Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Պարոնայք սպանե՛ր, հերիք է սպանել

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում, հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանը: Իսկ նախորդ օրը՝ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում, հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել. դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական վարկածի համաձայն՝ մահը վրա է հասել շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Դժբախտաբար, հունվարի առաջին շաբաթվա ընթացքում բանակում դժբախտ պատահարների թիվն այսքանով չի սահմանափակվում: Հունվարի 4-ին Արցախ ՊԲ  հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մեկ այլ զորամասի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող ծանր վիրավորում է ստացել: Չնայած դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Վիրավորված զինծառայողներից մեկը, թերթի տեղեկացմամբ, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքը անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին տեղափոխել են ՀՀ Պնախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անցած տարվա նոյեմբերի 21-ին, նույն ուղղությամբ տեղակայված N զորամասում ականի պայթյունից զոհվել էր երեք զինծառայող եւ ծանր վիրավորում էր ստացել մեկը՝ 19-ամյա Նարեկ Հովեյանը:

Ինչ ասել կուզի՝ զինվորի մահը սոսկ մեկ ընտանիքի ու նրա մերձավորների անձնական դժբախտություն չէ: Ժողովրդագրական մռայլ պատկեր ունեցող պետության պարագայում, ինչպիսին Հայաստանն է, ամեն մի բանակայինի կորուստը նաեւ ազգային անվտանգության խնդիր է: Յուրաքանչյուր այդպիսի գույժ լրջորեն սասանում է Զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության հիմքերը, հոգեբանորեն ճնշում ապագա նորակոչիկներին ու նրանց հարազատներին: Բնականաբար, ոչ մի ծնող չի ցանկանա խաղաղ պայմաններում զավակին ուղարկել «կրակի բերան»:

Իսկ հանրային անվստահությունը դատարկ տեղը չի ծնվում: Դրանում թիվ մեկ մեղավորը որդեկորույս մայրերի ցասումից միշտ խույս տվող գերագույն գլխավոր հրամանատարն է, ինչպես նաեւ բանակի բարձրագույն ղեկավարությունը, որը չի կարողանում պատշաճ կարգուկանոն հաստատել համակարգում, վերջ դնել ոչ կանոնադրական բարքերին: Անշուշտ, մեղքի իրենց բաժինն ունեն մի դեպքում կոպիտ ու անտակտ հրամանատարները, որոնք կարող են ինքնասպանության հասցնել զինվորին, մյուս դեպքում կոռումպացված կլանները, որոնք ընչաքաղցության վիրուսով ախտահարել են ամենակայացած ու ամենազգայուն ոլորտներից մեկը՝ իր անունը հաղթանակով պսակած հայոց բանակը:

Ռազմական հոգեբանները կարեւորում են բռի զինվորականի անհանդուրժողության կերպարի ձեւավորումը: Նրանց կարծիքով՝ հենց այդպիսի վայ-զինվորականների պատճառով են լինում դեպքերը, որոնք սովորաբար ներկայացվում է իբրեւ հիվանդության կամ դժբախտ պատահարի հետեւանք, իսկ ավելի հաճախ՝ որպես ինքնասպանություն: Այնինչ հիմնական պատճառը, հոգեբանների եզրահանգմամբ, հրամանատարների անպատասխանատվությունն է: Տվյալ դեպքում՝ հանցավոր անպատասխանատվությունը, որովհետեւ ամեն անգամ այն մի երիտասարդի կյանքով է հատուցվում: Ի՞նչ իմանաս, թե իրականում ինչ կա թաքնված յուրաքանչյուր «դժբախտ պատահարի» ետեւում:

Ասում են՝ բանակի մասին վատը չի կարելի գրել. դա գրեթե ազգային դավաճանության պես մի բան է համարվում: Այդօրինակ լուսաբանումներն, իբր, ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Դժվար է ասել, թե որքանով է տեսակետը հիմնավոր, բայց «թշնամու կերպարով» վախեցնելու հնարքը նոր չէ: Մինչդեռ հստակ է, որ եթե համակարգում կան պետական գաղտնիք չպարունակող խնդիրներ, ապա դրանց մասին անպայման պետք է բարձրաձայնել, ավելին՝ հաշվետու լինել հանրությանը, որպեսզի վերջինս աջակցի լուծմանը, օգնի իր հավաքական փորձով ու մեծավայել խոսքով: Չէ՞ որ այդտեղ մեր զավակներն են ծառայում:

Բոլորովին այլ հարց է, որ բանակում իրոք կան «պղտոր ջրում ձուկ որսացողների» որոշակի խմբեր, որոնց համար թափանցիկությունը հավասարազոր է մահվան դատավճռի: Նրանք նախընտրում են աննկատ մնալ հանրության աչքից, հանգիստ ու անվրդով զբաղվել իրենց եկամտաբեր «բիզնեսով»: Սրանք են, որ պատրաստ են «դավաճանի» պիտակ կպցնելու ցանկացած մեկի, ով կփորձի «ջրի երես» հանել բանակում տիրող ապօրինությունները:

Առհասարակ բացթողումները վերացնելու փոխարեն դավաճաններ փնտրելը ընդհանուրիս շահերից չի բխում: Դա ոչմիտեղ տանող ճանապարհ է: Այսուհանդերձ՝ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն զսպելու իրենց ներսը կեղեքող մարմաջը, թող փորձեն «դավաճաններ» փնտրել գոնե այն շրջանակներում, որտեղ կոռուպցիայի աղբյուր են դարձրել գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ պատերազմը, զինվորի արյունը, մայրերի արցունքները:

Փաստերը համառ բաներ են: Նույն կարգի մեկ-երկու փաստերը կարող են եւ պատահականություն լինել, բայց երբ դրանք կրկնվում են բազմաթիվ անգամ՝ դառնում են օրինաչափություն: Զինվորի «ինքնասպանության» բազմաթիվ գործերում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավված իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում հետաքրքիր դիտարկում ունի` ինքնասպանություն ձեւակերպված միջադեպերում մահացած զինծառայողի մատնահետքերը` որպես իրեղեն ապացույց, վերջին հինգ տարիների ընթացքում ոչ մի գործով զենքի վրա չեն հայտնաբերվել:

Նախաքննական մարմինը, ըստ Մարտիրոսյանի, միշտ դրանք խնամքով սրբել է զենքի վրայից` փաստորեն կոծկելով զինվորի մահվան իրական պատճառը: Ավելի պարզ ասած` սպանությունը դարձնելով ինքնասպանություն: Մերկախոս չլինելու համար նա նշում է բանակում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված մի շարք քրգործեր, որոնցում բացակայում են «ինքնասպանված» զինծառայողների մատնահետքերը իրենց ամրակցված զենքերի վրա:

Ահա այսպիսի տխուր դիպվածներ, խորհրդածություններ ու վկայություններ, որոնք Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ռազմական գերատեսչությունների լուսամուտից մի փոքր ետ են քաշում վարագույրը` ցուցադրելով զինվորական կյանքի ցնցող եւ սթափեցնող որոշ պատառիկներ: Ինչպե՞ս կարելի է այս ամենը համադրել մեր ազգային անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերների հետ, որոնց մասին այսօր չի խոսում միայն ամենաալարկոտը:

Նոր տարվա առաջին շաբթում եւս երկու զինվոր, այս էլ որերորդ անգամ, զրկվեցին կյանքից: Մեկը՝ թշնամու գնդակից, մյուսը՝ դժբախտ պատահարից: Եվ անկախ վերջինիս մահվան հանգամանքներից, մեղքի ամենամեծ բաժինն իր վերադասինն է: Չէ որ զինծառայողի ողջ կյանքը` օրական 24 ժամ, անցնում է զորամասի սահմանափակ տարածքում, սպաների հսկողության տակ: Ուրեմն սպանության պատասխանատուն ամեն դեպքում այդ սպան է՝ ակամա կամ գիտակցաբար: Ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

Անզուսպ մի ցանկությամբ ուզում ես ձայնդ խառնել արդար հատուցման զուր փնտրտուքով կառավարության դռները երբեմն-երբեմն մաշող սեւազգեստ մայրերի ցասման ու բողոքի ձայնին եւ բղավել հնարավորինս բարձր, որպեսզի լսելի լինի բոլոր նրանց ունկին, ում որ հարկն է. պարոնայք սպանե´ր, հերիք է սպանել…

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: