Monday, 07 October 2024

A Analysis

Անհայտ ծագման դիվանագետներ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 14-ի հրամանագրով (բարեբախտություն, թե դժբախտություն է նման նախագահ ունենալը՝ այլ հարց է), Վաղարշակ Հարությունյանը ետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից (նրա դիվանագիտական կարողությունը եւս թեական է): Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան (տերդ խնդա, Բաղդասար): Նշածս այս անձանց՝ խորին հարգանքներս: Բոլորը կարգին, ընտանիքավորված, հասարակության մեջ որոշակի դիրքի ու ճանաչման հասած մարդիկ են, անտարակույս՝ Հայրենիքին մատուցած անուրանալի ծառայություններ ունեցող:

Բայց, համաձայնեք, այս հրաշալի մարդիկ ուղղակի իրենց տեղում չեն, ինչը երկրի համար ծանր հետեւանքներով է հղի: Երբ պատի մեջ քարն իր տեղում չէ, պատը ծուռ է գնում, ինչպես «ծուռ» են գնում մեր երկրի գործերը: Հայաստանն այսօր բոլոր առումներով «որբի գլուխ» է հիշեցնում, որի վրա վարսավիրություն է անում գործից տեղյակ-անտեղյակ՝ ով ասեք: Որբի գլուխը հենց նրա համար է «որբի գլուխ», որ արհեստավարժություն, խնամք առանձնապես չի պահանջում, մազերն անճաշակ, անհավասար խուզելուց չի տրտնջում, չի բողոքում, ամեն ինչի հետ լուռ յոլա է գնում:

Այժմ՝ քանի որ խոսք բացվեց նոր դեսպանի նշանակման մասին, այն էլ մեզ համար հույժ կարեւոր մի երկրում՝ ՌԴ-ում, տեղին կլինի նորանշանակ դեսպանի «տաք հետքերով» մի փոքր հետազոտություն անցկացնել՝ հասկանալու համար այն մեթոդաբանությունը, որի հիման վրա իրականացվում է կադրերի ուսուցումը, ընտրությունը եւ տեղաբաշխումը ՀՀ-ում՝ ընդհանրապես եւ դիվանագիտության ոլորտում՝ մասնավորապես: Կա՞ն արդյոք մեզանում կադրային աշխատանքի լավարկման ընդհանուր հիմունքներ, չափանիշներ ու եղանակներ՝ այդ թվում դիվանագիտության մեջ, որը, մեծ հաշվով, առանցքայիններից է, եթե չասենք՝ ամենաառանցքայինը: Իսկ պատկերավոր ասած՝ դիվանագիտությունը Հայաստանի դեմքն է՝ ի ցույց աշխարհի:

Չմոռանանք, որ հայոց անկախ, ինքնիշխան դիվանագիտության պատմությունը անցյալ դարի 90-ականների սկզբից է գալիս, երբ ՀՀ անկախացմանը զուգընթաց՝ նոր-նոր իր ինքնուրույն քայլերն էր անում՝ առաջնորդությամբ ԱԳ հիմնադիր-նախարար նշանակված Րաֆֆի Հովհաննիսյանի: Համակարգի կազմավորման ակունքներում հիմնականում Անկախության հովերով խանդավառված երիտասարդ ուժեր էին, եւ 32-ամյա նախարարին հաջողվեց՝ միավորելով նրանց ջանքերը, կարճ ժամանակում ոլորտը ոտքի կանգնեցնել: Րաֆֆին ամերիկյան մի քանի բուհերում փայլուն մասնագիտական կրթություն ստացած՝ եռանդուն, ազնվատոհմիկ ու հայրենասեր երիտասարդ էր, որը Սպիտակի 1988-ի երկրաշարժից հետո ընտանյոք տեղափոխվել էր կիսավեր հայրենիք՝ ուժերի չափով օգտակար լինելու տարաբախտ հայրենակիցներին:

Դե ինչ, հայկական անկախ դիվանագիտության դարբնոցի եւ արեւմտյան վարքուբարքի լավագույն ավանդույթների ամուր հիմքը դրված էր, որի վրա կառուցված «վերնաշենքը» մինչեւ 2018-ը հետագա զարգացում ստացավ՝ համալրվելով արհեստավարժ կադրերով եւ ձեւավորվելով որպես մի կուռ կառույց: Ցավոք՝ «թավշյա» կոչվող իշխանափոխությունից հետո,- շատերը դա կհիշեն,- Փաշինյանն ակտիվ «կադրային ջարդ» ձեռնարկեց բոլոր ոլորտներում եւ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ առաջին հերթին: Վաստակ ու փորձառություն ունեցող կադրային դիվանագետները մղվեցին լուսանցք՝ տեղները զիջելով ՔՊ-ական անուս «ուսապարկերին»:

Կադրերի առաջխաղացման չափանիշը ոչ թե փորձն ու արհեստավարժությունն էր (եւ՝ է), այլ անձնական հավատարմությունը վարչապետին: Այդ չափանիշով էին ընտրվում (եւ՝ են) համակարգի առանցքային օղակների պաշտոնյաները: Բանն այնտեղ է հասել, որ գործադիրի մամլո խոսնակ Վլ.Կարապետյանը, նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան, մյուս թիմակիցը՝ Լիլիթ Մակունցը, որ նաեւ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին էր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Էլ ավելի շռայլ գտնվեցին Արարատ Միրզոյանի («Արաբաթ») նկատմամբ՝ նրան վստահելով ԱԳ նախարարի պաշտոնը: Եվ այսպես՝ բոլոր կարեւոր հաստիքները՝ յուրայիններին: Փույթ չէ, թե նշվածներից ոչ մեկը չուներ ո՛չ դիվանագիտական ծառայության փորձ, ո՛չ պատշաճ կրթություն:

Կադրերի պատրաստման ու նրանց ներուժի լիարժեք օգտագործման հանդեպ անլուրջ վերաբերմունքը սրանով չի ավարտվում: Սոսկ այն փաստը, որ ՔՊ-ի իշխանավարման առաջին երեք տարում 3 արտգործնախարար փոխվեց, շատ բան է ասում: Նախ՝ շաբաթներ անց պաշտոնից հեռացվեց գործող նախարարը՝ փորձառու, կադրային դիվանագետ, բայց յուրային չհանդիսացող Էդվարդ Նալբանդյանը, որից հետո եկան համապատասխան կրթություն ու փոքրիշատե փորձառություն ունեցող կադրեր՝ Զոհրաբ Մնացականյանը, որն աշխատեց 2018-ից մինչեւ 2020թ.-ի կեսերը, եւ ընդամենը 8 ամիս աշխատած Արա Այվազյանը: 2021թ. օգոստոսից ոլորտը մնացել է «Արաբաթի» հույսին:

Նախորդ երկուսը՝ Մնացականյանն ու Այվազյանը, ինչպես անաղմուկ, անշշուկ եկել էին, այդպես էլ հեռացան: Ասում են՝ Նիկոլի հետ «մաստ»-ները չէր բռնել: Ինչեւէ: Հիմա գանք ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին, ումից սկսել էինք՝ Գուրգեն Արսենյանին: Նախկինում նա դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021թ.-ին։ Մինչ այդ՝ սկսած 90-ականների սկզբից, եղել է ՀՀԿ-ի եւ այդ կուսակցության քաղխորհրդի անդամ, երեք գումարումների ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներով։ Իր կուսակցությունը՝ ՄԱԿ-ը, հիմնադրել է 2002-ից թվականից: Քաղաքական գործունեության ողջ ընթացքում բավական հաջողված գործարարի համբավ ուներ:

Ճկուն մտքի, կամքի ու հեռատեսության շնորհիվ նա կարողանում էր հետանկախական շրջանի բոլոր կառավարողների հետ լեզու գտնել՝ ԼՏՊ-ից մինչեւ Փաշինյան: Այսօր էլ ՀՀ-ում եթե ոչ անմիջական որոշում կայացնող, ապա կայացվող որոշումների վրա որոշակի ազդեցություն ունեցող անձանցից է համարվում: Մերձավոր ընկերները շատ ժամանակ կատակի են տալիս, թե Արսենյանի գործողություններից դատելով՝ կողմնորոշվում են այս կամ այն իրավիճակում եւ, ըստ այդմ, պլանավորում անելիքը: Այժմ, երբ պատրաստվում է մեկնել Մոսկվա, իրավիճակը նրա «արշինով» չափողները եզրակացնում են, որ Արսենյանն իր գլխի ճարն է տեսնում, փախչում է Հայաստանից՝ զգալով Նիկոլի մոտալուտ քաղաքական վախճանը:

Ոմանք, որ քաղաքականությունից բան են հասկանում, հակառակն են պնդում՝ կարծիք հայտնելով, թե Արսենյանը դեռ շատ է զղջալու դեսպան գնալու համար, ՌԴ-ում նրան մեծ հիասթափություն է սպասում, իր հակառուսական հայտարարություններն այնտեղ չեն մոռացել: Իսկապես, նման հայտարարություններ նախկին պատգամավորն ԱԺ ամբիոնից քանիցս հնչեցրել է՝ մերթ բարձրաձայնելով, թե ՌԴ-ն Հայաստանին անհիմն պահանջներ է ներկայացնում, մերթ էլ պնդելով, որ Թուրքիան ՀՀ-ի համար սպառնալիք չէ: Ավելին, ըստ Արսենյանի, ռուսական ռազմահենակետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին լրջորեն վնասում է:

Իսկ ինչպե՞ս են գնահատում Արսենյանի նշանակումը քաղաքականությանն ավելի մոտ կանգնած գործիչները. ի՞նչ կարող է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում այս նշանակումից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանն իր շրջապատից մարդ է ուղարկում ՌԴ՝ փոխարինելու մի ձախորդ դեսպանի: «Կարծում եմ՝ սրանով ինքը փորձում է ինչ-որ ազդակ ուղարկել, որ պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնելու, մանավանդ որ, նշանակումից մի քանի օր առաջ էլ Եվրասիական զարգացման բանկից, որի հիմնական բաժնետերը Ռուսաստանն է, 300 միլիոն դոլարի պարտք է Հայաստանը վերցրել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը տեւական ժամանակ չէր հաստատում Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ անցյալ տարվա աշնանը: Նույնիսկ լուրեր կային, որ այն մերժվել է: «Հրապարակ» օրաթերթի հաղորդմամբ, որը ստացել է իր լավատեղյակ աղբյուրից, որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Նա անձամբ է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընդունել Արսենյանի ագրեմանը:

Պարբերականը նշում է, որ եթե դեսպանի ագրեմանը չհաստատվեր, ճամբարափոխ Արսենյանը վայր էր դնելու մանդատն ու հեռանալ ՔՊ-ից, քանզի դժգոհություններ ուներ ՔՊ-ի վարած քաղաքականությունից՝ հատկապես տնտեսության ոլորտում: Այս քայլով Փաշինյանը նաեւ դա է կանխել: Բայց դա արդեն սեփական դեմքը փրկելու համար:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.