Saturday, 07 December 2024

W Weekly Update

16-23 նոյեմբերի 2024թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մինչ հանրությունը կհագենա նախորդ շաբաթավերջից բուռն քննարկման նյութ դարձած՝ Նիկոլ Փաշինյանի սափրման աղմկոտ թեմայից, ՀՀ ներքաղաքական դաշտ է նետվում ժողովրդի ուշադրությունը շեղող նոր տեղեկանյութի հերթական չափաբաժինը: Կիրակնօրյա լրահոսը հայտնում է խմբակային պաշտոնանկությունների մասին՝ վեց հրաժարական մեկ օրում: Ընդ որում՝ պաշտոնները լքում են ամենահնչեղ ու Փաշինյանին ամենամոտ գտնվող անուններ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան։

Անակնկալության ու տարօրինակության բարձր նիշը շատ հարցեր է առաջացնում, որովհետեւ կատարվածն, ակներեւաբար, խորհրդավորության շղարշով է պատված: Այդ ինչպե՞ս է լինում, որ մարդիկ մի գիշերվա մեջ, ընդամենը մեկ SMS հաղորդագրությամբ, հեռացվում են զբաղեցրած պետական պատասխանատու պաշտոններից՝ առանց պատշաճ ծանուցման ու հիմնավորման, առանց օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի՝ թեկուզ նախապես չզգուշացնելով: Իհարկե, որեւէ առարկություն չունենք վերը նշված անձանց պաշտոնանկ անելու դեմ, ավելին՝ նրանց հասնում է, մասնավորապես՝ Վահե Ղազարյանին, որը 3 տարի երբեմնի համադասարանցու, կներեք, հետույքն էր պաշտպանում:

Իսկ միգուցե տեղի ունեցածը նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված թատերական ներկայացո՞ւմ է. չէ որ մինչեւ 2026-ի խորհրդարանական ընտրություններ այնքան էլ շատ ժամանակ չի մնում, բայց իշխող քաղաքական ուժի վարկանիշի հետ կապված խնդիրը, որն արձանագրվել էր նաեւ Երեւանի ավագանու՝ 2023թ. հոկտեմբերին կայացած ընտրություններում, տակավին հաղթահարված չէ: «Թատրոնի» իմաստն ինքնին հասկանալի է՝ թող ժողովուրդը տեսնի, որ ՔՊ-ն նույնիսկ իր ամենամերձավորներին չի խնայում հանուն երկրի խաղաղ, բարօր ապագայի: Ասել կուզի՝ Փաշինյանը մաքրեց դեմքը հետհեղափոխական թրաշից, իսկ գործունեության ասպարեզը՝ արդեն բավականաչափ վարկաբեկված, հին դեմքերից:

Ամեն դեպքում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը, ինչպես նկատում են շատ ԶԼՄ-ներ, ամենանվաստացուցիչ ձեւով ազատվեց նախկին ենթականերից՝ հարկ չհամարելով նրանց դեմառդեմ, մարդավայել հայտնել իր դժգոհություններն ու հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Եվ անկախ նրանից՝ թատերականացված ներկայացում էր տեղի ունեցածը, թե՝ նոր փուլի նախերգանք, էական չէ, փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը պատրաստ է առանց աչքը թարթելու զոհաբերել հավատարիմ զինակիցներին՝ ի շահ սեփական իշխանության պահպանման: Սա պետք է դաս լինի ՔՊ-ական «ուսապարկերի» եւ, հատկապես, բոլոր նրանց համար, ովքեր արդեն զբաղեցրել կամ զբաղեցնելու են թափուր աթոռները:

Բնականաբար՝ չկա վստահություն, թե նոր նշանակումները որեւէ փոփոխություն կբերեն, իրականում այդպիսի նպատակ չի էլ դրված: Այդ աթոռների նոր տերերը ոչնչով առավել չեն լինելու նախորդներից, որովհետեւ կատարելու են մեկն անձի կողմից տրվող այն հրահանգները, ինչ իրենցից առաջ էր: Այժմ կարեւոր է հետեւել, թե որտեղ են հանգրվանելու «մերժվածները», կադրային ինչպիսի փոխատեղումներ են իրագործվելու, եւ պատկերը կամբողջանա:

Հ.Գ. Երբ գրվում էին այս տողերը, առաջին, Փաշինյանի համար ամենահրատապ նշանակումն արդեն կատարված էր՝ ՆԳ նախարար էր նշանակվել նույն համակարգում մեկուկես տարի ծառայող փոխնախարար, 30-ամյա Արփինե Սարգսյանը, որի անունը կապակցվում է «Սորոս»-ական շրջանակների հետ: Համ էլ՝ Փաշինյանը լավ գիտի, թե ինչու չի կարելի ոստիկանությունը՝ թեկուզ մեկ օրով, «անգլուխ» թողնել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նոյեմբերի 18-20-ը Վատիկանում գտնվող Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, տեղեկացրել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերջին զարգացումների մասին եւ վերահաստատել ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում Հայաստանը վճռական է տրամադրված, եւ շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Բաքվում ընթացող COP-29-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի օրենսդիրները՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորներ Էդ Մարքին եւ Շելդոն Ուայթհաուսը, հայտարարել են Հայաստանին իրենց աջակցության մասին։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հենքին նրանք կարեւորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական այլ անձանց ազատ արձակման, բռնատեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ճանաչման եւ մարդու իրավունքների հարգման առաջնահերթությունները:

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն նոյեմբերի 18-ին Ալիեւի վարչակազմին կոչ է արել «իրավական, գործնական պայմաններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ, անարգել վերադարձի համար, ինչպես նաեւ հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով»։ Միաժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվել «գույքագրել, պահպանել հայկական բոլոր կրոնական, մշակութային վայրերն ու արտեֆակտները, հետաքննել էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների եւ գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման ու փոփոխման մասին բոլոր մեղադրանքները»։

Աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը եւ հայաստանցի իր պաշտոնակցի հետ առանձնազրույց ունեցել, որին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով: Բերբոքը եւ Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցության խորացման հեռանկարներին, քննարկել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Վերջին անգամ Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Երկուշաբթի երեկոյան ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ որպես մանր եղջերավոր անասունների գործով վկա, հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե: Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է պատգամավորը՝ նշելով նաեւ, որ տեղի է ունեցել առերեսում: Աղազարյանն առնչվում է արաբական երկրներ մանր եղջերավորների արտահանման գործին: Մամուլը գրել էր, որ պատգամավորն ինչ-որ մեկի բիզնեսում հովանավորչություն է արել՝ ԱՄԷ ոչխարներ արտահանելու գործում: Նախաքննությանը հղում անելով՝ պատգամավորն այլ մանրամասներ չի հայտնել:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.