Հայացքի հյուրն է մեդիափորձագետ Ռաֆայել Աֆրիկյանը:
Ի՞նչ ընդհանուր գնահատականներ կտաք լրատվամիջոցների գործունեությանը այս շարժման ընթացքում: Եթե համեմատական անցկացնենք նախկինում եղած շարժումների հետ, այս անգամ ինչպիսի դեր ունեցավ մամուլը հանրությանն իրազեկելու գործում:
Լրատվամիջոցներին, որպես մեկ ամբողջություն դժվար է դիտարկել, հետևաբար նաև գնահատական տալն է դժվար։ Լրատվամիջոցները բազմաշերտ են։ Այս շարժման ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին իրադարձությունները լուսաբանելիս։ Պետք է առանձնացնեմ ուղիղ կապ ապահովվող լրատվամիջոցների ներդրումը ամբողջ գործընթացում։ Զանգվածային լրատվության այս ներկայացուցիչները հնարավորություն տվեցին իրադարձությունների կիզակետում լինել աշխարհի ցանկացած կետում գտնվող քաղաքացիներին։
Սրան զուգահեռ, սակայն, պետք է նշեմ ակտիվորեն տարածվող պրոպագանդայի և կեղծիքի (Fake news) ակտիվ հոսքի մասին։ Թերևս, ամենից խոշոր դեզինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի՝ 2001 թվականի հոդվածն էր, որտեղ իբր նա խոսում է Արցախի 7 շրջանների մասին, որպես օկուպացված, գրավյալ և դրանք դիվանագիտությամբ պահելու անհնարինության մասին։ Այս լուրը ակտիվորեն տարածվում էր համացանցում և մի շարք լրատվականներում։ Բանը հասավ նրան, որ հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանը բարձրացրեց այս հարցը, վարչապետի թեկնածուի հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Նկատելի է եղել նաև որոշ լրատվամիջոցների իրավիճակը լարելու միտումները։ Այսպես որոշ կայքեր հրապարակում էին բավականին ագրեսիվ և վիրավորական նյութեր, օրինակ՝ «Լակոտը վտանգավոր է դառնում», կամ «Անգրագետների բանակն ուզում է գալ իշխանության» վերնագրերով։
Համեմատել այս շարժումը, նախկինում եղած որևէ այլ շարժման հետ փոքր ինչ բարդ է, հետևապես բարդ է նաև գնահատել մամուլի աշխատանքի տարբերությունը։ Թերևս կառանձնացնեմ մեկ՝ թվացյալ փոքր, սակայն իրականում շատ կարևոր հանգամանք՝ անօդաչու թռչող սարքերը։ Դրոնները թույլ տվեցին իրազեկումը իրականացնել բոլորովին այլ մակարդակով, մարդկանց հասանելի դարձավ իրադարձությունների մաշտաբայինությունը, գեղեցիկ կադրեր վերևից, ինչպես նաև ցուցյերին մասնակցող քաղաքացիների ստույգ թիվը։
Մինչեւ վերջերս մեդիադաշտը (TV, Radio, Social Media) բավականին ընդգծված բաժանում ուներ, այսինքն կար պրոիշխանական մեդիառեսուրս ու համեմատաբար ավելի անկախ լրատվամիջոցներ: Շարժման սկզբից մինչեւ վերջ, փոփոխությունների ինչպիսի՞ դինամիկա եք նկատել նրանց գործելաոճում, ու ի՞նչ գործոններ են ազդել այդ փոփոխությունների վրա:
Հարցին օբյեկտիվ պատասխանելու համար անհրաժեշտ կլիներ ամիսներով մոնիթորինգ իրականացնել ձեր նշած ուղղություններով՝ (TV, Radio, Social Media)։ Կփորձեմ այդուհանդերձ կիսվել անձնական դիտարկումներով։ Հեռուստաընկերությունները, իրենց բնորոշ կերպով սկզբում լռում էին, կամ տալիս էին կցկտուր տեղեկություններ շարժման վերաբերյալ, ինչը սակայն, սկսվեց փոխվել շարժման թափ հավաքելու հետ զուգահեռ։ Գործը հասավ անգամ շատերի համար զարմանալի մի երևույթի՝ Շանթ հեռուստաընկերությունը պարբերաբար ուղիղ եթեր էր ապահովվում իրադարձությունների կիզակետից։ Եթե համեմատենք այս հեռուստաընկերության գործելաոճը օրինակ՝ 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան» շարժումը լուսաբանելու հետ, ապա տարբերությունը ակնառու է։
Ինչ վերաբերվում է ռադիոյին, ապա հիշեցնեմ հենց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հենց առաջին օրերին։ Փաշինյանը իր կողմնակիցների հետ, որպես բողոք, մտավ հանրային ռադիոյի շենք և պահանջեց ուղիղ եթերի ապահովվում։ Այնուհետև պարզվեց, որ շենքը հոսանքազրկված է, թեպետ հանրային ռադիոյի շենքի տանիքը ծածկված էր արևային մարտկոցներով։ Մեկ այլ ռադիոկայան ամբողջ շարժումը լուսաբանում էր երթևեկության տեսանկյունից, և վարորդներին պարբերաբար տեղեկացնում Երևանում փակված փողոցների մասին։
Սոցիալական մեդիայի պարագայում կառանձնացնեի որոշ բլոգերիների, ովքեր ակտիվորեն հիշեցնում էին Նիկոլ Փաշինյանի այն խոստումը, որ եթե այս պայքարը անհաջողության մատնվի՝ վերջինս կհեռանա քաղաքականությունից։ Օրեր անց, երբ արդեն ակնառու էր, որ շարժումը մտնում է վճռորոշ փուլ, այս նույն բլոգերները ակտիվ կոչ էին անում քաղաքացիներին միանալ համաժողովրդական շարժմանը։
Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները միջազգային մամուլի աշխատանքներին (կա՞ր ապատեղեկատվություն, ե՞րբ մեծացավ հետաքրքրվածությունը, եւ այլն):
Որպես միջազգային մամուլ կառանձնացնեմ ռուսական և արևմտյան մամուլները։ Ռուսական մամուլը, հակառակ բազմաթիվ ենթադրությունների, շարժումը սկսեց լուսաբանել ուշ, սակայն բավականին օբյեկտիվ։ Առաջատար ԶԼՄ-ները, համենայն դեպս, զուգահեռներ չէին տանում Ուկրաինական մայդանի հետ և չէին անվանում Հայաստանում տեղի ունեցողը «գոնավոր հեղափոխություն», ինչը, հիշեցնեմ, արվում էր 2015 թվականին «Էլեկտրիկ Երևանի» օրերին։ Այնուամենայնիվ, նշեմ, որ եղան դեպքեր, երբ Կրեմլի աշխատակազմին մոտ գտնվող լրատվամիջոցներից մեկը բացահայտ ապատեղեկատվություն տարածեց Նիկոլ Փաշինյանի և շարժման մասնակիցների մասին։ Մեկ այլ առաջատար կայք, օրերս, ոստիկանության գնդապետի կողմից բանկ թալանելու փորձը կապեց շարժման հետ։ Այս դեպքերը, այդուհանդերձ եզակի էին։
Արևմտյան ԶԼՄ-ները ևս ակտիվորեն ներգրավված էին շարժումը լուսաբանելու մեջ։ Այդ օրերին հաճախ էր հնարավոր տեսնել արտասահմանցի լրագրողների, ովքեր զրուցում էին ցուցարարների հետ։ Կարծում եմ, միջազգային լրատվամիջոցների հետաքրքրությունը բարձրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այդ ժամանակ փոխվեց նաև արևմտյան լրատվամիջոցների հռետորաբանությունը։ Եթե մինչ այդ գրվում էր ընդդիմության և իշխանության հակադրության մասին, ապա Սարգսյանի հրաժարականից հետո սկսվեց գրվել ժողովրդավարության և ավտորիտար ռեժիմի մասին։
Այսուհետ, ինչպե՞ս կգործի նախկինում պրոիշխանական մեդիան: Ըստ Ձեզ, ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն, հեռուստաեթերի եւ սոցմեդիայի մաքրմանը, ապատեղեկատվության կտրուկ նվազեցմանը հասնելու համար:
Եթե հաշվի առնենք, որ ձեր նշած պրոիշխանական մեդիան հիմնականում պատկանում է իշխանությունների տարբեր ներկայացուցիչների, ապա երևի թե նույն կերպ, թեև իրողությունները կարծում եմ կստիպեն վերանայել գործելաոճը։ Այնուամենայնիվ, մեր իրականության մեջ մնում է «պատվերով նյութ գրել» չարիքը։ Այս պահին կանխատեսելը բարդ է։ «Հայկական ժամանակ» թերթը օրինակ, միշտ առանձնացել է իր օբյեկտիվությամբ և նկատվել է իշխանությունների քննադատությամբ։ ինչպես հայտնի է թերթի գլխավոր խմբագիրը Աննա Հակոբյանն է՝ վարչապետ Փաշինյանի կինը։ Կփոխի՞ արդյոք թերթը իր գործելաոճը, ցույց կտա ժամանակը։
Ապատեղեկատվությունը լրատվամիջոցներում հաճախ չի հետապնդում ինչ որ միտում, այն պարզապես լրագրողի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է։ Կարծում եմ այստեղ մեծ բաց կա և մենք պրոֆեսսիոնալ լրագրողների կարիք ունենք։ Աշխարհը արդեն վաղուց «ունիվերսալ» լրագրողներից անցում է կատարել «պրոֆիլային» լրագրողների։ Մեզ պետք են լրագրող-տնտեսագետ, լրագրող-իրավագետ, լրագրող-քաղաքագետ և այլ այսպիսի մասնագետներ։ Ցավոք, այժմ ԲՈւՀ-երում ժուռնալիստիկան դասավանդվում է, որպես մեկ միասնական մասնագիտություն։ Անհրաժեշտ է բաղդատել այն վերոնշյալ մասերի։ Իհարկե, սա չի վերացնի լրատվական ամենօրյա հոսքի միտումնավոր ապատեղեկատվությունները, ինչպես նաև պրոպագանդան, սակայն զգալիորեն կնվազեցնի հարցի մեկ այլ կողմը։