Friday, 04 October 2024

C Center in the Press

Ահա թե ինչու իշխանությունը չի խոսում Վիեննայի օրակարգից (Lragir.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումից հետո Էրդողանը հայտարարեց, որ Պուտինի հետ քննարկելու է Ղարաբաղի հարցը։ Ինչո՞ւ է Էրդողանը  միջամտում ԼՂ խնդրի լուծմանը, ի՞նչ կարելի է ակնկալել ռուս-թուրքական մերձեցումից։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումից, բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ոգևորվեին, որ իրենք արդեն մեծ կոզր ունեն Հայաստանի դեմ։ Բնական է, որ հիմա նրանք մտածում են, որ մեծ առավելություն ունեն և կարող են արդեն ամեն ինչ իրենք առաջարկել։ Կարող են Ռուսաստանին ասել՝ գիտեք ինչ կա, դուք էլ կարող եք այդ երկաթուղով բեռներ տեղափոխել։ Իրենց տրամաբանությամբ իրենք շատ հզորացել են և կարող են թելադրող լինել։ Եվ անմիջապես Թուրքիայի նախագահն սկսել է այսպիսի առաջարկներ անել։ Նոր Աթաթուրք է խաղում Էրդողանը։

Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումից Հայաստանը միշտ տուժել է։ Հիմա հնարավոր համարո՞ւմ եք, որ նրանք կարող են ԼՂ խնդրի լուծման հարցում հայերի համար ոչ շահեկան տարբերակ քննարկել ու առաջարկել։

Չեմ կարծում, որովհետև ազդակներն ուրիշ են, և աշխարհում տեղի ունեցող պրոցեսները ևս այլ են, դրա համար մենք չենք կարող նախադեպերով փորձել այսօր հասկանալ, թե ինչ կարող է լինել կամ չլինել։ Մասնագետների մեծամասնությունն էլ է գրում, որ Թուրքիայի առաջարկները դժվար թե տեղ հասնեն, արդեն այն ժամանակները չեն։ Իրենք էլ են հիշում, թե ինչ է տեղի ունեցել 1919-21 թվականներին, ու փորձում են հասկանալ, թե ինչ կարող է լինել։Աշխարհում շատ էական բաներ են կատարվել. նախ, քրդական խնդրի ակտուալացման հետևում, բնական է, ուժեր են կանգնած, բոլորն էլ հասկանում են ԱՄՆ-ի մոտեցումները, նաև Իսրայելն է այնտեղ, պարզ չէ Ռուսաստանի բուն շահերը որոնք են այդ հարցերում։ Այս ամենը շատ բարդ իրավիճակում է դրել մեր երկու հարևաններին՝ Թուրքիային և Իրանին։ Ունենալով մեծ խնդիրներ ԱՄՆ-ի հետ՝ այդ երկրները հասկացել են, որ ինչ-որ ռումբ է դրվել իրենց տակ, և իզուր չի, որ քաղաքական եռանկյունու տպավորություն է ստեղծվում՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան կտրվածքով։ Այսինքն՝ Թուրքիան և Իրանն անմիջապես դիմեցին Ռուսաստանին այն հույսով, որ առնվազն Ռուսաստանը որևէ կերպ չի աջակցի քրդական գործոնին։ Այստեղ է, որ լրիվ նոր իրավիճակ է ստեղծվել, այսինքն՝ ոչ թե ուժեղացել են այդ երկրները, այլ թուլացել են, և թուլացել են շատ անհասկանալի և հզոր քրդական գործոնի ազդեցության տակ։ Դրա համար փորձում են միասնական ինչ-որ ծրագրեր մշակել, որ Ռուսաստանը պաշտպանի իրենց շահերը։ Ռուսաստանն էլ, բնական է, օգտվում է այդ ամենից։Մյուս կողմից, մենք լավ գիտենք Թուրքիայի բնավորությունը, որը միշտ դիմում է նախապայմանների առաջ քաշմանը։ Դրա համար հիմա լրիվ այլ իրավիճակ է ստեղծվել, ու հնարավոր չէ պատմական նախադեպերով հասկանալ ու բացատրել այս իրավիճակն ու ընթացող գործընթացները։ Մի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեծ հաջողություն է Թուրքիայի և Ադրբեջանի համար, մյուս կողմից Հայաստանի քթի տակ վերցնել դնել երկաթուղի ու ասել՝ դու այստեղ ոչ մի իրավունքներ չունես, միամտություն է։ Շատ ավելի խելացի կլիներ, որ անմիջապես Հայաստանին էլ հրավիրեին և հետագայի համար որևէ պրոբլեմ չստեղծեին։ Բայց դե թուրքական մտածողությունը նման բաներ չի հասկանում ու չի հանդուրժում։ Նրանք սիրում են ուժի դիրքերից խոսել և հույս ունեն, որ ամեն ինչ կգնա իրենց ուզածով, բոլորը կգան ու իրենց պայմանները կընդունեն։

Վերջին շրջանում շատ է խոսվում ԼՂ խնդրի կարգավորման մասին։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ լուծումը ցավոտ է լինելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը «ցավոտ լուծում» ասելով։

Սերժ Սարգսյանն այն գործիչներից է, որն աշխարհին նայում է միայն անձնական օգուտներ ստանալու հնարավորության միջով։ Հիմա նա նայում է ընթացող պրոցեսներին և մտածում է, որ կարող է հերթական անգամ օգտվել այս ամենից, ամրապնդել իր դիրքերը, շարունակել ևս 40 տարի իշխանության մնալ։ Եթե այդ աչքով ես նայում պրոցեսներին, հասկանալի են դառնում Սերժ Սարգսյանի արտահայտությունները։ Բայց մենք չենք մոռանում Սերժ Սարգսյանի պահվածքն ու գործողությունները ապրիլյան պատերազմից հետո։ Կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ Վիեննայի պայմանավորվածություններից հրաժարվելու խնդրում ևս նա փորձեց օգտվել։

Իշխանությունը շարունակում է պնդել, որ Ժնևում նախագահների հանդիպումը ձախողում չէր, նաև շարունակում են խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին։

Բայց ո՞վ է այդ մասին խոսում։ Այդ մարդիկ սարսափում են անգամ Ժնևում ընդունված պայմանների մասին խոսք ասել։ Դեմագոգիայով զբաղված տարբեր հայտարարություններ են անում, բայց հստակ ասել, որ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է կատարի հետաքննության մեխանիզմների տեղադրման պայմանը, նման բան չեն ասում։ Վերջին մեկ ամսում դուք նման բան լսե՞լ եք։ Ինչպե՞ս կարող են նման բան ասել, եթե նոյեմբերին գնացել այլ բան են պայմանավորվել։ Փորձեք այդ հարցը հստակ տալ իշխանություններին։ Անգամ երիտասարդ դեմագոգներն են սարսափում հիշատակել այդ պայմանների մասին։ Շավարշ Քոչարյանը հանկարծակի հիշել է 1994 թվականի պայմանավորվածությունները, գնացել հասել է 1994 թվական, բայց ոչ Վիեննայի պայմանավորվածությունների մասին։ Այդ մարդկանց խոսքից պարզ երևում է ստեղծված տխուր վիճակը։ Գնաց հասավ 1994 թվականին, միայն թե չհիշատակի Վիեննայի պայմանները։ Անգամ ծիծաղելի է, թե այդ մարդիկ ինչ վիճակում են գտնվում։

Ներիշխանական հարցերի կարգավորման առումով Լեռնային Ղարաբաղի հարցը ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ։ Հնարավո՞ր է՝ իշխանության մնալու համար սեղանին դրվեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող կարևոր խնդիրները, այդ թվում՝ տարածքների զիջման հարցը։

Նրանք շատ կուզենային գոնե աշխարհի առջև տպավորություն թողնել, որ իրենք հարց լուծող են։ Բայց իրականությունը մի փոքր այլ է։ Մարդիկ իրենց ձեռքից տվել են գործընթացը։ Մենք արդեն իսկ նկատում ենք, որ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում են փորձում լուծել Ղարաբաղի հարցը։ Ժամանակին Ղարաբաղը դուրս մղեցին բանակցություններից, հիմա էլ Հայաստանն են ուզում դուրս մղել գործընթացից։ Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը, որ Ռուսաստանը այսպիսի, այնպիսի պայմաններ է դրել, իրականում այդ պայմանների մեջ Ղարաբաղ կամ Հայաստան բառերն անգամ չկան։ Այլ խնդիր է, որ դու լրիվ տալիս ես ուրիշին ու տալիս ես մտածված՝ օգտվելու մոլուցքով, արդյունքում գալիս ես այս վիճակին։ Արդեն հարցը առանց քեզ են լուծում, դու ո՞վ ես որ, քեզ չեն էլ հարցնում։ Հայաստանի անունն անգամ չեն տալիս, մեր կարծիքը նրանց չի հետաքրքրում։ Իրենց միայն մի բան էր պետք՝ հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից, և դա պոկել են։ Եթե դա այդպես չի, թող վեր կենան ու հայտարարեն, որ չեն հրաժարվել այդ պայմանավորվածություններից։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.