Monday, 07 October 2024

A Analysis

Փաշինյանն ուզում է «ջրել» Հռչակագիրը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ՀՀ Սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից խոսելու առիթը օգոստոսի 23-ին ինքնաբերաբար ներկայացավ, եւ Նիկոլ Փաշինյանն այդ բարեպատեհությունը բաց չթողեց: Ճիշտ է՝ Հռչակագրի ընդունման հերթական տարեդարձին նվիրված ուղերձն այս անգամ չհամեմվեց «կարմիր շորի ու ցլի» նկարագրությամբ, «կադաստրի թղթի» տառապագին փնտրտուքով, հայրենիք-պետություն հակադրության անպտուղ ինքնաբանավեճով կամ պատմական եւ իրական Հայաստանների շուրջ մանվածապատ մտորումներով, բայց ուղերձի «փայլը» դրանից չտուժեց: Ավելին՝ այն ճոխացվեց Հայաստանի ապագա օրհներգի բանաստեղծական շնչով: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Ընդհանրապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հակվածություն ունի ժամանակ առ ժամանակ անդրադառնալ Մայր օրենքի ու Անկախության հռչակագրի թեմային՝ առիթով, թե անառիթ: Կանոնավոր տարեթվերի յուրաքանչյուր օգոստոսքսաներեքի ծիրում՝ արդեն 7-րդ տարին անընդմեջ, նա արտասովոր մի փայլ, չսպասված մի երանգ եւ, հատկապես, խառնածին մի բովանդակություն անպայման մատուցում է հանրությանն ուղղված իր ուղերձում: Բովանդակություն՝ պայմանավորված տվյալ ժամանակաշրջանի իրավիճակով ու առանձնահատկությամբ:

Այսպես, իշխանավարման առաջին տարվա՝ 2018-ի ուղերձում Փաշինյանը Անկախության հռչակագրի ընդունումը որակել է պատմական իրադարձություն, որը «հետագայում ՀՀ պետականության հաստատման հիմքն է դարձել»: 2019-ին այն անվանել է հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորում, որով տրվել է մեր պետականության մեկնարկը: 2020 եւ 2021 թվականների տեքստերը գրեթե նույնությամբ կրկնել է՝ «մեր պատմական պարտքը եւ առաքելությունը համազգային մեր իղձերի իրականացումն է»: 2022-ից տոնայնությունը զգալապես փոխվել է՝ «մեր Հռչակագիրը նոր տեսության կարիք ունի», իսկ 2023-ին այն գնահատվել է որպես քաղաքական փաստաթուղթ, որը պետք է «քննության ենթարկվի»:

Վերջին՝ 2024-ի ուղերձում արդեն առարկայորեն «թիրախավորել» է Հռչակագրի որոշակի դրույթներ՝ նշելով, որ 1990թ. ընդունված Հռչակագրին հղումը հետագայում՝ 1995-ին, տեղ է գտել եւ մինչ օրս առկա է Մայր օրենքի նախաբանում, ինչը, սակայն, «չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է Սահմանադրության մեջ, եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական է»: Իբրեւ ապացույց՝ նա հիշատակել է Հռչակագրի 5-րդ կետը, որտեղ նշվում է, որ ՀՀ-ն իր անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով «ստեղծում է ԳԽ-ին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ»:

Ասել կուզի, որ, չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, Սահմանադրությամբ մեր Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական եւ հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում. մինչեւ 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունը դրանք ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը, այսինքն՝ Նորին մեծությանը: Առիթն իր ոտքով եկել է, եւ սեփական անձի եւս մեկ անգամ կարեւորումը չէր խանգարի: Հռչակագրի 5-րդ կետն էլ թույլ է տալիս Փաշինյանին պնդել, որ Մայր օրենքում ամրագրված են Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք «արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի»:

Կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից դուրս մղելու օրինակարգ հիմք է նախապատրաստում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ, միեւնույն է, նախկինում էլ Հռչակագրի բովանդակությունն ամբողջությամբ չի ներառվել Մայր օրենքի մեջ, հետեւաբար հղումները դրան պատեհ չեն: Մինչդեռ իրականում անպատեհ է Հռչակագրի 5-րդ կետից բերված օրինակը, որով նա ընդամենը սեւեռվում է ձեւի վրա՝ անտեսելով բովանդակությունը: Բայց կա էլ ավելի ուշագրավ մի դիտարկում, որը, կարծես թե, աննկատ է մնացել:

Եթե ուշադրություն դարձրել եք, իր առաջին՝ 2018թ.-ի օգոստոսյան ուղերձում Փաշինյանը Անկախության հռչակագրի ընդունումը համարել է պատմական իրադարձություն, որը, նրա խոսքով, «հետագայում ՀՀ պետականության հաստատման հիմքն է դարձել»: Ի՞նչ է ստացվում. փաստորեն՝ քաջ գիտակցելով հանդերձ, որ Հռչակագիրը, ըստ էության, հայկական պետականության անձնագիրն է կամ, իրեն հասկանալի լեզվով ասած, «կադաստրի թուղթը», ուզում է թշնամի երկրի ղեկավարի պարտադրանքին հլու՝ չեղարկել այն: Իսկ դա ենթադրում է իրավականորեն զրոյացնել Հայաստան պետության բուն գոյությունը: Առաջին դասարանցի ցանկացած երեխայի հարցրեք, ձեզ կասի՝ եթե հիմքը քանդես, շենքը կփլուզվի:

Փաշինյանը, անկասկած, դրան գնում է գիտակցաբար, իսկ «քանդման» պատվիրատուն ոչ այլ ոք է, քան թշնամի երկրի ղեկավարը: Նա խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադիր նախապայման է մատնանշում Սահմանադրության փոփոխությունը՝ զգուշացնելով, որ «հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի»: Բաքուն, ի մասնավորի, խնդրահարույց է համարում Հայաստանի Մայր օրենքի նախաբանում հիշատակված Հռչակագիրը, որտեղ հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Այդ դրույթը Իլհամին կատաղեցնում է, ինչպես ցուլին՝ իր դեմ պարզած կարմիր շորը:

Հայաստանի ԱԳ նախարարությունը որոշ երկչոտ փորձեր արել է Ապշերոնի սուլթանին տարհամոզելու, հիշեցնելու խաղաղության պայմանագրի նախագծում ամրագրված այն դրույթը, ըստ որի՝ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ, սակայն վերջինս այդքանով չի բավարարվել: Նույնիսկ առաջարկվել էր նախագծում նոր դրույթ մտցնել, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Բաքուն իրենն է պնդել՝ մնալով անդրդվելի:

Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ խաղաղության պայմանագիր կոչվածը, մեծ հաշվով, ամենաքիչն է հետաքրքրում թուրք-ադրբեջանական տանդեմին՝ դա ընդամենը շղարշ է՝ նրանց իրական մտադրությունները քողարկելու համար: Իսկ գերնպատակը մեկն է,- եւ դա բազմիցս է փաստվել,- քարտեզի վրայից ջնջված տեսնել Հայաստան պետությունը, որի փոխվրեժի, անգամ նրա ապագայի վախից չարամիտ զույգը սարսափում է: Ալիեւը տանել չի կարողանում նույնիսկ ՀՀ ազգային խորհրդանիշներում Արարատ լեռան պատկերումը՝ չնայած Ադրբեջանի հետ դա որեւէ աղերս չունի: «Այն պետք է փոխվի,- վերջերս Բաքվում անցկացված մի քննարկման ժամանակ ասել էր նա,- Հայաստանում նրանք բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»:

Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին արված հղումները չեզոքացնելու վերաբերյալ Ալիեւի պահանջը, որի իրագործմանը, ի դեպ, Փաշինյանն արդեն ձեռնամուխ է եղել՝ խոստանալով սահմանադրափոխության գործընթացն ավարտին հասցնել 2027թ. վերջերին, իրականում ծուղակ է: Փաշինյանը, անշուշտ, դա հասկանում է: Հասկանում էր, երբ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ գաղտնի հանդիպմանը Բաքվի հայաստանյան օրակարգի շրջանակներում Ալիեւին գոհացնող խոստումներ էր տալիս: Երբ կառավարության տան իր աշխատասենյակի պատից վար էր բերում Արարատի մեծադիր նկարը՝ տեղը կախելով Արագածինը, որպեսզի Ալիեւի սրտով լինի:

Հիմա էլ պատրաստակամ է կատարել Բաքվի բռնապետի մյուս բոլոր հրահանգները, այդ թվում վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված ցանկությունը, թեկուզ դրա գինը հայոց պետականության կորուստ լինի: Փաշինյանը նաեւ հասկանում է, որ հայկական պետականության վերացմամբ՝ կվերանա նաեւ այս վեց տարում իր կատարած չարագործությունների համար հետագայում պատասխան տալու անհրաժեշտությունը: Սա էլ իր «քյարը» կմնա:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.