Sunday, 13 October 2024

A Analysis

Միտքը կաշկանդող կարծրատիպերից ձերբազատվելու ժամանակը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ինչի մասին էլ այսօր խոսվի, ուշադրության կենտրոնում հետեւյալ հարցն է. ինչո՞ւ հայերն անզոր են հաղթահարելու իրենց պատմության մեջ անվերջանալիորեն շարունակվող մի շարք ապակայունացումներ: Ահաեւ՝ այժմ. ինչո՞ւ է Հայաստանը հայտնվեց փլուզման ու վերացման վտանգի դեմհանդիման։

Այս հարցերին, որքան էլ տարօրինակ լինի, պատրաստ է պատասխանել ով ասես: Բոլոր ծագող հարցերի պատասխանները հայերն ունեն։ Միայն դժբախտությունն այն է, որ յուրաքանչյուր «գիտակ» իր միակ ճշմարտությունն ունի, որն «անխելք» հանրությունը չի կարողանում հասկանալ։ Եվ ոչ ոք ջանք չի գործադրում ավելի համոզիչ գաղափարներ գտնելու համար։

Ես մի առիթով խոսել եմ երկու քաղաքական հայեցակարգերի մասին, որոնք հաստատվել են հայության կյանքում 15-րդ դարում՝ պետականության վերջնական կորստից հետո։ Խոսքն ի դեմս մահմեդական կառավարիչների՝ «Քրիստոնեասեր իշխանություններին հպատակվելու» մասին հայեցակարգի եւ «Քրիստոնեական տերությունների օգնությամբ Հայաստանի ազատագրման» հայեցակարգի մասին է։ Այսպես՝ անկայունություններով ու կորուստներով լի անցած հինգ հարյուր տարիների պատմությունը դույզ-ինչ չի փոխել այս հասկացությունների հանդեպ հայության վերաբերմունքը։ Եվ, ընդհակառակն, դարեր շարունակ այս երկու հայեցակարգի կողմնակիցներն անդուլ կերպով իրար են մեղադրում ազգային բոլոր անախորժությունների համար։ Եվ բուն հարցը, թե «ով ես, ընդհանրապես, ինքդ այս աշխարհում»՝ ոչ ոք չի դնում: Դրան ուղղակի նշանակություն չի տրվում, քանի որ համարվում է, որ «դու ոչ ոք ես»։

Այսօր եւս Հայաստանի ներկայիս վիճակի պատճառ է մատնանշվում՝ մի կողմից անհնազանդությունն ու «միջազգային կարգի» դեմ ոտնձգությունը, մյուս կողմից՝ ուրիշների կամքին թուլակամորեն ենթարկվելը: Արդյունքում ամեն մեկն իր համար «հայ ժողովրդի թշնամու» կերպար է հորինում։ Ինչ-որ մեկի համար դա թուրքն է, մյուսի համար՝ Ռուսաստանը, երրորդի համար՝ Արեւմուտքը։ Եվ բոլոր դժբախտությունները վերագրվում են հայ ժողովրդի ներսում այդ «թշնամիների» աջակիցների գործողություններին։ Իսկ բուն ժողովրդի մասին ասում են՝ «թույլ է, անօգնական, միայնակ ու դժբախտ»։ Սակայն ամենից հատկանշականը «բաց թողնված շանսերի» մասին անընդհատ քարոզվող առասպելն է։ Իբր՝ ինչ-որ ժամանակ կար փրկության հնարավորություն, բայց դուք՝ հայերդ, բաց թողեցիք։ Պետք էր համաձայնել, իսկ հիմա համաձայնվեք իրենց առաջարկածին, վաղն ավելի վատն են առաջարկելու։

Առայժմ ոչ ոքի չի հաջողվել դուրս գալ այս արատավոր գաղափարական շրջանակից։ Բայց, հավանաբար, միշտ էլ հնարավորություն կա վերաիմաստավորելու վիճակը։ Նման շանսը կարող է իրականություն դառնալ, եթե հարց տանք՝ իսկ չկա՞ արդյոք որպես ժողովուրդ՝ սեփական կենսագործունեության ապահովման երրորդ հայեցակարգ։ Եթե այդպիսի հարց տրվի ու լսվի շատերի կողմից, պատասխանն անհապաղ կգտնվի։ Իսկ պատասխանը ինքնորոշման հայեցակարգի հետ կապված խնդիրների տիրույթում է։ Այս խնդիրների էության ըմբռնումը կօգնի գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ կարիք չկա վազել «աշխարհով եւ հարեւաններով» օգնություն եւ փոխըմբռնում որոնելու, այլ պետք է պատրաստ լինել ընդունելու նրանց, ում համար սկսել եք որոշակի արժեք ներկայացնել: Հետո կգան հետդ համագործակցության մասին խոսելու։ Մնացածը մտածված դիվանագիտության գործն է:

Այստեղ արդեն պետք է հասկանալ, որ քաղաքական աշխարհում չկան ընկերներ, հարեւաններ, հովանավորներ. կան սուբյեկտների՝ ազգային առաջնահերթություններից բխող շահեր։ Միջազգային հարաբերությունների յուրաքանչյուր սուբյեկտ բոլոր մյուսների հավանական հակառակորդն ու մրցակիցն է։ Մնացածները նրա համար միայն ճնշելու կամ իր շահերի համար օգտագործելու առարկաներ են։ Ցանկացած սուբյեկտ պետք է սովորի հարաբերություններ հաստատել այս հակառակորդների հետ՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից: Եվ պետք է հաշվի առնել, որ առանձին սուբյեկտի զորությունը ոչ այնքան իր ներուժի մեջ է, որքան՝ ուրիշների հետ դաշինքի։ Հայաստանը երբեք աշխարհի հետ չի աշխատել նման աշխարհըմբռնման հիման վրա։

Հետագայում կփորձեմ նկարագրել այն քաղաքական որոշումներն ու գործընթացները, որոնցում ներգրավված էր հայ ժողովուրդը 1990-ականների սկզբին՝ նպատակ ունենալով ցույց տալ վերջին տասնամյակների ընթացքում մեր հաջողությունների ու ձախողումների պատճառները։ Միեւնույն ժամանակ՝ դա լավ պատկերացում կլինի մարդկանց կյանքում ինքնորոշման ֆենոմենի ճակատագրական նշանակության մասին:

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.