Ուիլյամ Սարոյան, «Հայրիկ, դու խենթ ես», վիպակ, թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի, «Անտարես», 2019թ.
Ուիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ընդառաջ «Անտարես» հրատարակչությունը Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ ընթերցողին է ներկայացնում անվանի գրողի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի նոր հրատարակությունը:
Վիպակում ականատես ենք Սարոյանի աշխարհազգացողությանն ու գրողական ձեռագրին խիստ բնորոշ օտարման էֆեկտին, երբ քաջածանոթ առարկան կամ ուզածդ սովորական բան դիտարկվում է կողքից, օտարված հայացքով, ասես նորովի, եւ ի հայտ է գալիս մի ամբողջ անհայտ աշխարհ: Գիրքը նվիրված է որդուն՝ Արամ Սարոյանին: Առաջաբանում Սարոյանը գրում է. «Ես վճռեցի գրել այս գիրքը, որովհետեւ 1953-ին, երբ տասը տարեկան էիր, դո՛ւ խնդրեցիր ինձ, եւ որովհետեւ 1918-ին, երբ ես ինքս էի տասը տարեկան, իմ գրողական հմտությունը հավասարազոր չէր այն ամենին, ինչ որ կուզենայի ասել։ Հիմա, վերջապես, գրեցի գիրքս, կամ ավելի ճիշտ՝ հենց դու էլ գրեցիր»:
«Աշխարհը» հատկանշական գլխում «Հայրիկի» պատանի հերոսը պատմում է. «...ես կոպիճները, ջրիմուռի կտորն ու խեցիները լվացի եւ ամեն մեկը շատ ուշադիր զննեցի, շուռումուռ տվի բոլոր կողմերից նայելու համար ու ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ չտեսա: Աչքովս էնպիսի մանրուքներ ընկան, որոնք երբեք չէի տեսնի, եթե ուշադիր չնայեի: Ես տեսա, որ ամեն փոքրիկ բան աշխարհում շատ ավելին է, քան թվում է»:
Մերօրյա մարդը հաճախ արդեն զուրկ է տղայի նշած այս ընդունակությունից, մինչդեռ Սարոյանը գովերգում է ապրելու, ողջ լինելու վայելքը, պարզ ու բնական բաներով հրճվելու կարողությունը, բնաշխարհի ներդաշնակ մասնիկը լինելու այսօր կորուսյալ զգացումը: Կարճ ասած՝ ավելի արդիական, ավելի պահանջված գրող 21-րդ դարում դժվար է պատկերացնել: