Friday, 04 October 2024

C Center in the Press

«25 տարվա ընթացքում տեսել ենք՝ երբ որոշ գործիչներ չեն հեռացել, ինչեր են կատարվել» (Factor.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում «ճնշման լուրջ լծակ» համարեց ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակը», որում որպես օլիգարխ ներգրավվել է նաև «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը։

«Ցանցը գցում են բոլորի համար, բայց բռնում են էն ձկներին, որոնք որ պետք են։ Հիմա կարող է մի մարդու պատճառով ինչ-որ պրոցեսներ սկսվեն, նայած թե ոնց են պահում էդ մարդիկ իրենց»,- նշեց քաղաքագետը։ Նրա խոսքերով՝ քանի որ այսօր Հայաստանում «փողի իշխանություն է», դժվար է բաժանել՝ որտեղ է սկսվում քաղաքականությունը, որտեղ՝ բիզնեսը։ «Այսինքն՝ Հայաստանի քաղաքական համակարգը պաշտանված չէ իրավական մեխանիզմներով, զուտ քաղաքական ինստիտուտներով, այլ կախված է այս կամ այն դեմքից»,- ասաց նա։ Մեր հարցին, թե սա նշանակում է, որ Հայաստանում Սամվել Կարապետյանի խոստացած 300 մլն դոլարի ներդրումները այլևս վտանգված են, Մանվել Սարգսյանը պատասխանեց․ «Միանշանակ չէ, զեկույցում գրված է, որ անպայման չէ, որ կարող է կիրառվեն սանկցիաները կոնկրետ անձանց նկատմամբ։ Սակայն մտահոգիչ է, քանի որ մեր համակարգն ի վիճակի չէ դիմանալ նման ցնցումների»։ ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը կարող է ավելի շատ հարվածել Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի ապագա քաղաքական ծրագրերին, քանի որ Սամվել Կարապետյանը իշխանության տնտեսական և քաղաքական հենարաններից է: Այս հարցին ի պատասխան՝ Մանվել Սարգսյանն ասաց․ «Սա կարող է բոլորին խփել, եթե մի տեղից սկսեն թուղթ քաշել, բոլորը փլուզվելու է»։ Քաղաքագետը նաև կարծում է, որ չնայած Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է իշխանությունը պահել՝ անթաքույց քայլերով հավակնելով վարչապետի պաշտոնին, նրա մնալը քաղաքականության մեջ կարող է վատ հետևանքներ ունենալ։ «Սերժ Սարգսյանը բերել է նրան, որ փլուզվել է թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ քաղաքական համակարգը, բայց նա ուզում է մնալ, աշխատել։ Տարիների հետ մարդկանց սկսում է թվալ, թե սա էլ կանցնի։ Անգամ Բաղրամյան 26-ի՝ նախագահականի շենքը վախենում են փոխել, որ կերպարը չփոխվի։ Բայց անցած 25 տարվա ընթացքում տեսել ենք, որ որոշ գործիչներ չեն հեռացել և ինչեր են կատարվել։ Մարդիկ պետք է հասկանան և հեռանան։ Բայց չեն հեռանում և հետո շատ ավելի դաժան ձևով են հեռանում»,- նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եթե նոր մարդիկ են եկել, հները պիտի հեռանան․«Չեն հեռանում, կյանքն է հեռացնում՝ միգուցե նորերի հետ միասին։ Քանի անգամ ենք մենք դա Հայաստանում տեսել»։ Մանրամասները դիտեք քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան

 

 

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.