Ամանորյա եւ Սուրբծննդյան տոներն արդեն մնացին անցյալում: 2019-ին մենք վատ չաշխատեցինք ու արժանիորեն նշեցինք Նոր տարին՝ 2020 թվականը, եւ Սուրբ Ծնունդը: Ամանորյա տոներին Հայաստանն այլ երկրներից ընդունեց աննախադեպ մեծ թվով զբոսաշրջիկներ, եւ այս մասին կարելի է ասել ոչ միայն ըստ պաշտոնական վիճակագրության: Բավական էր այդ օրերին դուրս գալ Երեւանի կենտրոն եւ ակներեւաբար համոզվել դրանում: Սակայն այս ամենն արդեն հետեւում է, եւ մենք պետք է նորից լծվենք առօրյա կյանքին ու, չբավարարվելով ձեռք բերածով, առաջ շարժվենք: Երկրի զարգացման լավ տնտեսական ցուցանիշները չեն կարող ինքնահանգստացման առիթ լինել: Դեռ կան մեր առաջընթացին, ինչեւ չէ՝ նաեւ պետության անվտանգությանը սպառնացող բազում գործոններ:
Անցած տարին ցույց տվեց, որ շատ հարցերի վերաբերյալ վերջնական պատասխաններ տակավին չի ձեւավորել եւ պարզ չէ, թե որ ուղղությամբ պետք է շարժվել: Ամենակարեւոր խնդիրը նոր Սահմանադրության մշակումն է, որն արտացոլելու է «թավշյա» հեղափոխության արդյունքում վերափոխված իրողությունները: Ավելին՝ երկրի Հիմնական օրենքը չպետք է գրվի ի նպաստ այս կամ այն կառավարող ուժի, ինչպես դա եղել է Հայաստանի անկախացումից ի վեր, այլ՝ այնպես, որ արտացոլի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հավասարակշռի կառավարման բոլոր ճյուղերը եւ ապահովի օրենքի առջեւ բոլորի հավասարությունը՝ անկախ նրանից, թե ով է տվյալ պահին իշխանության ղեկին:
Հենվելով Հիմնական օրենքի տառին ու ոգուն, Հայաստանը պետք է երաշխավորված լինի երկիրն ամբողջատիրության հասցնելու վտանգից, պետության կառավարման օլիգարխիկ համակարգի վերադարձի հավանականությունից՝ համակարգ, որի հիմքում միշտ դրված է եղել համակարգային կոռուպցիան: Սահմանադրությունը պետք է ընդունվի այնպես, որ առաջիկա 25-30 տարում դրանում ոչինչ չփոխվի: Իշխանությունն ու ժողովուրդը պետք է հասկանան, որ Սահմանադրությունն անքակտելի է, եւ ոչ ոք իրավունք չունի այն խախտել:
Առաջ շարժվելու համար հարկավոր է ընդունել օրենքներ սեփականության մասին, կուսակցությունների մասին եւ այլն: Տեղին է հիշեցնել, որ մինչ օրս Հանրապետական կուսակցության գործունեությանը քաղաքական գնահատական չի տրվել: Կարծում եմ՝ ժամանակն է այն հայտարարել անօրինական եւ լուծարել: Հակառակ դեպքում վերադարձի ու նոր ավերներ գործելու սպառնալիքը միշտ կմնա: Այս տարի հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեղեկատվական անվտանգությանը: Դրա վառ օրինակը «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում միտումնավոր մշակված ապատեղեկատվությունն էր, որը Նիկոլ Փաշինյանի անունից հերյուրանք էր տարածել, թե իբր վերջինս շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի դեմ ձեռնարկած գործողությունների կապակցությամբ: Խոսքի ազատությունը չի նշանակում ամենաթողություն: Ցանկացած ոք, ով օգտվում է սոցիալական ցանցերից եւ հրապարակում սեփական մտքերը, պետք է հիմնվի ստուգված ու հավաստի տեղեկատվության վրա, որն այնուհետեւ կարող է մեկնաբանել յուրովի: Այսինքն՝ կարդալիս բոլորը պետք է տեսնեն, թե որտեղ է պաշտոնական տեղեկատվությունը, եւ որտեղ՝ անձնական մեկնաբանությունը:
Մենք ուժային կառույցներում ունենք արժանի կադրեր, սակայն, թող նրանց համար վիրավորական չլինի, քանի դեռ այդ կառույցներում լյուստրացիա չի իրականացվել, չենք կարող առաջ շարժվել: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ մարդկանց պաշտոնական մեղադրանք են առաջադրում, իսկ նրանք անմիջապես մեկնում են արտասահման, ոմանք էլ նույնիսկ նախապես են տեղեկացվում: Այստեղ ակնհայտ սաբոտաժ կա: Փաստորեն սահմանը բաց է, եւ այս դեպքում ոչ միայն օրինախախտները կարող են լքել Հայաստանը, այլեւ երկիր կարող են ներթափանցել ահաբեկիչներ, խափանարարներ ու ամեն տեսակի քրեական հեղինակություններ, ինչպես նախկինում էր:
Եվ վերջինը: Հարցը հռետորական չէ: Մենք արդեն գրել ենք այդ մասին: Հայաստանին պե՞տք է արդյոք Սահմանադրական դատարան: ՉԺՀ-ի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Կանադանայի, Նիդեռլանդների, Բրազիլիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի պես երկրներում դատական սահմանադրական վերահսկման ինստիտուտը լիովին բացակայում է: Ինչո՞ւ աղքատ երկրիը պետք է ահռելի գումարներ ծախսի Սահմանադրական դատարանի տարեկան պահպանման համար: Ինչո՞ւ Սահմանադրական դատարանի գործառույթները չփոխանցել դատական որեւէ բարձրագույն այլ ատյանի: Դրանից կշահեն թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը:
Վերոնշյալ բոլոր խնդիրները լուծելու համար կառավարությունը չպետք է ներփակվի իր մեջ, այլ ուշադիր լսի արտախորհրդարանական կառուցողական ընդդիմության կարծիքը, որը, ցավոք, դեռեւս ամբողջովին ձեւավորված չէ: Հույս կա, որ դրա ձեւավորումը կշարունակվի այս տարի: Եթե վերը թվարկված խնդիրներն այս տարի չլուծվեն, հետագայում դա կարող է մեծ արգելակ դառնալ Հայաստանի պետականության զարգացման եւ ինքնիշխանության ամրապնդման գործում:
Արտաքին քաղաքականության բնագավառում արդեն պետք է պատրաստվել ու նախանշել մեր ռազմավարական ուղղությունները ռուս-թուրքական պայմանագրերի 100-րդ տարեդարձի համատեքստում: Այդ ռազմավարության մշակմանը պետք է ներգրավվեն ոչ միայն գործադիրի ու օրենսդիրի մասնագետները, այլեւ Հայաստանի եւ սփյուռքի հայտնի փորձագետները, քանի որ այդ հարցը կենսականորեն կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության համար: Եվ այստեղ չպետք է վախենալ, թե քո մասին ինչ կմտածեն ուրիշները: Առաջին հերթին պետք է համարձակորեն առաջ մղել սեփական ազգային շահը: Այդ դեպքում ուրիշները կհարգեն քեզ եւ հաշվի կնստեն քո կարծիքի հետ: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում` Դուխո՛վ:
Կարապետ Կալենչյան