Ճիշտ կլիներ հավանաբար, որ վարչապետին ոչ թե երկու, այլ ասենք 3-4 անգամ խորհրդարանը չընտրեր, հետո իրավունքի ուժով ազատ արձակվեր։ Եթե առաջին անգամվա չընտրվելու ելույթը քաղաքական էր, երկրորդն արդեն ավելի լուրջ էր՝ տնտեսական վերլուծություն։ Տնտեսագետները դեռ կվերլուծեն Փաշինյանի ելույթի նրբությունները։ Լավ կլիներ մի անգամ էլ չընտրվեր ու խոսեր արտաքին քաղաքականությունից, թե ինչ է անում այս ոլորտում, ինչն է նրա համար առաջնային ու երկրորդային։ Այս օրերին ավելի շատ կենտրոնացած ենք ներքին խնդիրները կարգավորելու վրա, սակայն բաց է մնում արտաքին ուղղությունը։ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը, հայտարարությունները, դրան հաջորդած պաշտոնական Մոսկվայի արձագանքը, տարածաշրջանում տեղի ունեցող շարժերը չեն կարող իրենց արձագանքը չունենալ մեր արտաքին քաղաքականության վրա։ Արտաքին քաղաքական խնդիրների շուրջ զրուցում ենք քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարություններին հաջորդեց ՌԴ ԱԳՆ-ի հակընդդեմ հայտարարությունը, թե չպետք է խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Հայաստանի իշխանությունը ոչ այս, ոչ էլ այն կողմին է ճիշտ կամ սխալ համարում։ Կարողանու՞մ ենք նժարները հավասարակշռել։
-Աշխարհն առաջ է անցնում, եթե դու շարունակես նախկին քաղաքականությունը, կարող ես տանուլ տալ։ Մեզնից չի կախված ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը, եթե այդ գերտերությունները որևէ բան են փոխում իրենց քաղաքականությունում, մենք նախ պետք է փորձենք դա հասկանալ, հետո մշակել սեփական ռազմավարությունը։ Այս ամենում բացարձակ կապ չունի` Հայաստանում փոփոխություններ եղել են, թե ոչ։ Այս մեծ աղմուկը, որ եղավ Բոլթոնի տարածաշրջանային սիմվոլիկ այցից հետո, ցույց տվեց, որ ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունը, սկսել է ավելի կոնկրետ գործել։ Սա սկսվեց սեպտեմբերին` ՀՀ անկախության օրվա առթիվ արված Պոմպեոյի և Թրամփի ծավալուն շնորհավորանքներով։ Արդեն պարզ երևում էր Հայաստանի հանդեպ վերաբերմունքը։ Այս այցի ժամանակ եղան կոնկրետ առաջարկներ։ Երբ ռուսներն ասում են, թե չպետք է խառնվել Հայաստանի ներքին գործերին, ի՞նչ է դա նշանակում։ Հայ-ռուսական հարաբերությունները միջազգային հարաբերություններ են, գալիս է մի երկրի ներկայացուցիչ, առաջարկում է այլ հարաբերություններ ծավալել, բնականաբար, պետք է նաև այդ ուղղությամբ նայել։ Բոլոր այն երկրներում, որտեղ եղել է Բոլթոնը, ինչ-որ շարժեր են անում։ Հանկարծակի Սիրիայի խնդրով, առանց ԱՄՆ-ի, հանդիպում է կազմակերպվում Ստամբուլում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի միջև։ Սակայն միայն Սիրիայի խնդիր չեն քննարկել։ Ասել է՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը ևս դիտարկվել է։ Դրանից հետո եղավ նաև Թուրքիա-Իրան-Ադրբեջան հանդիպում։ Սրանք այդ այցի առաջին արձագանքներն են, երբ այդ երկրները փորձում են միմյանց հետ ինչ-որ բաներ համաձայնեցնել։
-Ի դեպ, Իրանի հետ կապված հայտարարությունը ևս քննարկման ծիրում էր, երբ ոմանք Բոլթոնի հայտարարությունում հայ-իրանական հարաբերություններին սպառնացող խնդիրներ տեսան։ Այս հարցում ԱՄՆ-ը փորձում է մեզ ինչ-ինչ պայմաննե՞ր թելադրել։
-Ո՞վ է ասում, թե թելադրում է, ընդամենը առաջարկում է։ Երբ թելադրում են, ուրեմն վիճակդ վատ է։ Իսկ Իրանի հարցով բացարձակ ոչինչ չեն ասել։ Տարածաշրջանի վերաբերյալ ընդամենը մի բան է ասվել, որ այս տարածաշրջանը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում է։ Բոլթոնը եկել ու ասում է, որ ցանկանում է տեսնել թե այս երկրները ինչ դիրքորոշում ունեն այդ երեք երկրների հանդեպ։ Հայաստանում մի էական բան էլ ասվեց` բացվեց զենքի մեկ այլ շուկա։ Սա աննախադեպ երևույթ է, երբ գալիս ու ասում են` խնդրեմ, ունենք զենք ձեզ համար։ Սա աննախադեպ է, քանի որ այսօր միայն Ռուսաստանը չէ, որ զենք է առաջարկում։
-Չե՞ք կարծում, որ զենքի խնդիրը ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ճշգրտման տիրույթում էր։
-Չեմ բացառում, բայց ժխտում եմ, որ դա կապ ունի Ռուսաստանի հետ։ Սա պայմանավորված է նաև նրանով, թե ինչ դերերում է ԱՄՆ-ը տեսնում Հայաստանն ու Ադրբեջանը։
-Իսկ Հայաստանն ի՞նչ կերպ է բալանսավորելու գերտերությունների շահերը։
-Ես չգիտեմ, թե ինչպես է հայ քաղաքական միտքն արձագանքում այս ամենին։ Կարդացել եմ Վիգեն Սարգսյանի վրդովված ելույթը։ Դա հին մտածելակերպի հանկարծակի դղրդոց էր։ Չեն ընկալում, որ աշխարհում իրավիճակ է փոխվել։ Հիմա նոր իշխանությունները պետք է հասկանան, որ աշխարհում իրավիճակ է փոխվել։ Օրինակ, լսեցի, որ Փաշինյանն ասում է` ի՞նչ խնդիր կա, թող զենքի վաճառքի պայմաններն ասեն, կգնենք։ Երբ մենք հարց էինք դնում Ռուսաստանի առաջ, թե ինչու եք Ադրբեջանին զինում, ասում էին` դուք էլ գնացեք ուրիշից գնեք։
-Մենք Ռուսաստանից մատչելի գներով ենք զենք ձեռք բերում, նույն պայմաններով ԱՄՆ-ը դա մեզ կտրամադրի՞։
-Զենքի տրամադրումը շատ բարդ բան է։ Օրինակ, Ադրբեջանը ինչու չի կարող «Իսկանդեր» գնել, փող էլ շատ ունի, աշխարհով մեկ էլ ընկած փնտրում է։ Զենքի տեղափոխումն այս կամ այն երկիր լինում է քաղաքական որոշումով։ Մի երկրի վաճառում են, մյուսին տալիս են, հետն էլ քսան անգամ շատ գումար։ Սա պետք է հասկանալ, մեր քաղաքական միտքը շա՜տ հեռու է իրականությունից։ Պարզ պատկերացում չկա իրական քաղաքականության մասին։ Միջազգային հարաբերությունները կառուցված են երեք հիմնական ուղղությունների վրա՝ ազգային շահի, ուժի բալանսի և միջազգային իրավունքի։ Երբ ասում են, թե ուր է գնում զենքը, պետք է նայել` բալանս ինչպես է լինում։ Օրինակ, Ադրբեջանին Ռուսաստանը փողով է տալիս, իսկ Հայաստանին կարո՞ղ է «Իսկանդերը» գումարով է տվել։ Ոչ։ Սա պետք է հասկանալ։ Հիմա աշխարհի լավագույն զենքերից մեկի համար քեզ «դոստուպ» են տվել։ Կատակ բան չէ։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք միասնական շատ շահեր ունենք։ Մեր սխալն այն է, որ այս տարիներին մտել ենք Ռուսաստանի «տակ»՝ նրան դարձնելով մեր միակ հովանավորը։ Մեր անվտանգության խնդիրներն էլ այդ երկիրն է շատ անգամ լուծել։
-Դրա պատճառն այն չէ՞, որ մենք ինքնաբավ երկիր չենք, չենք կարողացել ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը։
-Պատճառները շատ եմ ուսումնասիրել, հիմնական խնդիրը մեր քաղաքական ընկալումներն են։ Հայաստանում 91-ից եկած էլիտան ուներ աշխարհընկալում, որը ձևավորվել էր 20-րդ դարի սկզբի իրադարձությունների գնահատման հիման վրա։ Մարդիկ ապրում էին առաջին, ոչ թե երրորդ հանրապետությունում։ Մինչև հիմա էլ որոշ մարդիկ դեռ այնտեղ են, ամեն ինչ այդ սխեմայի մեջ էր, դրա համար դարձել ենք Ռուսաստանի վասալը։
-Այս պայմաններում ո՞րն է նոր իշխանության արտաքին քաղաքական առաջնային խնդիրը։
-Նախկին իշխանությունների ստորագրած բոլոր փաստաթղթերը դրված են նոր իշխանության սեղանին։ Սա ծանր բեռ է։ Պետք է վերանայել Ռուսաստանի հետ քաղաքականությունը։ Ի դեպ, կան բաներ, որոնք այսօր ռուսներին էլ ձեռնտու չեն։
-Ի վերջո, աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում չկա՞ վտանգ, որ Հայաստանը կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի խատերի բախման կիզակետում հայտնվել, ավելի կոպիտ ասած, ոտքի տակ։
-Ոտնատակում կարող են հայտնվել այն երկրները, որոնք ինքնավար չեն։ Ինչու՞ ոչ մեկը չի կարող իր քիթը մտցնել Արցախ, որովհետև դա ինքնավար տարածք է, և ոչ ոք չի կարող այնտեղ զորք մտցնել։ Երբ մեկը նման փորձ է անում, վեց հոգի ձեռքից բռնում է, ասում է՝ ոչ։ ՈՒժի բալանսը պետք է հասկանալ։ Ոտնատակում հայտնվում են նրանք, ովքեր ինչ-որ մեկի հովանավորության տակ են։ Այդ դեպքում այդ վեց երկիրը քեզ սպանում են, իսկ այն մեկն էլ՝ հանձնում է, որ վեցի հետ հաշտվի։ Այնպես որ, ինքնավար ես, բոլորի ընկերն ես, մեկի «տակ» մտար, մյուսները քեզ սպանում են, այն մեկն էլ քեզ ինքնակամ հանձնում է, որ վեցի հետ խնդիրներ չունենա։ Այդպես եղավ քրդերի հետ։ Մենք մեր խնդիրները պետք է լուծենք այնպես, որ աշխարհին հետաքրքիր լինենք, պետք է աշխարհին ինչ-որ բան տալ։ Երբ աշխարհին բան չես տալիս, ոչինչ էլ չես ստանում։ Եթե աշխարհի համար դու խնդիր չես առաջացնում, ինքը թքած ունի քեզ վրա։ Ռուսաստանն ու Ադրբեջանն ինչու՞ են խոսում Հայաստանի հետ, որովհետև մենք նրանց համար խնդիր ենք։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ