Արցախում հունվարի 16-ի գիշերը անհայտ հանգամանքներում զինվոր է մահացել: Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, «ժամը 01:15-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական կետերից մեկում չպարզաբանված հանգամանքներում մահացու վիրավորվել է 1998թ. ծնված Հարություն Խաչատրյանը: Միջադեպի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»: Թե ինչ «չբացահայտված հանգամանքների» մասին է խոսքը, Պաշտպանության նախարարությունը լռում է:
Ընդհանուր առմամբ՝ 2018թ. սկզբից, դեռ ամիսը չավարտված, մի քանի միջադեպ եղավ: Հունվարի 4-ին ականի պայթյունից երկու զինծառայող ծանր վիրավորում ստացան, եւ ամբողջ կյանքում կմնան հաշմանդամ, հունվարի 6-ին «դժբախտ պատահարից» մահացավ Մհեր Զիրոյանը, հունվարի 7-ին ազերի դիպուկահարի արձակած գնդակը խոցեց Վաչե Չիլինգարյանին: Իսկ անցյալ տարվա նոյեմբերին՝ դարձյալ ականապայթյունից, երեք զինծառայող էր զոհվել, եւս մեկը լուրջ վնասվածք էր ստացել: Այսօրվա դրությամբ ամենավերջին միջադեպը հունվարի 17-ին էր՝ այս անգամ արդեն ՀՀ Տավուշի մարզում: Թշնամու գնդակից վիրավորվեց պայմանագրային զինծառայող, 30-ամյա Ադիբեկ Միկոյանը:
Ամենաահավորն այն է, որ մենք արդեն մի տեսակ «ընտելացել» ենք ողբերգական դեպքերի մասին լրահոսի հաղորդումներին: «Ընտելացել» ենք այն փաստին, որ այդ կորուստների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, ամեն ինչ ներվում է: Մինչդեռ հասարակությունը պետք է զինվորի մահվան յուրաքանչյուր դեպքում բողոքի իր ձայնը բարձրացնի եւ պահանջի պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սա երբեք չի կարելի հանդուրժել:
2016 թվականի ապրիլյան պատերազմը՝ ծանր դժբախտություն պատճառելով հանդերձ՝ բացահայտեց բանակաշինության մեջ եղած սարսափելի բացերը, որոնք աչքաթող էին արվել մեր ռազմական գերատեսչության կողմից: Համընդհանուր կոռուպցիան, ոչ կանոնադրական հարաբերությունները, «դեդովշչինան» տակավին բանակի «թույլ» տեղերն են: Անօրինականությունների պատճառով զինծառայողների ինքնասպանության դեպքեր են գրանցվել, իսկ մեղավորները, որպես կանոն, մնացել են անպատիժ:
2016թ. հոկտեմբերի 3-ին Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար: Այդ օրվանից մեկ տարուց ավելի ժամանակ է անցել: Ի՞նչ է փոխվել վերը նշված վիճակից: Գրեթե ոչինչ: Մինչդեռ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում նրա հետ՝ այն իմաստով, որ նոր նախարարը կկարողանա վերացնել բանակում առկա խոցերը, որոնք կուտակվել էին իրենից առաջ: Դրա համար նույնիսկ պարտադիր չէր ռազմական կրթություն ունենալ: Բավական էր ունենալ քաղաքական որոշում կայացնելու կամք: Ցանկության դեպքում կարելի էր ուսումնասիրել եւ ընդօրինակել, օրինակ, Իսրայելի փորձը, որտեղ երիտասարդ տղամարդկանց եւ կանանց ընդհանուր զինվորական ծառայության պայմաններում իսպառ բացառված են կոռուպցիայի, «դեդովշչինայի» դեպքերը, բացասական մյուս երեւույթները:
Փոխարենը պաշտպանության նախարարը զբաղված է այլ գործերով՝ «ազգ-բանակ-եկեղեցի» գաղափար է առաջադրում, բանակի օգտին ձեռնարկում հարկի-անհարկի դրամահավաքներ, սահմանափակում զինծառայողների տարկետման պայմանները եւ այլն: Մենք հասկանում ենք, որ դրամահավաքը ծանրակշիռ հավելում է բանակի կյանքը բարելավելու հարցում ու լրացուցիչ խնամք որոշակի զինծառայողների համար: Բայց երբ այս ամենի հետ մեկտեղ տեսնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով արտասահմանյան շքեղ ավտոմեքենաները (ավելի քան 50.000 դոլար արժողությամբ), ակամայից կասկածներ են առաջանում, թե ուր են իրականում գնում ամսեամիս մեր աշխատավարձերից փոխանցվող 1000-ական դրամները, եւ արդյո՞ք նրանց այդքան անհրաժեշտ են նման մեքենաները: Կամ տեսնում ենք, որ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակները դարձյալ չեն ծառայում բանակում, իսկ ոմանց համար ծառայության արտոնյալ պայմաններ են ստեղծվում:
Ժողովուրդը կորցրել է վստահությունը բանակի ղեկավարության հանդեպ եւ բացարձակապես չի հավատում նրանց խոսքերին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդն ու բանակն արդեն իսկ միավորված են առանց այդ համադրույթի ընդունման, եւ բառացիորեն հաջորդ առավոտյան հարյուրավոր կամավորներ էին երկրի տարբեր քաղաքներից մեկնել դիրքեր: Պաշտպանության նախարարը ավելի քան մեկ տարվա ընթացքում կարող էր շատ բան շտկել, բայց, ինչպես տեսնում ենք, նա չկարողացավ հաղթահարել ամենաառանցքային խնդիրները: Մնացածը պարզապես հավելված է: Կրկին ոչ մի հետեւություն չի արվելու: Լավագույն դեպքում նրան կարող են տեղափոխել մեկ այլ, ավելի հեղինակավոր պաշտոնի՝ զինծառայողների մահվան համար չենթարկելով որեւէ պատասխանատվության:
Կարապետ Կալենչյան