Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, Արցախում այսօր տեղի կունենա ՀՀ անվտանգության խորհրդի նիստ, որի առիթով Արցախ է մեկնել ՀՀ վարչապետը։ Սա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, որտեղ ակնարկ կա, որ Արցախը բանակցային գործընթաց չի կարող վերադառնալ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
Ոչինչ էլ տեղի չի ունենում։ Մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ հանդիպելու են։ Դրա հետ կապված դիրքորոշումների ճշգրտում, հիշեցում պետք է լիներ։ Մինսկի խումբը իր դիրքորոշումն է տվել մինչև հանդիպումը։ Բնական է, որ հիմնական խնդիրներից մեկը Փաշինյանի հայտարարություններն էին, որ բանակցություն կլինի, եթե Արցախը մասնակցի, ինքն էլ միայն Հայաստանի անունից կարող է բանակցել։ Բնական է, որ դա խառնաշփոթ պետք է ստեղծեր Ադրբեջանի մոտ, նաև Մինսկի խմբի մոտ։ Հիմա շատ փափուկ ձևով ակնարկ են արել, որ իրենք դեմ չեն դրան, բայց նախապես պետք է պայմանավորվել, բոլոր կողմերը համաձայնեն։ Իրենք չեն կարող ասել, որ իրենք դեմ են Արցախի մասնակցությանը, իրավունք չունեն։ Կա Մինսկի խմբի ձևաչափ, որտեղ հստակ նշված է, որ բանակցություններին հրավիրվում են Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները։ Դրա համար իրենք ընդամենն ասել են, որ պետք էր պայմանավորվել նախօրոք, միակողմանի չանել։ Բայց դա շատ թույլ բան է, որովհետև երբ ժամանակին Ղարաբաղը հանում էին բանակցություններից, Մինսկի խումբը մանդատը խախտել է։ Այն ժամանակ պետք է ասեին՝ միակողմանի իրավունք չունեք որոշում կայացնել։ Բայց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը հանել է Ղարաբաղը բանակցություններից, սուսուփուս հանել են, հիմա հանկարծ ասում են՝ միակողմանի չի կարելի։ Բա այն ժամանակ միակողմանի ի՞նչ սկզբունքով եք հանել։ Այս խնդիրն է, որ Փաշինյանը պետք է գնա և նրանց առջև դնի, որ դուք ունեք մանդատ, աշխատեք այդ մանդատի շրջանակներում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն արձագանքել են թե Ադրբեջանը, թե Հայաստանը։ Այդ պատասխանները որքանո՞վ էին հիմնավոր։
Ամեն մեկն իր տեսակետն է արտահայտել։ Ադրբեջանն իր դիրքորոշումն է ասել, որ իրենց համար տարածքներն են կարևոր, Հայաստանն էլ ասել է, որ մեզ համար կարգավիճակն է կարևոր։ Փաշինյանի գնալը պետք է կապ ունենա այդ ձևաչափի հետ, ու Մինսկի խմբի առջև պետք է բացատրություն պահանջի, թե դուք ինչ իրավունքով եք ժամանակին թույլ տվել միակողմանի Արցախը հանել բանակցություններից և ինչու եք այսօր ասում՝ միակողմանի չի կարելի։ Պետք է այդ հարցով Փաշինյանը գնա բանակցելու, ուրիշ ոչ մի հարցով։ Պետք է ասվի, որ փախստականների ու տարածքների հարցով Հայաստանը բացարձակապես որևէ պատասխանատվություն չի կրում։ Դրանք Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքներն են, և միայն իրենք իրավունք ունեն այդ տարածքների մասին խոսելու, եթե ցանկություն ունեն։ Բաքուն թող գնա խոսի նրանց հետ։ Սա է ամենը, թե չէ վայնասուն են դրել, թե պետք չի գնալ, գնա ինչ պետք է ասի։ Ամեն տեղ էլ պետք է գնա և պետք է բանակցի, խնդիրը թեման է, թե ինչի շուրջ ես բանակցում։ Ալիևն ուզում է իր խնդիրներով բանակցի, բայց դա Հայաստանին չի վերաբերում։
Հիմա այս իրավիճակին ինչ պետք է հաջորդի։
Բանակցություններ անընդհատ պետք է գնան, նպատակը պարզ ու հստակ պետք է լինի, որի մասին նախապես պետք է հայտարարվի։ Հայաստանում երբեք մարդիկ դա չեն հասկացել, չեն ուզում հասկանալ։ Հիմա արդեն հասկացել են, որ պատասխանատվության շրջանակները սրանք են, ու հիմա պետք է պահել այդ դիրքը։ Ես չգիտեմ՝ պահելու է, թե չի պահելու։ Եթե այդ սկզբունքը պահի, կշահենք ու կգնանք առաջ։ Իսկ եթե Սերժ Սարգսյանի նման սկսի աջուձախ հետ գնալ, նույն վիճակի մեջ կհայտնվենք։
Այսինքն՝ պետք է հստակ պնդել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։
Այո, դնում ես սկզբունքը և վերջ, բանակցություններ լինելու են։ Ամեն մեկը բանակցում է իր պատասխանատվության շրջանակներում։ Սա շատ կարևոր բան է և սա պետք է նորմ դառնա։ Հայաստանը հենց դա պետք է դնի սեղանին՝ սկսած Մինսկի խմբից, Ադրբեջանից, Արցախից ու Հայաստանից։ Բոլորը պետք է գործեն իրենց պատասխանատվության և իրավունքների շրջանակներում։ Այնպես չէ, որ մեկը վեր է կենում ու ասում՝ ես եմ ու կամ, այսպես է լինելու։ Վերջացել են այդ ժամանակները։ Ի վերջո, մենք իրավական քաղաքակրթությունում ենք ապրում, պետք է իրավական լեզվով խոսենք աշխարհի հետ և բոլորի հետ։
Նախկին իշխանության ներկայացուցիչները այս ամենը ձախողում են համարում, չեն դադարում խոսել, որ սա նոր իշխանության ձախողումն է։ Նոր իշխանությունն էլ շեշտում է, որ սա նախկին իշխանության թողած քաղաքականության հետևանքն է։
Սա հետևանքի խնդիր չէ, այս իշխանությունը պարզ ասել ու կարմիր գիծ է քաշել՝ մենք նախորդների գիծը չենք տանելու։ Հիմա նախորդները իրենց արած գործերը ուզում են վերագրել ուրիշներին։ Ո՞վ է հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից… Սերժ Սարգսյանը։ Ամբողջ աշխարհում զարմացել էին, թե ինչպես է այս մարդը նման նվեր անում Ադրբեջանին։ Նոր է եղել, բոլորս գիտենք։ Նախկինները հիմա փորձում են իրենց արդարացնել, իրենց գոյության մասին հիշեցնել, խոսքեր են, կրակում են օդ։
Մեծ հաշվով, կարևոր փո՞ւլ է թևակոխում Արցախյան խնդիրը։
Կարևորն այն է, որ արդեն Հայաստանն է քաղաքականություն վարողը։ Վերջացել են ժամանակները, երբ ուրիշներն էին վարում, մերոնց թուշիկներից բռնում, տանում այնտեղ նստացնում էին։ Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ։ Հիմա թող իրենք որոշեն, թող Ալիևը, Մամեդյարովը վազեն, գանգատվեն։ Այս ամբողջ փաստաթուղթը Հայաստանի համար էր, Հայաստանն էլ պետք է ասի՝ այդպես չի, այսպես է, որովհետև դա ճիշտ է, որ ձեր արածը խախտում է։ Չմոռանանք, որ Ադրբեջանն իր ճանաչման օրից միջազգային պարտավորություն է վերցրել Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ 2016 թվականին նա միջազգային իրավունք է խախտել։ Նման բաները դաժանորեն պատժվում են։ Սերժ Սարգսյանը փրկել է Ալիևին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ հավաքել է դեսպաններին ու ասել՝ ոչ մի բան չի եղել, մի թեթև բան է։ Մարդկանց կանչել ու խաբել է, որ չի եղել ագրեսիա, փրկել է Ալիևին։ Այ դրա մասին թող Շարմազանովն ու Աշոտյանը խոսեն։ Թող գնան իրենց շեֆին ասեն՝ ինչով էիր զբաղված։ Սա է վիճակը, մենք պետք է լուրջ ձևով հարցերը դնենք։ Այս հարցը պետք է քննարկի Փաշինյանը, գնա ասի՝ Մինսկի խումբ, ո՞ւր էիք դուք։ Մարդիկ խախտել են այդ պայմանը, դուք ինչ սանկցիա եք կիրառել, ինչ գնահատական եք տվել ժամանակին դրան։ Թող նրանք էլ ասեն՝ կներեք, ձեր նախկին նախագահն ասել է՝ ոչ մի բան չկա, մենք էլ որոշել ենք շփման գիծը վերահսկող միջոցներ դնենք, Ադրբեջանն էլ չի ուզում։ Չի ուզում՝ պատժեք, բա ինչպես են ուզում հարցը լուծեն, ես չեմ հասկանում, մանկապարտեզի ոճո՞վ։