«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը։
-Պարոն Սարգսյան, որքանո՞վ կարող է անձի իշխանությունը դեր ունենալ նոր Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, շատերի գնահատմամբ, «Իմ քայլը» նման տոկոսներ ստացավ առավելապես Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ:
–Ընդհանրապես շատ վատ է, որ այս երկրի ամբողջ կյանքը կախված է մեկ մարդու կամքից, գործողություններից, բայց սա իրականություն է, որովհետև հեղափոխական իրավիճակից հետո լինում են նման բաներ, և մեզ մոտ էլ մեկ մարդու որոշումով է ամեն ինչ որոշվում։ Հանրությունը այդպես է տրամադրված, հավատում է միայն մեկ մարդու։ Հիմա թե դրանից ինչ դուրս կգա, կյանքը ցույց կտա։ Եվ եթե ենթադրենք՝ հանրության վերաբերմունքը փոխվի նրա նկատմամբ, սա արդեն լրջագույն խնդիրներ է ստեղծում։ Հիմա թե ինչպես կպահի իրեն այս վիճակում Փաշինյանը, ինչպես կգնահատի իրավիճակը, մենք շուտով կտեսնենք։
-Բարդ է այն առումով, որ մեկ հոգո՞ւ վրա է կառուցված ամբողջ իշխանությունը։
-Գիտեք, մեկ հոգու վրա էլի են եղել աշխարհում կառուցված բաներ, եղել է Սինգապուրում մեկ հոգուց կախված, մեկ արդյունք է տվել, ուրիշ երկրներում մեկ հոգին կարող էր բերել ողբերգության, ավելի շատ երկրորդ հանգամանքն է լինում, բայց խնդիրն այն է, որ այն արժեքները, որոնք հայտարարվել են, ի վերջո, դրանք պետք է հաստատվեն երկրում։ Ոչ ոք չի ասել, որ Սերժին հանում ենք, որ Նիկոլ բերենք, խոսվում էր օրենքի գերակայությունից, մարդկանց հավասար իրավունքներից, ազատությունից, և հիմա նման գաղափարները պետք է սկսեն իրականություն դառնալ։ Ի վերջո, խոսքը հզոր արժեք ունի։
-Պարոն Սարգսյան, առաջիկայում կառավարության կազմի օպտիմալացում տեղի կունենա, նախարարությունների թիվը կկրճատվի։ Այսպիսի օպտիմալացումը որքանո՞վ է, ըստ Ձեզ, նպատակահարմար։
-Կախված է ծրագրերից։ Կառավարության կազմակերպչական ձևը կախված է ծրագրերից, որը այս կառավարությունը պետք է իրականացնի։ Հիմա կարելի է ուռճացնել ինչքան ուզում ես, բայց ամբողջ կառավարությունը 50 տոկոս պարապ նստած լինի, այն, ինչ եղել է, ուղղակի աշխատանքի տեղեր են եղել։ Եվ սա պետք է կոնկրետ արվի և համոզիչ փաստարկներ լինեն՝ ինչու է սա լավ կամ վատ։
-Կառավարությունը կարո՞ղ է այնպիսի զարգացման ծրագիր ներկայացնել, որ Ձեր նշած խնդիրներին փորձի լուծում տալ։ Այս յոթ ամիսների ընթացքում այդպիսի ծրագրեր ներկայացվե՞լ են հանրությանը։
-Ոչ, այդպիսի ծրագրեր չեն եղել, պրակտիկ քաղաքականությամբ են զբաղվել, և հիմա, երբ խոսում են տնտեսական հեղափոխության մասին, ինչ է այդ հեղափոխությունը, ինչպես է դա արվում, ինչ է իրենից ներկայացնում, միայն լոզունգներ են, և վաղ է խոսել այդ մասին։
– Ինչպե՞ս կօգտագործի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը այդ աննախադեպ լեգիտիմությունը, ի՞նչ համապետական խնդիրներ կարող են լուծվել այդ լեգիտիմության հաշվին։
-Չեմ կարծում, որ դրանք կապված են իրար հետ։ Սա դասական առումով չի կարելի ընտրություններ կոչել, սա ընդամենը հեղափոխական պրոցեսի շարունակությունն է, ընդամենը վստահության քվեն է, ինչ-որ քաղաքական պրոցեսների ավարտ։ Եվ դրա համար էլ այդ ծրագրերի իրականացման համար վստահության խնդիրը երկրորդական է, պետք է տեսնել ծրագիրը, ինչ ծրագիր է իրականացնելու կառավարությունը։ Ծրագրերը կլինեն, մարդիկ արդյունքները կտեսնեն, հավանություն կտան։
-Հաշվի առնելով, որ սպասումները մեծ են կառավարությունից, արդյո՞ք արագ լուծումներ չլինելու դեպքում, հիասթափությունը չի մեծանա։
–Մենք չգիտենք՝ հասարակությունն ինչ սպասումներ ունի, արդյո՞ք լավ ուսումնասիրել են։
-Մարդիկ ուզում են ներդրումներ, աշխատատեղեր և այլն․․․
-Բայց արդյո՞ք դրանք են սպասումները, մարդիկ էլ ուսումնասիրություն են անում, ասում են՝ սպասումներն այն է, որ պետք է պատժել օլիգարխիային, գումարները վերադարձնել։ Մարդկանց մի մասն էլ այսպիսի սպասումներ ունի, և եթե իրականություն դառնա, գոհ կլինեն, եթե իրականություն չդառնա, գոհ չպետք է լինեն։ Դուք կարող եք ուրիշ կարևորագույն խնդիրներ լուծել, բայց այդ սպասելիքները չհամապատասխանեն հանրության սպասելիքներին։ Սա շատ լուրջ խնդիր է, և իսկապես իշխող ուժը պետք է լավ ուսումնասիրի, հասկանա՝ իսկապես ինչ են ուզում մարդիկ, ինչ սպասելիքներ ունեն։
-Ամեն դեպքում մենք հիմա էլ չունեցանք առանց օլիգարխների խորհրդարան։
-Որովհետև առաջարկված օրենքները չեն ընդունում։ Չընդունվեց նոր ԸՕ-ն, պետք է կուսակցությունների մասին օրենք ընդունվեր, և քանի որ սրանք տեղի չունեցան, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։
-Քաղաքական ուժերից ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, որ վերջին տասնամյակում շարունակ խորհրդարանում էին, չհաղթահարեցին։ Շարունակելու են պայքարը, ունե՞ն, ըստ Ձեզ, ասելիք։
-Չէ՛, ինչ ասելիք են ունեցել, որ հիմա ունենան։ Կուսակցական համակարգն ընդհանրապես մերժվել է ժողովրդի կողմից դեռ մինչև հեղափոխությունը։ Մարդիկ որևէ վստահություն որևէ կուսակցության նկատմամբ չունեին և հիմա շատ բնական է, որ հին կուսակցությունները դուրս են մնացել, և ընդամենը Ծառուկյանի կուսակցությունն է անցել, այն էլ հին իներցիայով ինչ-որ քանակի ձայներ է վերցրել՝ օգտվելով հին ԸՕ-ից։ Եվ եթե այդ փոփոխությունները լինեին, այդ ուժն էլ կշպրտեին քաղաքական դաշտից։ Իրականությունն այն է, որ մարդիկ չեն հավատում կուսակցություններին։
ՀՀԿ-ն խոշոր սեփականատերերի ակումբ էր, և ՀՀԿ-ն վերացել է, երբ կառավարությունը կորցրեց։ Այդ կուսակցությունը մեծահարուստների ակումբ էր, որը յուրացրել էր կառավարությունը և իր հարցերով էր զբաղված։ Եվ այդ լծակները կորցնելով՝ այդ ակումբը իմաստը կորցրել էր։