էին դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել էին ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր եւ այլն։ Այսօրինակ դրվագների շարքը կարելի է երկար շարունակել, սակայն դա չէ մեր նկարագրության մեջ էականը: Անիշխանությունից սնվող ու ծնվող եւս մեկ իրական տագնապ մոտենում է մեր անդաստանին:
Թերեւս արտաքին լրջագույն մարտահրավերներ ունենալն է պատճառը, որ ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը, պետական պատկան ատյանները առանձնապես մեծ ուշադրություն չդարձրին սողացող ներքին սպառնալիքներին, հանցավոր տարրերի ակտիվացման բացահայտ դրսեւորումներին եւ, հատկապես, քրեածին իրավիճակի գեներացման պատճառներին: Բայց՝ իզուր: Ստեղծված իրադրության անտեսումը հղի է հետագա սրացման միտումներով, ինչը նախընտրական շրջանում կարող է ավելի ահագնանալ, վերածվել ներքին անվերահսկելի բախումների: Թե որքանով է վիճակն այդ առումով վտանգավոր՝ կփորձենք ցույց տալ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների ընդամենը մեկ օրվա՝ հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածի օրինակով:
Եվ այսպես՝ ըստ տվյալ օրվա ամփոփագրի, Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մեկ օրվա կտրվածքով սա բավական տպավորիչ թիվ է: Բացահայտվել են մասնավորապես անձնական ունեցվածքի գողության՝ 16 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, ֆինանսական բուրգի ստեղծման, կազմակերպման կամ ղեկավարման, պետական սահմանի ապօրինի հատման, քրեական ենթամշակույթի կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, թմրամիջոցի ապօրինի իրացման եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպքեր։
Բացի դրանից, հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Ոստիկանության բաժին կամավոր ներկայացել է 8 հետախուզվող, գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության 1 դեպք։ Հաշվետու օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, որը ռեկորդային ցուցանիշ է: 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես տեսնում եք, պատկերն անմխիթարական է: Կփորձենք հասկանալ, թե որտեղ է «թաքնված շան գլուխը»՝ որո՞նք են հանցավորությունների եւ պատահարների շեշտակի աճի պատճառները:
Որոշ տեսակետների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը հասարակության շրջանում կանխարգելիչ աշխատանք գրեթե չի տանում: Ոստիկանական ուժերի մի հոծ սեգմենտ զբաղված է վարչապետի պաշտոնակատարի ու նրա ընտանիքի անվտանգության ապահովմամբ, որը բավական աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է, եթե նկատի ունենանք մարդկանց հետպատերազմյան հարաճուն դժգոհությունները, հաճախադեպ դարձած բողոքի գործողությունները, որոնք զսպելու, «հունավորելու» համար երբեմն մեծաքանակ ուժեր են պահանջվում: Պատահում է՝ Նիկոլ Փաշինյանի հենց միայն տեղաշարժերի անվտանգությունը պահպանելու կամ նրան Ա կետից Բ կետ ուղեկցելու գործի մեջ հազարավոր ոստիկաններ են ներգրավվում, իսկ առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ նման տեղաշարժերը, տարատեսակ այցերն ու գործուղումները մարզեր իրականացվում են ավելի խտացված ռեժիմով:
Այդուհանդերձ՝ դժվար է միանշանակ ընդունել այն պնդումները, թե հասարակական կարգի խախտումների, հանցավորությունների ներկա աճը Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի եւ նրա ընտանիքի անվտանգության պահպանման գործով Ոստիկանության տոտալ զբաղվածության հետեւանք է: Անշուշտ, տվյալ գործառույթի իրականացումը քաղաքական անկայունության այս պայմաններում ահռելի ժամանակ, ջանքեր ու մարդկային ռեսուրսներ է կլանում ոլորտից: Բայց դա կարող է լինել քրեածին իրադրության սաստկացման պատճառներից միայն մեկը, բայց ոչ ամենակարեւորը: Խորքային պատճառն այլ տեղ պետք է փնտրել՝ դեռեւս «թավշյա» իշխանափոխության ակունքներում, երբ Փաշինյանն առաջին քայլերն էր անում «գրպանելու» նաեւ դատաիրավական համակարգը՝ մասնավորապես ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, քանի որ իշխանության մյուս ճյուղերը՝ գործադիրը եւ օրենսդիրը, արդեն իր գրպանում էին:
Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ յուրահատկություն ունի: Լավ իմանալով «փողոցի», «ամբոխի», «ժող ջանի» հոգեբանությունը, նա իր համար կարեւոր որեւէ խնդիր լուծելիս՝ հաճախ է դիմում անվրեպ աշխատող այդ գործիքակազմի օգնությանը: Այդ տեսակետից հատկանշական էր 2019թ. մայիսի 20-ին ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նրա հայտնի կոչը, որին արձագանքել էին «փողոցից» հազարավոր հետեւորդներ՝ մի քանի ժամ կաթվածահար անելով դատարանների աշխատանքը: Այս գործողությունը կարելի է անվանել «փողոցի» կամ «ամբոխի» միջոցով համակարգի վրա ճնշում գործադրելու հնարք: «Ամբոխը» հոգեբանորեն պատրաստ է բարձրախոսից հնչեցվող ցանկացած մանիպուլյացիայի արձագանքել «Այոոո՜» գոչյունով: Հետեւաբար՝ ուժայիններին իր կամքին ենթարկելու եւ սեփական իշխանության պահպանման շահի համար նրանց ուզածի պես օգտագործելու նպատակով Փաշինյանը բազմիցս օգտվել է «ամբոխի» գործիքակազմից:
Բերենք տիպական մեկ օրինակ: Շատերը, հավանաբար, կհիշեն Նիկոլ Փաշինյանի ելույթը 2018թ. սեպտեմբերի 11-ին Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի բազմահազարանոց հավաքում, որի ընթացքում նա երկու ժամ տվեց ԱԱԾ-ի այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ օլիգարխների թիկնազորներին «ասֆալտներին փռելու» եւ զինաթափելու համար: Ահա մի դրվագ այդ կոչից. «…Եվ ես այստեղից ԱԱԾ-ին, Ոստիկանությանը հրահանգում եմ՝ այս պահից իրականացնել ռեյդեր. օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված՝ թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին: Պարոնայք Արթուր Վանեցյա՛ն եւ Վալերի Օսիպյա՛ն, ուղիղ երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների եւ արձանագրված արդյունքների մասին: Ոչ մի մո՛ւկ եւ ոչ մի ձո՛ւկ չի պլստալու: Չի՛ պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է՝ ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի՝ գտնելու ենք, բերելու ենք իրենց եւ իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար»:
Այնուհետեւ նա դիմել է ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. «Ռոբերտ Քոչարյա՛ն եւ Սերժ Սարգսյա՛ն, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավե՞ր նետել, դե մարտահրավերը տեսե՛ք: Դե հիմա սպասե՛ք… Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման համար, եւ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ: Քոչարյանը եւ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի թալանի համար, եւ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- հայտարարել է «թավշյա» առաջնորդը՝ հավաքվածների «Այոոո՜» բացականչությունների ներքո ցույց տալով, որ ինքն է այլեւս դրության տերը: Ավելի քան երկուսուկես տարի անց Կապանում Փաշինյանը նույնատիպ քաղաքական պատվեր «իջեցրեց» ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին, որից հետո կտրուկ միջոցներ ձեռնարկվեցին նրա հետեւից «թո՛ւրք», «դավաճա՛ն» վանկարկած ցուցարարների հանդեպ, իսկ տասնյակ ղեկավարներ, որոնք պահանջում էին նրա հրաժարականը, հրավիրվել էին Քննչական կոմիտե:
Չէ, Հայաստանում այսօր ամենահրատապ խնդիրը, այնուամենայնիվ, անվտանգությունն է: Եվ պատահական չէ, որ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում կարող են մարդ սպանել: Դա գուցե իսկապե՞ս ոստիկանության բազմազբաղությամբ է պայմանավորված: Մի առիթով քաղաքացու հարցին ի պատասխան, թե վտանգավո՞ր չէ արդյոք ներկա պայմաններում ճանապարհների ապաշրջափակումը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցավոք, ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի: Նույնիսկ տանը անվտանգ չի եւ ոչ էլ տնից դուրս գալը»։ Ըստ երեւույթին, ժամանակակից կյանքում ամենապաշտպանվածը Նիկոլ Փաշինյանն է: Նույնիսկ Ֆրանսիայում նրա կորտեժը տեղաշարժվում էր հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ:
Գեւորգ Բրուտենց