Friday, 04 October 2024

C Center in the Press

Ադրբեջանը պարտվեց Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելու գործընթացում. Մանվել Սարգսյանն ամփոփում է տարին (Tert.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արցախի հակամարտության գործընթացում 2017 թ.-ին էական բաներ եղել են, քանի որ նաև ապրիլյան պատերազմից հետո նոր իրավիճակ էր ստեղծվել:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն՝ ամփոփելով ԼՂ հակամարտության գործընթացը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս տարի ամեն կերպ ցանկանում էր ազատվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու խոստումից:

«Այն, ինչ կատարվել է, այս տրամաբանության  մեջ էր, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ի, Թուրքիայի միջոցով փորձում էր չեղարկել պայմանավորվածությունները: Սակայն հայկական կողմն իրեն շատ անհասկանալի էր պահում, որովհետև ստրատեգիաներին էին հայտարարվել ապրիլյան պատերազմից հետո, սկզբունքային տարբեր բաներ պետք է արվեին, բայց մենք տեսանք, որ անընդհատ նահանջ էր արձանագրում. այն, ինչ հայտարարվել էր, չէր արվում: Հայաստանին էլ փորձում էին համոզել, որ հետ կանգնի պայմանավորվածություններից, թեպետ ՀՀԿ ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ նման բան չկա»,- ասաց նա:

Սարգսյանն, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե  Ղարաբաղի հարցում «միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով», նշեց, թե, հավանաբար, սա բխում է այն համատեքստից, որ վերջին շրջանում միջազգային հանրությունը` նույնիսկ Թուրքիան ստիպված եղան ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած մոտեցումները:

«ԱՄՆ-ի և ՌԴ–ի բանակցությունների շնորհիվ միջազգային կոնսեսուս ստեղծվեց, որ Մինսկի խմբի առաջ քաշած մոտեցումներն ընդունելի լինեն, սա նաև բխեց Ադրբեջանի որոշ գործողություններից, որոնք նրա ցանկացածի հակառակ էֆեկտը տվեցին. անգամ Թուրքիան ստիպված եղավ Մինսկի խմբի հետ առանձին հանդիպման ժամանակ ընդունել և աջակցություն հայտնել Մինսկի խմբի դիրքորոշմանը: Էլ չեմ ասում, որ Սերժ Սարգսյանը հարցը ներկայացրեց նաև ՀԱՊԿ-ում»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Ըստ քաղաքագետի` Մինսկի խմբի առաջարկների շուրջ միջազգային կոնսենսուսը ՀՀ-ի քաղաքական դիրքերն ամրապնդեց, այսինքն՝ Ադրբեջանը նաև պարտվեց Վիեննային պայմանավորվածությունները վիժեցնելու գործընթացում:

Մանվել Սարգսյանը, թեև ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտող կողմերի հանդիպումները շատ են եղել, միևնույն է, նա հաշվի է առնում արդյունքները:

«Էական չէ հանդիպումների քանակը, քանի որ Մինսկի խումբն առանձին կառույց չէ, այլև Սիրիայի և ընդհանուր այլ քաղաքական, տարածաշրջանային հարցեր են քննարկում: Նոյեմբերին Վիետնանում կայացած Պուտին-Թրամփ հանդիպումից հետո համաձայնություն եղավ, ինչն ազդեց նաև նրա վրա, որ միջազգային հանրությունը կոսնոլիդացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի շուրջ, ըստ որի՝ Արցախյան հակամարտության լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գալիք տարի ռազմական գործողությունները սանձահարելուն՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորաբանությունը, քաղաքագետն ասաց, թե որևէ պատերազմ հենց այդպես չի լինում:

«Ապրիլյան պատերազմը հենց այնպես չեղավ, դա եղավ այլ միջազգային իրավիճակների հետևանքով: Ադրբեջանն ո՞վ է, ընդհանրապես որոշումը նա միայնակ չի կարող ընդունել, անգամ մեկ կրակոց անել չի կարող: Հիշում եք չէ՞ Թուրքիայի կրակոցը ռուսական ինքնաթիռին ինչ հետևանք ունեցավ: Մի կրակոցից ամեն բան կարող ես կորցնել, դրա համար Ադրբեջանը միջազգային աջակցություն է ցանկանում, «դաբրո» է ցանկանում ստանալ: Պատերազմը շատ բարդ բան է, դրա համար դժվար է ասել՝ Ադրբեջանը կանի, թե ոչ, քանի որ Ադրբեջանն ինքն էլ չգիտի, թեպետ մեծ ցանկություններ ու երազներ ունի»,- շարունակեց  քաղաքագետը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենը, ամփոփելով խոսքը, շեշտեց, որ 2007 թ.-ին  ՀՀ-ն Արցախի հակամարտության հարցում դիվիդենտներ շահեց: Միաժամանակ Մանվել Սարգսյանն ընդգծեց, որ սա պայմանավորված էր աշխարհաքաղաքական գործոններով, քանի որ ՀՀ իշխանություններն այլ ճանապարհով էին գնում:

«Ադրբեջանի քաղաքական գիծը պարտվեց, դա իրենց քաղաքականության համար մահ էր, նույնիսկ իրենց քաղաքական վերլուծաբաններն են հայտարարում, որ իրենք տանուլ են տվել ղարաբաղյան հակամարտության գործընթացը: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան իշխանություններն այլ ճանապարհով էին գնում, որի մասին գրեց նաև ռուսական ու միջազգային մամուլը. այն է` ՀՀ իշխանությունները հանդիպումների էին գնում Ադրբեջանին լավություն անելու համար: Եթե գործընթացը մնար միայն ՀՀ իշխանությունների հույսին, ապա հակառակ պատկեր էինք ունենալու»,- եզրափակեց Մանվել Սարգսյանը:

Անի Օհանյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.